14:46  ,  10 ապրիլի, 2014

Յուրի Վարդանյանն ընդունել եւ պարգեւատրել է հայ ըմբիշներին

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն ընդունել է Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճած հայ մարզիկներին եւ նրանց մարզիչներին:

«Մեր մարզիկների նվաճումներն, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են, այս առաջնությունից մեր սպասելիքներն արդարացվել են՝ չնայած կարող էինք ավելին անել, եթե մրցավարները գիտակցաբար կամ անգիտակցաբար, չսխալվեին Կարեն Ասլանյանի մենամարտը գնահատելիս: Այստեղ դեր է խաղում նաեւ ՖԻԼԱ-ի մրցավարական կազմում մրցավար չունենալը», - նախարարության նիստերի դահլիճում ասել է Յուրի Վարդանյանը:

Միջոցառման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն արժանացել են տարբեր խրախուսանքների.

- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանին եւ բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանին շնորհվեց «Միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչում:

- Ծննդյան 50-ամյակի կապակցությամբ եւ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար  հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ,  օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պարգեւատրվեց ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով:

- Ծննդյան 50-ամյակի եւ մարզչական աշխատանքում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար  ՀՀ վաստակավոր մարզիչ Գեւորգ Ալեքսանյանին  շնորհվեց ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի» կոչում;

- ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի» կոչումներ շնորհվեցին նաեւ ՀՀ վաստակավոր մարզիչներ  Սամվել Գեւորգյանին եւ Սամվել Մարգարյանին, ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի 2-րդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանին:

«Մենք լուրջ ակնկալիքներ ունենք 2016 թ. Օլիմպիական խաղերից, մեր մարզիկները պետք է պարտադիր ոսկե մեդալ նվաճեն: Օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններին անձամբ կդիմավորեմ օդանավակայանում, քանի որ այդ հաղթական ճանապարհը ինքս եմ անցել ու քաջատեղյակ եմ դեպի հաղթանակ տանող բոլոր դժվարություններին»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է Յուրի Վարդանյանը, փոխանցում են Հայաստանի սպորտի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում