10:20  ,  9 ապրիլի, 2014

Կարեն Ասլանյան. Նման բան երբեք չէի տեսել

Ազնիվ խոսք, նման բան երբեք չեմ տեսել: Մարզիչիս հարցրեցի, թե ինչու եմ պարտվել, բայց նա էլ չգիտեր՝ ինչ պատասխանի: Նման բան երբեք չէր եղել: Այսքանից հետո պարտավոր եմ հաղթել ոչ միայն մրցակիցներիս, այլեւ՝ մրցավարներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 59 կգ քաշային ըմբիշ Կարեն Ասլանյանը: Աշխարհի երիտասարդական առաջնության գործող չեմպիոնն անդրադարձավ Ֆինլանդիայի Վանտա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որում Հայաստանը նվաճեց մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ, իսկ ինքը պարտվեց մրցավարական կոպիտ սխալների հետեւանքով: Այդ առիթով հունահռոմեական ոճի ըմբամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ մարզիչ Սամվել Գեւորգյանը պատրաստվում են բողոք ուղարկել ՖԻԼԱ-ին (ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա):

Կարեն, 18 տարեկանում առաջին անգամ մեծահասակների հավաքականի կազմում մասնակցեցիր Եվրոպայի առաջնությանը: Հուզմունք կա՞ր:

Շատ լավ էի նախապատրաստվել: Յուրաքանչյուր մարզիկ մրցումների է գնում հաղթելու համար, ես եւս բացառություն չէի: Գնացել էի հաղթելու, սակայն եղավ այն, ինչ եղավ: Հոգեբանական որեւէ ընկճվածություն, սեփական ուժերի նկատմամբ անվստահություն չկար: Մրցակիցներիս միակ առավելությունն իմ նկատմամբ՝ փորձն էր: Նրանք բավական մեծ են եւ ունեն հսկայական փորձ:

Պատմիր անցկացրածդ գոտեմարտերի մասին: Ինչպիսի՞ մրցակիցներ էին բաժին հասել քեզ:

Առաջին գոտեմարտում բացարձակ առավելությամբ հաղթեցի պորտուգալացի ըմբիշին՝ 8:0: Հաջորդ գոտեմարտս բուլղարացու հետ էր: Եթե դիտել եք գոտեմարտը, տեսած կլինեք, որ այնտեղ 4 միավորանոց գցում կար, սակայն ինձ տվեցին ընդամենը մեկ միավոր: Մրցավարները, մեղմ ասած, վատ էին տրամադրված մեր հանդեպ: Հետո մրցակիցս հասավ եզրափակիչ եւ ես հնարավորություն ստացա մասնակցել սփոփիչ գոտեմարտերի:

Փաստորեն, պարտվել ես Ալեքսանդր Կոստանդինովին, ով քեզ հաղթել էր փետրվարին Սոֆիայում կայացած միջազգային մրցաշարի եզրափակիչում:

Այո: Նույն ըմբիշն է: Ես նրան 8:2 հաշվով հաղթել եմ 2013-ին Եվրոպայի ազգերի գավաթի խաղարկության ժամանակ: Նա անպարտելի մրցակից չէ, եթե մրցավարներն անաչառ լինեին, այս անգամ էլ կհաղթեի:

Առաջին սփոփիչ գոտեմարտում մրցեցիր ֆին Յանի Հաապամակիի հետ: Ի՞նչ տեղի ունեցավ այդ գոտեմարտում, որում մրցավարների զարմանալի որոշումներ կայացրին:

Չգիտեմ, ազնիվ խոսք նման բան երբեք չեմ տեսել: Չէի պատկերացնում, որ գոտեմարտի ժամանակ կարող ես վաստակել մաքուր միավորներ եւ չհաշվեն դրանք: Չգիտենք, թե ինչու: Մարզիչիս հարցրեցի, թե ինչու եմ պարտվել, բայց նա էլ չգիտեր՝ ինչ պատասխանի: Նման բան երբեք չէր եղել:

Ֆին մարզիկին պառկեցրի, դա մաքուր հաղթանակ է, բոլոր մրցավարները միացան այդ որոշմանը, եղավ եզրափակիչ սուլիչը: Սակայն վայրկյաններ անց ժամանակը հետ տվեցին, իսկ ինձ պասիվության համար նստեցրին պարտեր: Այնուհետեւ իբր նրա հնարքը ոտքով փակելու համար ինձ տալիս են երրորդ նկատողությունը, այդ պատճառով գոտեմարտն ավարտվում է: Հասկանում եմ, որ մրցումները Ֆինլանդիայում էին եւ նրանց մեդալ էր պետք, սակայն նա պարտվեց հաջորդ սփոփիչ գոտեմարտում: Մրցավարներն անարդար էին նաեւ Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ:

Գոտեմարտից հետո, երբ հեռանում էիր մրցագորգից, ի՞նչ զգացողություններ ունեիր:

Այդ պահին հասկանում էի, որ ոչինչ փոխել չես կարող, ժամանակը հետ բերել՝ նույնպես: Իսկ հետո հիշում ես, որ հաղթանակն այդքան մոտ էր, կարող էիր հաղթել ու միանգամից գալիս է նորից ու նորից գոտեմարտելու ցանկությունը: Ապացուցելու բան ունեմ բոլորին: Այսքանից հետո պարտավոր եմ հաղթել ոչ միայն մրցակիցներիս, այլեւ՝ մրցավարներին, որպեսզի ոչինչ չկարողանան անել:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով