13:05  ,  7 ապրիլի, 2014

Արմեն Նազարյան. ՖԻԼԱ-ին բողոք ներկայացնելը մեծագույն սխալ կլինի հայերի կողմից

Հայաստանի հավաքականի մարզիչները, ըմբշամարտի ֆեդերացիան պետք է բողոք չներկայացնեն ՖԻԼԱ-ին. դա մեծագույն սխալ կլինի մերոնց կողմից: ՖԻԼԱ-ն այդ բողոքը չի ընդունի, իսկ մեր ըմբիշների համար կլինի ավելի վատ, նույնիսկ՝ բոլոր հայ մարզիկների համար, ովքեր չեն ներկայացնում Հայաստանը: Նրանք ամեն ինչ կփչացնեն այդ բողոքարկումով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, ով մեկնաբանեց ապրիլի 6-ին Ֆինլանդիայի Վանտա քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունը:

Պարոն Նազարյան, Եվրոպայի առաջնությունում ի՞նչ գնահատական կտաք ձեր գլխավորած թիմի եւ Հայաստանի հավաքականի մրցելույթներին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականը շատ լավ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում: Իմ գլխավորած հավաքականից շատ գոհ եմ, նվաճեցինք մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալներ: Սա հրաշալի արդյունք է ինձ համար: Չեմպիոնը 59 կգ քաշային կարգում էր, ինչն ինձ ավելի է ուրախացնում, քանի որ ես այդ քաշային կարգում եմ դարձել օլիմպիական չեմպիոն: Իմ ըմբիշներն ամեն ինչ արեցին, պայքարեցին՝ ուրախացնելով թե՛ ինձ, թե՛ բուլղարացիներին: Այս ամենի համար ես հպարտ եմ, քանի որ իմ գլխավորությամբ է հավաքականը մասնակցում Եվրոպայի առաջնությանը:

Այստեղ շատ ուժեղ մրցակցություն էր, կային երկրներ, որ Բուլղարիայից ուժեղ են, հարուստ, բայց չեմպիոն կամ փոխչեմպիոն չունեցան: Ես սպասում էի, որ ոսկիներից մեկը մեզ կհասնի, քանի որ դրա համար երկար աշխատանք էի կատարել իմ սաների հետ:

Ի՞նչ կասեք հայ ըմբիշների մասին:

Շնորհավորում եմ իմ հայրենակիցներին: Մասնավորապես, ճերմակ Արթուրի հաղթանակի համար: Նա հիանալի հանդես եկավ` առանց միավոր տալու պարտության մատնելով մրցակիցներին: Ճերմակ Արթուրը ճերմակ հաղթանակ տարավ: Իմ հայրենակիցներին շնորհավորում եմ, որ ունեն Արթուր Ալեքսանյանի պես մարզիկ` Եվրոպայի եռակի չեմպիոն: Աստված տա, որ նա ճանաչվի տարվա լավագույն ըմբիշ, ինչը ենթադրում է նաեւ աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսի նվաճում եւս: Արթուրին մաղթում եմ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոնի տիտղոսներ: Նա գրագետ գոտեմարտեր անցկացրեց, հրաշալի ըմբշամարտ ցուցադրեց եւ արժանի էր չեմպիոնական տիտղոսին:

Նույնը կասեմ նաեւ Արսեն Ջուլֆալակյանի մասին: Չնայած Արսենը նվաճեց արծաթե մեդալ, բայց նա, միանշանակ, արժանի էր չեմպիոնի տիտղոսին: Միայն թե նրան միավոր չտվեցին, ինչը միտումնավոր էր եւ նախապես ծրագրված: Մասնագիտական տեսանկյունից Արսենը գոտեմարտի վերջում իր ակտիվության շնորհիվ վաստակեց եւս մեկ միավոր, ինչը հավասարեցնում էր հաշիվը, սակայն չտվեցին նրան այդ միավորը, որ Արսենը չհաղթի: Դա վերեւներից էր այդպես որոշած, որ ռուս ըմբիշը պետք է հաղթի: Ովքեր են կառավարում ՖԻԼԱ-ն` Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հունգարիան: Բոլորին ասվել էր, որ վերջին փուլում ռուս ըմբիշին նկատողություն չտվրեր եւ այնպես արվեր, որ նա հաղթի: Որոշված էր, որ Ռուսաստանը պետք է հաղթեր: Ռուսաստանը մեծ երկիր է եւ մենք նրանց դեմ ոչինչ անել չենք կարող:

Պարոն Նազարյան, հայ ըմբիշներն անարդար մրցավարության զոհ դարձան: Մեկը նաեւ 59 կգ Կարեն Ասլանյանի գոտեմարտն էր Ձեր սանի դեմ:

Համամիտ եմ, այս անգամ հայ ըմբիշների նկատմամբ կոմնակալ վեաբերմունքը բացահայտ էր մրցավարների կողմից: Կարեն Ասլանյանը երիտասարդ, բայց խոստումնալից ըմբիշ է: Նա շատ է դուր գալիս ինձ, հեռանկարային տղա է: Եվրոպայի առաջնությունում էլ նա հրաշալի գոտեմարտեր վարեց, միայն թե հանդիպեց իմ սանին` ապագա չեմպիոնին: Ասում են, թե իմ մարզիկը դժվարությամբ պարտության մատնեց Կարեն Ասլանյանին, նույնիսկ կան խոսակցություններ, որ իմ մարզիկին շնորհվեց հաղթանակ մրցավարի համակրանքի արդյունքում: Չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ փաստն այն է, որ մենք չեմպիոն դարձանք: Բայց ֆին ըմբիշի հետ գոտեմարտը, իրոք, շատ անարդար դատեցին: Ամեն ինչ բաց էր, առանց թաքցնելու, այնպես արեցին, որ Կարենը պարտվի. դա տեսան բոլորը: Շատ տգեղ էր:

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր այդպես: Ինչո՞վ էր մրցավարներին զայրացրել հայ ըմբիշը եւ ինչո՞ւ խլեցին նրա հաղթանակը:

Ամեն ինչ շատ պարզ էր: Մրցավարներին զայրացրել էր հայերի՝ կարգապահություն խախտելը: Այստեղ սիրում են, որ ամեն ինչ կարգապահ է, իսկ մրցավարներին, կարծում եմ, զայրացրեցին մարզիչները: Բացի այդ, արդեն նշեցի, թե ովքեր են ՖԻԼԱ-ի ղեկավարությունը` Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան: Պարզ է, որ պետք է հայ ըմբիշից խլեին հաղթանակը: Այստեղ շատ դժվար է արդար հաղթանակ տանել: Պետք է 10 անգամ ավելի միավոր հավաքես, որ գոնե կես միավոր տան քեզ: Ես մասնակցել եւ գոտեմարել եմ, ես գիտեմ: Ես այդպես արել եմ Օլիմպիական խաղերում, երբ հաղթեցի 10:0 հաշվով, բայց գրանցվեց 5:1: Իսկ ես միավորները չէի հաշվում, այլ մտածում էի, որ միայն թե իմ ձեռքը բարձրացնեն:

Հայաստանի թիմի մարզչական կազմը որոշել է ֆեդերացիայի հետ բողոքարկել ՖԻԼԱ-ին: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ինչպե՞ս հայ ըմբիշներին պաշտպանեն անարդար մրցավարությունից:

Ոչ, բողոքարկել պետք չէ: Կարծում եմ՝ դա սխալ կլինի, քանի որ ՖԻԼԱ-ն չի ընդունի: Եվրոպայի առաջնության մրցավարները ՖԻԼԱ-ում մեծ համբավ եւ իշխանություն ունեն: Բողոքարկելով՝ մերոնց համար ավելի վատ կլինի: Իհարկե, սա իմ կարծիքն է, բայց եթե մարզիչները որոշել են, թող դիմեն: Իսկ թե ինչու ավելի վատ կլինի, քանի որ մոտենում են աշխարհի առաջնությունը եւ Օլիմպիական խաղերը, հայերի հանդեպ ավելի վատ կտրամադրվեն ու վատ կվերաբերվեն նրանց: Մերոնց խորհուրդ կտամ, լավ պատրաստվել եւ փորձեն շատ միավորներով հաղթել այդ մրցումներում:

Այս իրավիճակում բոլորն էլ հայտնվել են, միայն հայերի մոտ չէ: Այդպես լիներ, հիմա բոլորն էլ պետք է բողոքեին ՖԻԼԱ-ին: Ո՞ւր կհասներ այդպես, եթե ՖԻԼԱ-ն ընդուներ այդքան բողոք: Պարզապես պետք է առիթ չտան, որ հայերի հանդեպ կողմնակալ վերաբերմունք լինի: Բացի այդ, մարզիչներին դեղին քարտ ցույց տվեցին, ու եթե այսպես շարունակվի, ամեն անգամ էլ հայ ըմբիշներին նկատողություն կտան: Այդ ժամանակ արդեն կարեւոր չի լինի հայ ըմբիշը ներկայացնում է Հայաստանը, թե՝ այլ երկիր:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով