01:22  ,  7 ապրիլի, 2014

Սամվել Գեւորգյան. Այլեւս չենք լռելու, Կարեն Ասլանյանի գոտեմարտերի համար կբողոքարկենք ՖԻԼԱ-ին

Մեկ ոսկին ու մեկ արծաթը լավ արդյունք է, բայց կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել, եթե մրցավարությունն արդար լիներ: Վաղը վերադառնում ենք Հայաստան ու ֆեդերացիայի հետ բողոք կներկայացնենք ՖԻԼԱ-ին` Եվրոպայի առաջնությունում մեր գոտեմարտերը վերանայելու համար: Բոլորս շատ զայրացած ենք, այս անգամ արդեն չենք լռելու եւ մինչեւ վերջ գնալու ենք՝ արդարությունը վերականգնելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Ապրիլի 6-ին Ֆինլանդիայի Վանտա քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:

Պարոն Գեւորգյան, Եվրոպայի առաջնությունն ավարտվեց, սակայն Հայաստանի մարզչական կազմը որոշել է բողոքարկել ՖԻԼԱ-ին: Ո՞րն է խնդիրը:

Այս Եվրոպայի առաջնությունում մրցավարների կողմից բացահայտ կողմնապահություն կար Հայաստանի դեմ: Դա հատկապես արտահայտվեց 59 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանի գոտեմարտերում, երբ նրան զրկեցին ոսկու համար պայքարելու հնարավորությունից: Մարզչական խմբով արդեն որոշել ենք, որ այլեւս չենք լռելու եւ բողոքարկելու ՖԻԼԱ-ին՝ Կարեն Ասլանյանի՝ բուլղարացի եւ ֆին ըմբիշների հետ գոտեմարտերի վերաբերյալ:

Կարենն առաջին գոտեմարտում մաքուր հաղթանակ տանելուց հետո դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցեց բուլղարացի Ալեքսանդր Կոնստանտինովի հետ: Այս գոտեմարտում Ասլանյանը բացահայտ առավելությամբ առաջատար էր, բայց քանի որ մրցավարը թուրք էր, հայ ըմբիշի 4 միավորանոց գցումը հաշվեցին 1 միավոր, այնուհետեւ թուրք մրցավարի սխալ ցուցումների արդյունքում հաղթանակը շնորհեցին բուլղարացուն: Մեր հաղթանակը կոպիտ ձեւով խլեցին մեզանից: Հետո Կարենը բրոնզե մեդալի համար պայքարում հանդիպեց ֆին ըմբիշի հետ: Այստեղ առաջին մրցափուլում Կարենը հաղթում էր 4:0 հաշվով, բայց մրցավարը նրան նկատողություն տվեց՝ հաշիվը դարձնելով 4:1: Հետո Կարենին դնում են պարտեր, չգիտեմ ինչ համար: Նա պարտերում նստում է եւ պառկացնում է մրցակցին: Դրանից հետո երեք մրցավարներին է մոտենում մրցումների պատասխանատու, ֆին Կարի Տոյվոլան եւ, որպես այդ դատավորների ղեկավար, պարտադրում է, որ Կարեն Ասլանյանին նկատողություն տան եւ դուրս թողնեն պայքարից: Գոտեմարտի երեք մրցավարները չէին ցանկանում նկատողություն տալ մեր ըմբիշին, բայց ստիպված էին ենթարկվել ֆին մրցավարին եւ դադարեցնել գոտեմարտը: Ամբողջ դահլիճը զարմանքից քար էր կտրել, թե ինչպես կարելի է ըմբիշին նկատողություն տալ եւ 6 միավորի առավելության դեպքում պարտության մատնել:

Կարեն Ասլանյանը 18 տարեկան է եւ նա վստահ չեմպիոնական տիտղոսին կհասներ, եթե արդար մրցավարություն լիներ: Սա պետք է անպայման բողոքարկել, քանի որ այսպես թողնելու իրավունք չունենք: Մեր թիմն ուժեղ է եւ ամեն անգամ այսպես դառնում ենք անարդար մրցավարության զոհ՝ կորցնելով մեդալներ: Իսկ դրանից մեր մարզիկներն ընկճվում են: Մենք այստեղից էինք ցանկանում դիմել ՖԻԼԱ-ին, որ տեսնեն, թե ինչ են անում ըմբիշների հետ, բայց մեզ ասացին, որ դիմումը պետք է ուղարկենք ֆեդերացիայից: Կվերադառնանք Հայաստան ու ֆեդերացիայի ղեկավարության հետ դիմում կներկայացնենք ՖԻԼԱ-ին, որ վերանայեն մեր այդ երկու գոտեմարտերը:

Ըստ Ձեզ՝ ո՞ւմ էր պետք հայ ըմբիշներին անարդար մրցավարության զոհ դարձնելը՝ ՖԻԼԱ-ին, թե այս պարագայում ֆին մրցավարի անձնական ամբիցիաներն էին խոսում:

Դժվար է մեկնաբանել, թե ում էր պետք դա: Բոլորը զարմացած են, բոլորը խոսում են դրա մասին, թե ինչպես կարելի էր այդպես վարվել ըմբիշի հետ՝ խլելով հաղթանակը: Կապ չունի՝ ՖԻԼԱ-ում Հայաստանի ներկայացուցիչ կա, թե՝ ոչ: Իրական պատճառն այն է, որ ամեն անգամ մեր թիմի նկատմամբ նման վերաբերմունք է լինում, մեդալներ ենք կորցնում ու ամեն անգամ չենք բողոքարկում, աղմուկ չենք բարձրացնում: Մենք կարող ենք շատ մեդալներ նվաճել, իսկ ՖԻԼԱ-ի անդամներին կարծես դուր չի գալիս դա: Ամեն մեկն անարդար մրցավարության արդյունքում իր երկրի համար մեդալ է գողանում, որպեսզի ՖԻԼԱ-ին ցույց տա իր աշխատանքը. դրա պատճառով տուժվում ենք մենք:

Բոլորս շատ զայրացած ենք ու այս անգամ էլ չենք լռելու: Մինչեւ վերջ գնալու ենք, արդարությունը վերականգնելու ենք, ֆին մրցավար Կարի Տոյվոլայի նմանները պետք է ըմբշամարտում չլինեն, գոտեմարտեր չսպասարկեն: Մենք կհասնենք դրան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով