23:11  ,  5 ապրիլի, 2014

Լեւոն Ջուլֆալակյան. Հպարտ եմ, որ Արթուր Ալեքսանյանը ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին

Արթուրի գոտեմարտերից գոհ եմ: Ակնկալում էի ոսկե մեդալ, միայն թե երբեք նման ակնկալիքների մասին չեմ խոսում՝ համբերատար սպասելով այդ օրվան ու պահին: Շնորհավորում եմ բոլորիս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը` մեկնաբանելով 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում:

Պարոն Ջուլֆալակյան, շնորհավորում եմ ոսկե մեդալի կապակցությամբ: Ձեր կարծիքը Արթուր Ալեքսանյանի ելույթների վերաբերյալ:

Այսօր Արթուրն անցկացրեց հրաշալի գոտեմարտեր: Ամենակարեւորը, որ լիարժեք ճիշտ մարտաոճով շատ վստահ գոտեմարտեր էին թե՛ տակտիկապես, թե՛ տեխնիկապես: Արթուրն անցկացրեց գրագետ գոտեմարտեր՝ տանելով վստահ հաղթանակներ: Ես հպարտ եմ, որ նա ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին:

Ակնկալո՞ւմ էիք այսպիսի հաղթանակ:

Ես ակնկալում էի այս հաղթանակը, բայց նախապես չէի բարձրաձայնում: Ես սպասում էի, որ նա երրորդ անգամ կնվաճի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. միայն գա օրն ու ժամանակը, նոր կուրախանամ այդ փաստով: Աշխատում եմ ժամանակից առաջ չանցնել, բայց, որ սպասում եմ, դա հաստատ է: Գիտեմ՝ ով ինչի է ընդունակ եւ ինչի հետեւից է եկել Եվրոպայի առաջնությանը: Արթուրն առավելություն ուներ բոլոր մրցակիցների նկատմամբ: Գոհ եմ նրա՝ Եվրոպայի առաջնությունում բոլոր ելույթներից:

Ի՞նչպես կգնահատեք այսօր մրցագորգ դուրս եկած մյուս հայ ըմբիշների մրցելույթներին:

Մյուս ըմբիշներից եւս գոհ եմ: Լավ պայքարեցին, բայց եղան բացթողումներ ոչ թե մեր մարզիկների կողմից, այլ՝ մրցավարների. դա մեր ըմբիշներին խանգարեց պայքարել մեդալների համար: Այսօր տրամադրված էինք նվաճել շատ մեդալներ: Ցավոք, խանգարեցին եւ հերթական անգամ մեզանից խլեցին մեր մեդալները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով