13:10  ,  4 ապրիլի, 2014

Պողոս Պողոսյան. 77 կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանի պես ծանրորդ մենք չենք ունեցել

Ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Հայաստանի հավաքականներն արդեն Թել Ավիվում են, որտեղ ապրիլի 3-13-ը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը:

Ըստ նախնական կազմի՝ տղամարդկանց Հայաստանի հավաքականը 5 քաշային կարգերում ներկայացել է 7 մարզիկներով` Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Տիգրան Մարտիրոսյան եւ Առաքել  Միրզոյան (77 կգ), Աղասի Աղասյան (85 կգ), Ռուբեն Ալեքսանյան եւ Հայկ Հակոբյան (105+կգ):  

Հայաստանի հավաքականի վերջնական կազմը դեռ չի հաստատվել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից: Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի անունը միջազգային ֆեդերացիայի հաստատված մասնակիցների ցուցակում չկա: Սակայն, ըստ NEWS.am Sport-ի հավաստի աղբյուրների, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Մարտիրոսյանը հավաքականի հետ մեկնել է Թել Ավիվ, որտեղ ունենալու է մրցելույթ:

Այդ կապակցությամբ NEWS.am Sport-ի թղթակիցը զրույցեց տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի հետ:

Պարոն Պողոսյան, երկար լռությունից եւ վնասվածքից, Լոնդոնի Օլիմպիական խաղերից զրկվելուց հետո մրցահարթակ է դուրս գալիս Տիգրան Մարտիրոսյանը: Ի՞նչ սպասելիքներ կան նրանից:

77 կգ քաշային կարգում նրա պես ծանրորդ մենք չենք ունեցել: Տիգրանն ամենալավն է: Նա ընդունակ է ամեն ինչի: Ես հավատում եմ նրան եւ գիտեմ, որ Տիգրանի համար ամեն ինչ առջեւում է: Ցանկանում եմ, որ նա լավ հանդես գա Եվրոպայի առաջնությունում, իսկ դրանից հետո մեր ամբողջ աշխատանքները կկենտրոնացնենք աշխարհի առաջնության եւ օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու վրա: Այս անգամ նրա մոտ ամեն ինչ բարեհաջող կստացվի, միայն թե խուսափենք վնասվածքներից:

Շուտով մրցահարթակ դուրս կգան մեր ծանրորդները: Մյուսների մասին ի՞նչ կասեք:

Ունեցանք շատ լավ ուսումնամարզական հավաք, որն անցկացվեց մարտի 19-ից ապրիլի 3-ը: Այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ տղաները լավ մարզավիճակում են: Կիլոգրամների ավելացման առումով տղաների առջեւ դրված խնդիրը կատարվել է: Այն, ինչ ցանկանում էի յուրաքանչյուրից մարզումների միջոցով հասել ենք մեր առջեւ դրված նպատակներին: Բայց այս առաջնությունում տղաներից միայն պահանջում եմ, որ ինքնավստահ լինեն եւ բոլոր մոտեցումները կատարեն վստահ եւ, ամենակարեւորը, խուսափեն վնասվածքներից: Առաջնայինն ինձ համար այս մրցաշարում ոչ թե մեդալներն են, այլ կատարյալ լիարժեք մասնակցությունը եւ ոչ մի տապալում: Եվրոպայի առաջնությունը չէ այս տարվա գերնպատակը, այլ ունենք ավելի կարեւոր վարկանիշային մրցաշար՝ նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը:

Այս մրցումից առաջ արդեն կաշխատենք լուրջ կիլոգրամների վրա, պետք է կարողանանք լուրջ կիլոգրամներ բարձրացնել, որ մրցանակային տեղեր զբաղեցնենք եւ հնարավորություն ստանանք մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին: Իմ գերնպատակն է բոլոր քաշային կարգերում ունենալ վարկանիշներ եւ մասնակցել Օլիմպիական խաղերին: Դեռ երկու տարի ժամանակ ունենք: Հուսով եմ՝ տղաների օգնությամբ կհասնենք այս նպատակին:

Եվրոպայի առաջնության մասնակիցներին դո՞ւք եք որոշել եւ ինչո՞վ է պայմանավորված ձեր որոշումը այս 5 քաշային կարգերում:

Քանի որ մեր անվանի ծանրորդները երկար ժամանակ մրցահարթակ դուրս չեն եկել, նպատակահարմար եմ գտել, որ այս Եվրոպայի առաջնությանը նրանք պետք է հանդես գան: Նրանք էլ են հասկանում, որ աշխարհի առաջնությունից առաջ իրենց մասնակցությունը պարտադիր է այս մրցաշարին: Համոզված եմ, որ եթե նրանք կարողանան մեր առաջադրանքները լիարժեք կատարել, մեր ժողովուրդը կունենա ուրախանալու առիթ:

Մեդալներ, փաստորեն, չեն լինելու:

Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, ճիշտ չեմ համարում մրցումից առաջ մեդալներ խոսատանալ: Բայց եթե հնարավորություն լինի, ինչ խոսք պայքարելու ենք:

77 կգ քաշային կարգում հանդես են գալու Տիգրան Մարտիրոսյանը եւ Առաքել Միրզոյանը, ում հավաքների ժամանակ այդպես էլ չնկատեցինք: Առաքելը դարձյալ հավաքականից առանձի՞ն է մարզվում:

Այդ մասին եւ այդ թեմային առնչվող հարցերին ես չեմ պատասխանում: Դա իմ որոշումը չէ, որոշողները որոշել են այդպես, մենք մեզ համար մարզվել ենք ինչպես հարկն է, Առաքելն էլ՝ իր համար: Ամեն ինչ կերեւա մրցահարթակում՝ ով ինչպես է մարզվել եւ ինչ արդյուք է տվել այդ մարզումը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս