09:42  ,  2 ապրիլի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Երբեք չեմ փորձել կրկնօրինակել Զիդանի խաղաոճը

Իսկապես, դեռ մանկության տարիներից ֆուտբոլային կուռքս Զիդանն էր, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 25-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ միշտ հետեւել է Ֆրանսիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանին, ով այժմ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն է։

«Ինձ հիացնում էր նրա խաղը, ֆրանսիացին դարձավ ինձ ոգեշնչողը։ Երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրա խաղը։ Շարունակում եմ մնալ Մխիթարյան։ Ունեմ սեփական խաղաոճ եւ գոհ եմ դրանից»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բորուսիան» արտագնա հանդիպում կանցկացնի Արքայական ակումբի հետ։ Ապրիլի 2-ին կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում