17:44  ,  1 ապրիլի, 2014

Լուկա Մոդրիչն առանձնացրել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին

Ռոյսը, Մխիթարյանը եւ Օբամեյանգը հզոր խաղացողներ են, ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը, խոսելով Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության մասին, անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին:

«Գիտենք, թե ինչպես են խաղում դորտմունդցիները եւ ինչքան վտանգավոր են նրանք հակագրոհների ժամանակ: Սպասվում է բարդ հանդիպում: Նախորդ մրցաշրջանում մենք հանդիպել ենք 4 անգամ: Պետք է ուշադիր լինենք գնդակով՝ չկորցնելով այն եւ արագ վերադասավորվել, երբ գրոհում է մրցակիցը: Պետք է զգույշ լինենք Ռոյսից, Մխիթարյանից եւ Օբամեյանգից: Նրանք հզոր խաղացողներ են:

Կարծում եմ՝ առաջին խաղը տանը կամ հյուրընկալվելիս անցկացնելը առավելություն չէ: Հուսով եմ՝ մեզ կհաջողվի դուրս գալ կիսաեզրափակիչ: Սա եւս մեկ խաղ է հրաշալի թիմի դեմ: Չենք կորցրել կենտրոնացվածությունը եւ վաղն ամեն ինչ կանենք հաղթանակի համար»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Բորուսիայի» միջեւ առաջին խաղը կկայանա ապրիլի 2-ին Մադրիդում: «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հանդիպումը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում երրորդ դեղին քարտը ստանալու պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում