22:58  ,  31 մարտի, 2014

Հռիփսիմե Խուրշուդյան. Շատ դժվարությամբ որդուս թողել եմ եւ եկել հավաքի

Շատ դժվարությամբ, բայց մեծ սիրով որդուս թողել եմ եւ եկել Աբովյան քաղաք ուսումնամարզական հավաքների: Արդեն 12 օր է, ինչ հավաքի ենք, եւ ես իմ տղային տեսնում եմ միայն տեսազանգի միջոցով: Դժվար է, բայց ես ունեմ նպատակներ, որոնք պետք է իրականացնեմ: Մեկնում եմ Եվրոպայի առաջնության:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական հաղերի բրոնզե մեդալակիր, ծանրամարտի 2014 թվականի Հայաստանի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն, ով այս օրերին Հայաստանի կանանց հավաքականի հետ հավաք է անցկացնում Աբովյան քաղաքի մարզաբազայում:

Ապրիլի 3-ից 13-ը Թել Ավիվում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հռիփսիմե, մայրանալուց հետո քո առաջին միջազգային մրցելույթն է լինելու: Ինչպե՞ս ես պատրաստվում այս մեկնարկին:

Այո, սա իմ  առաջին մրցահարթակն է, որը պետք է հաղթահարեմ: Պատրաստվում եմ հավաքականի հետ, սա ինձ համար շատ կարեւոր մրցաշար է, բացի այն, որ առհասարակ Եվրոպայի առաջնությունը կարեւոր է, նաեւ ինձ համար է կարեւոր, քանի որ մինչ այդ առաջին մրցաշարս դադարից հետո եղել է Հայաստանի առաջնությունը: Սա իմ երկրորդ մրցաշարն է ու միանգամից Եվրոպայի առաջնություն:

Իսկ ինչպե՞ս է որդիդ մնում առանց քեզ կամ դու ինչպե՞ս ես անցկացնում հավաքի ընթացքում օրերդ առանց տղայիդ:

Սա արդեն երրորդ հավաքն է, որ ես մասնակցում եմ եւ երրորդ անգամ է նրան երկու շաբաթով թողնում եմ տատիկի մոտ: Դժվար է բավական առանց նրա, բայց երբ ունենում ես նպատակ, այդ դժվարությունները հնարավոր է լինում հաղթահարել: Տղայիս թողել եմ տատիկի, այսինքն` իմ սկեսուրի մոտ: Նրանք միմյանց շատ լավ հասկանում են, ու իմ պակասը նույնիսկ չի զգում տղաս: Իսկ ես նրան շատ եմ կարոտում, կարոտս առնում եմ սկայպի միջոցով:

Իսկ հոգեբանորեն կարոտը ճնշո՞ւմ է, շեղո՞ւմ է մարզումների վրա կենտրոնանալուց:

Կարոտը շատ է տանջում, բայց փորձում եմ ամեն գնով չտրվել կարոտին եւ հաղթահարել: Ամեն վայրկյան մտածում եմ, որ ես նպատակ ունեմ ու թուլանալու իրավունք չունեմ: Իրականում, ամեն ինչն էլ հաղթահարելի է, պետք է միայն համարձակություն ունենալ:

Հռիփսիմե, հոգեբանորեն ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել մայրանալուց հետո:

Մայրանալուց հետո շատ բան է փոխվել իմ մեջ: Իմ մոտեցումն այս մարզաձեւին, մարզումներին, հավաքներին, մրցումներին ավելի նպատակային է դարձել: Այս անգամ օլիմպիական ուղեգիր նվաճելու, մասնակցելու եւ մեդալ նվաճելու ցանկությունս ու ձգտումս ավելի մեծ է ու հիմնավորված, որպեսզի նախ՝ ինքս ինձ, հետո նաեւ ինձ հավատացողներին եւ ինձանից սպասելիքներ ունեցողներին ուրախացնեմ իմ հաղթանակով: Իսկ այդ ամենը սկսում եմ Եվրոպայի առաջնությունով: Սա իմ նպատակներից առաջինն է: Իսկ այդ ամենին հասնելը շատ բարդ է մայրանալուց հետո: Երբ այս դադարից հետո կանգնեցի ծանրաձողի առջեւ, այնպիսի տպավորություն էր, կարծես առաջին անգամ էի կանգնում կյանքում ընդհանրապես: Իսկ այսօր արդեն կարողացա 100 կգ բարձրացնել: Առաջին անգամ էի այդ քաշը բարձրացնում ծննդաբերելուց հետո:

Եվրոպայի առաջնությունից ի՞նչ ակնկալիքներ ունես:

Խնդիր ունեմ ինքս իմ առջեւ դրած, որ դուրս գամ միջազգային մրցահարթակ, զգամ մրցահարթակը, կենտրոնանամ ու հոգեբանորեն ինձ տրամադրեմ մրցում ասվածին, եւ այդպես ինքս ինձ նախապատրաստեմ աշխարհի առաջնությանը: Սա թերեւս փորձ է ինձ համար, հարթակ՝ ինքնադրսեւորվելու համար: Չեմ կարող ասել, թե գնում եմ մեդալի հետեւից: Իմ առջեւ խնդիր կա դրված 6 մոտեցումներն էլ հաջողությամբ ավարտել: Եթե հասկանամ, որ ունեմ մեդալի համար պայքարելու տարբերակ, կպայքարեմ, եթե ոչ, առայժմ միայն կբավարարվեմ լավ մասնակցությամբ:

Դժվարանո՞ւմ ես մարզումներում:

Շատ (ծիծաղում է): Չեմ կարողանում մարզվել այնպես, ինչպես Լոնդոնից առաջ էր: Այն ժամանակվա բարձրացրած կիլոգրամներն ու այժմյան կիլոգրամները շատ տարբեր են, նույնիսկ, հեռու են իրարից: Այն ժամանակ պոկում վարժության կիլոգրամներն այժմ հրում վարժությունում եմ անում: Հուսամ, ամեն ինչ իր տեղը կընկնի, աշխարհի առաջնության ժամանակ արդեն ամեն ինչ լավ կլինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս