12:38  ,  29 մարտի, 2014

Հենրիխ Մխիթարյան. «Ռեալը» չափազանց ուժեղ մրցակից է

Արքայական ակումբը չափազանց ուժեղ է։ Սակայն դուրս ենք եկել քառորդ եզրափակիչ, եւ դա նշանակում է, որ մենք նույնպես վատ թիմ չենք, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Derwesten կայքին տված հարցազրույցում` անդրադառնալով նաեւ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։

«Չեմ կարող ներկա լինել դասախոսություններին, սակայն Հայաստանում գտնվելու ժամանակ նախապատրաստվում եմ քննություններին։ Երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում։ Այդ պատճառով դեռ չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ ֆուտբոլային կարիերայից հետո։ Տնտեսագիտությո՞ւն, թե իրավաբանությո՞ւն. միայն այդ ժամանակ կկարողանամ ընտրություն կատարել։

Մինչեւ «Բորուսիա» տեղափոխվելս միշտ կենտրոնացած էի, լարված։ Փոխվել եմ մի քիչ։ Փորձում եմ հանգստանալ եւ անընդհատ չմտածել ֆուտբոլի մասին։ Երբ անընդհատ խոսում եք խաղի մասին, դա ձանձրացնում է։ Այսպիսի թիմի, մարզիչի, մարզչական շտաբի հետ կարող եմ անընդհատ բարելավել խաղս։ Ցանկանում եմ լինել ավելի լավը, որպեսզի օգնեմ «Բորուսիային» լինել ավելի լավը։ Ուզում եմ մտածել միայն թիմիս մասին։ «Բավարիայի» համար իր խաղաոճը լավն է, սակայն ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Բորուսիան»։

Բարդ հանդիպում է սպասվում «Շտուտգարտի» հետ։ Մեզ հարկավոր է երեք միավոր։ Ոչ միայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստները բաց կթողնեն «Ռեալի» հետ խաղը, այլ նաեւ Ռոբերտ Լեւանդովսկին։ Սակայն սա ֆուտբոլ է։ Այնուամենայնիվ պետք է կենտրոնանանք այդ հանդիպման վրա, քանի որ «Ռեալն» աշխարհի լավագույն թիմերից մեկն է։ Արքայական ակումբը չափազանց ուժեղ է։ Սակայն դուրս ենք եկել քառորդ եզրափակիչ, եւ դա նշանակում է, որ մենք նույնպես վատ թիմ չենք։ Բոլորը նույն մակարդակի վրա են գտնվում։ Բոլորը կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունեն»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բորուսիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում