16:48  ,  10 մարտի, 2014

Կունգ-ֆուի Հայաստանի հավաքականը՝ Եվրասիայի գավաթակիր (ֆոտո)

Հայաստանի Կունգ-ֆուի ֆեդերացիայի հավաքականը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մարտի 8-ից 9-ը մասնակցել է Եվրասիայի գավաթի խաղարկությանը, փոխանցում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։

Հայաստանի հավաքականը նվաճեց 10 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալների քանակով (10) նույնպիսի արդյունք գրանցեց միայն Վրաստանի հավաքականը, ինչի արդյունքում երկու հավաքականներն էլ արժանացան մրցաշարի գավաթին: 

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցեցին նաեւ Արցախի ներկայացուցիչները՝ մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ֆեդերացիայի նախագահ Հայկ Հարությունյանի խոսքով՝ չնայած բավականին դժվար եւ լարված մրցապայքարին (քանի որ մրցաշարին մասնակցում էին Ադրբեջանը ներկայացնող 3 թիմեր) հայ մարզիկներին հաջողվեց լավ արդյունք գրանցել: Մրցաշարին մասնակցում էին 6 երկրներ։

Մրցաշարը հաջող ստուգատես էր 2014-ի հուլիսի 25-ից 30-ը Պեկինում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ, որին առաջին անգամ կմասնակցի Հայաստանի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում