19:53  ,  7 մարտի, 2014

Ռոբերտ Շտիգլից. Հնարավոր է՝ Աբրահամի թիմը կաշառել է մրցավարներին

Հնարավոր է՝ Աբրահամի թիմը կաշառել է մրցավարներին: Մենք չենք ընդունում արդյունքը եւ բողոքարկել ենք մրցավարների որոշումը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, որը գոտին տանուլ տվեց Արթուր Աբրահամին:

Ռոբերտ, Արթուր Աբրահամի հետ մենամարտից անցել է վեց օր: Մենամարտից անմիջապես հետո Դուք հայտարարել էիք, որ համաձայն չեք մրցավարների որոշման հետ: Այժմ դիտելով մենամարտի տեսագրությունը՝ Դուք մնացե՞լ եք նույն կարծիքին:

Իմ կարծիքը չի փոխվել: Ես աշխարհի չեմպիոն եմ: Ես այդ մենամարտում չեմ պարտվել:

Այդ դեպքում, ինչի՞ հետ եք կապում մրցավարների որոշումը:

Չգիտեմ: Մենք ցանկանում ենք ամեն ինչ պարզել: Հնարավոր է, որ նրանք կաշառված են եղել: Մենք բողոքարկել ենք այդ որոշումը: Կարելի է դիտել տեսագրությունը: Այնտեղ ամեն ինչ երեւում է՝ թե ով է հաղթել, ով է պարտվել: Ուիլֆրիդ Զաուերլանդը եւ նրա թիմը Արթուրի պրոմոուտերներն են: Նրանք շատ հարուստ մարդիկ են եւ ունեն մեծ կապեր: Գուցե, նրանք կաշառել են որեւէ մեկին: Մենք ցանկանում ենք ամեն ինչ հետաքննել:

Ե՞րբ կլինի ձեր բողոքարկման պատասխանը:

Չգիտեմ: Ես իմ կյանքում երբեք այդպիսի հարցերի հետ գործ չեմ ունեցել: Կարծում եմ՝ դեռ պետք է սպասել:

Դուք շատ ակտիվ սկսեցիք մենամարտը, բայց վերջին ռաունդներում գցեցիք տեմպը, նույնիսկ, նոկդաուն եղավ: Դուք հոգնել՞ էիք, թե Արթուրը Ձեզ համար անսպասելի քայլերի դիմեց:

12-րդ ռաունդում ես գրեթե ուժասպառ էի եղել: Դա նոկդաուն չէր: Ուժերս սպառվում էին, եւ ես ծնկի իջա: Դա մարտավարական քայլ էր: Ես ցանկանում էի կարճ դադար վերցնել: Իսկ Արթուրը հարվածեց ինձ մրցավարի «ստոպ» հրամանից հետո: Նա հարվածեց ծոծրակիս: Դրանից հետո չորս օր ուժեղ գլխացավ եմ ունեցել: Ուորդի հետ Արթուրի վերջին մենամարտում Աբրահամին որակազրկեցին, բայց ես դրան ուշադրություն չէի դարձրել:

Նախատեսո՞ւմ եք չորրորդ մենամարտն Արթուր հետ:

Չգիտեմ: Տեսնենք, թե ինչ կլինի: Սպասենք մեր բողոքարկման պատասխանին: Դրանից հետո կորոշենք մեր անելիքը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում