17:52  ,  27 փետրվարի, 2014

Հռիփսիմե Խուրշուդյան. Այս տիտղոսով ապացուցեցի, որ պատրաստ եմ վերադառնալ մեծ սպորտ

Ինձ համար շատ դժվար էր 1.5 տարվա ընդմիջումից հետո կրկին դուրս գալ մրցահարթակ եւ կրկին ծանրաձող բարձրացնել: Հայաստանի առաջնության ժամանակ ծանրաձողի առջեւ ես ունեցա նույն ապրումներն ու զգացողությունները, ինչ Լոնդոնի Օլինպիական խաղերի ժամանակ: Ապացուցեցի, որ պատրաստ եմ վերադառնալ մեծ սպորտ: Հայաստանի առաջնությունով ես վերադարձա սպորտ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը։ Երեւանում կայացած ծանրամարտի կանանց Հայաստանի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է Հայաստանի չեմպիոն: Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը 2013-ի հունիսին երեխա ունեցավ եւ դադարեցրել էր մարզումները:

Հռիփսիմե, շնորհավորում եմ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Սա քո վերադա՞րձն է մեծ սպորտ:

Այո: Սա իմ վերադարձն է: Ես խոստացել էր, որ կվերադառնամ: Չնայած խոստացել էի մեկ տարով հեռանալ, բայց ավելի երկարաձգվեց դադարս՝ 1.5 տարի: Հիմա արդեն նոր ուժերով ու հավատով ես կմարզվեմ եւ կներկայացնեմ Հայաստանը միջազգային մրցաշարերում: Սա համարում եմ իմ սպորտային կարիերայի նոր մեկնարկը, որը հաջողությամբ պսակվեց:

Որքանո՞վ էր բարդ տեւական ժամանակ անց, այն էլ մայրանալուց  հետո կրկին բարձրացնել ծանրաձող:

Իրականում ինձ համար շատ բարդ էր, թե ֆիզիկական առումով, թե հոգեբանական: Ես մրցահարթակը չէի զգում, ես դուրս էի եկել մրցահարթակ, այն վերստին զգալու համար: Ցանկանում էի համոզվել, որ ամուր եմ կանգնած հարթակի վրա, եւ որ ես կարող եմ դա անել: Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ էին ինձ պատել: Ասես՝ կյանքում առաջին անգամ կանգնած լինեի ծանրաձողի առջեւ: Այն նույն անհանգստությունն էր տիրում, ինչ Օլիմպիական մրցահարթակում: Անդադար ինձ համոզում էի, որ ես կարող եմ բարձրացնել, որ չպետք է տապալեմ, որ այդքան դժվարությամբ ձեռք բերած մարզումներս մայրանալուց հետո պետք է զուր չլինեն: Ես այժմ մի նպատակ ունեմ՝ մրցահարթակ դուրս գալիս ես պետք է վերադարձնեմ մարդկանց հավատն իմ հանդեպ: Մարդիկ, երկրպագուներս, մարզիչները, սպորտի ոլորտի ներկայացուցիչները ինձ պետք է կրկին հավատան, եւ ես կհասնեմ դրան։ Պետք է հավատան, որ ես կարող եմ կրկին լինել սպորտում:

Ինչպե՞ս ես համատեղում: Մարզումներիդ չի խոչընդոտում  7-ամյսա որդիդ:

Ոչ, նա ինձ ուժ է տալիս: Նա ինձ հրաշալի հասկանում է: Տանն ունեմ սկսեսուր, սկեսրայր, հասկացող եւ ինձ օգնող ամուսին, ովքեր ինձ օգնում են որդուս հարցում: Ուրախ եմ, որ այդ հարցում ինձ հաջողությունը ժպտացել է, նույնիսկ ուրախ եմ, որ որդիս ավելի շատ մտերիմ է տատիկին եւ շատ լավ մնում է տատիկի մոտ եւ ինձ թույլ տալիս զբաղվել իմ մասնագիտությամբ: Օրինակ՝ ես արդեն առանց վարանելու գնում եմ ուսումնամարզական հավաքների՝ 12 օրով, իսկ տղաս այդ ընթացքում մնում է տատիկի մոտ: Չեմ անհանգստանում, քանի որ վստահում եմ: Օրական 2.5 ժամ մարզվում եմ մարզադահլիճում: Այնպես որ անհնար ոչինչ չկա: Եթե ցանկություն կա, նույնիսկ, մայրանալուց հետո զբաղվել սպորտով՝ դու բոլոր հնարավորությունները կգտնես քեզ համար:

Ի՞նչ կասես Հայաստանի առաջնության մասին: Մե՞ծ էր մրցակցությունը:

Մրցակցությունը մեծ չէր, քանի որ իմ քաշային կարգում չորս մասնակից էին: Բայց ես նրանց շարքերում ինձ մրցակից չէի համարում, քանի որ նրանք շատ ուժեղ էին: Իրականում ես դեռ բավական թույլ եմ եւ մեծ աշխատանք ունեմ անելու:

Իրականում ես մրցակցության չէի դուրս եկել, դուրս էի եկել ուղղակի ուժերս չափելու, քանի որ 1.5 տարի մրցահարթակ դուրս չգալը մեծ ժամանակ է մարզիկի համար: Ես ինձ մրցակից չէի համարում, քանի որ տեսնում էի, թե որքան մարզված են, երկար ժամանակ են տրամադրել մարզումներին, իսկ ես ասես նոր-նոր քայլեր անեմ: Բայց ստացվեց ուժերս համախմբեցի եւ բարձրացրեցի երկու վարժություններում էլ։

Այժմ պատրաստվում եմ ապրիլի 3-13-ը Իսրայելում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Իմ մրցելույթի օրը ապրիլի 12-ն է: Մինչ այդ կանցկացնեմ եւս մեկ ուսումնամարզական հավաք կանանց հավաքականի հետ: Ու այդպես մինչեւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով