18:49  ,  2 մայիսի, 2012

Որոշ թիմեր բոյկոտում են Հայաստանի առաջնությունը

Որոշ թիմեր իրենց մարզիչների հորդորներով չեն մասնակցում Երեւանում մեկնարկած գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային եւ անհատական առաջնությանը, քանի որ այն կազմակերպել է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը։  Պատճառը մարզիչների բողոքն է հավաքականի գլխավոր մարզիչի փոփոխության դեմ։  Օրինակ՝ պետք է մասնակցեին Գյումրիի եւ Կապանի թիմերը, սակայն չեն ժամանել։ Երեւանից առաջնությանը պետք է ներկայանար 3 թիմ, բայց դեռ մեկ թիմ է ընդգրկված։ Մասնակիցների վերաբերյալ ավելի ստույգ տվյալները կլինեն առաջնության հաջորդ երկու օրերին։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գայանե Ներսիսյանը։

Մինչեւ առաջնության մեկնարկը NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել էր Գայանե Ներսիսյանի հետ։

Գեղարվեստական մարմնամարզությունում ներկայումս քանի՞ մարմնամարզուհի ունենք, որոնք պատրաստ են աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացնել։

Շատ լավ երեխաներ ունենք, որոնց հետ մեծ հույսեր եմ կապում։ Օրինակ՝ Լիլիթ Հարությունյանը՝ 1995 թվականի ծնված։ Հուսանք, 2016թ. Օլիմպիական խաղերում բարձր վարկանիշով նրան կներկայացնենք։ Չնայած նա շատ լավ փորձ ունի, տեխնիկա, բայց առաջեւում կա  4 տարի եւ մենք այդ 4 տարվա ընթացքում կաշխատենք նրա վրա, որպեսզի մյուս անգամ օլիմպիական ուղեգիր ունենանք։ Նախորդ մրցումներում, որոնք տեղի ունեցան Ռիգայում՝ մարտի 16-ին, նա գրավեց 7-րդ տեղը եւ այնպիսի բարձր բալեր հավաքեց, որ, նույնիսկ, իրենից ետ թողեց այն երեխաներին, որոնք հիմա պետք է գնան օլիմպիադա։ Այսօր պատրաստի մարմնամարզուհի կարելի է ասել միայն Լիլիթն է։ Ի դեպ, Լիլիթը անցյալ տարի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 47-րդ, իսկ աշխարհի առաջնությունում` 73-րդ տեղը: Աշխարհի առաջնությանը հաջորդել են եւս 2 միջազգային մրցաշարեր՝ Իտալիայում եւ Ուզբեկստանում, երկուսում էլ Լիլիթը զբաղեցրել է 2-րդ տեղ։

Նրա նման մարմնամարզուհիներ դեռեւս չունենք։ Քիչ են սպորտի վարպետ երեխաները։ Բայց դա երեխաների ունակությունների խնդիրը չէ։ Դա գալիս է մեր մարզումներն անցկացնելու պայմանների խնդիրներից։ Չունենք համապատասխան դահլիճ, որտեղ կարողանանք առավոտից երեկո մարզվել։ Ձմռան ամիսներին մեր դահլիճը չի ջեռուցվում, ստիպված ուրիշ դահլիճներում ենք տեղավորվում, բայց դրանք նախատեսված չեն գեղարվեստական մարմնամարզության համար եւ հարմար չեն։ Ցածր առաստաղով դահլիճներ են։ Սա է հիմնական պատճառը, որ լիարժեք աշխատանք չի տարվում։ Մենք մարզվում ենք Ծիծեռնակաբերդի հարեւանությամբ գտնվող գեղարվեստական մարզմնամարզության մարզադպրոցում։ Դա ահռելի մեծ տարածություն ունեցող դահլիճ է, ինչի պատճառով ձմռան ամիսներին տաքացնելու խնդիր է առաջանում։ Պետությունը չի կարողանում տրամադրել մեծ գումարներ, որ տաքացնենք, իսկ երեխաներին մենք չենք կարող այդ ցուրտ դահլիճներում մարզել։ Ստիպված տեղափոխվում ենք այլ մարզադպրոցներ, որոնք տարբեր ժամերի ունենում են տարբեր մարզաձեւերի մարզումներ։ Հիմնականում մենք ենք իրենց հարմարվում, որպեսզի չխանգարենք իրենց մարզումներին եւ կարողանանք այդ մի քանի ամիսն անցկացնել։


Գեղարվեստական մարմնամարզության 4 մրցաձեւերից՝ օղակ, ժապավեն, գնդակ եւ գուրզեր, ո՞ր մրցաձեւն է ավելի նախընտրելի հայ մարմնամարզուհիների շրջանում։

Մեր մարզուհիները ամենաշատը ժապավենով մրցաձեւն են սիրում, իսկ դա ամենաբարդն է գեղարվեստական մարմնամարզությունում։

Հայաստանում ի՞նչ մասսայականություն է վայելում  գեղարվեստական մարմնամարզությունը։

Սիրված է... Այսօր կարող ենք վստահ այդպես բնութագրել հասարակության վերաբերմունքը այս մարզաձեւի հանդեպ։ Բանն այն է, որ արդեն ունենք հաճախումների եւ մարզվել ցանկացողների մեծ հոսք։ Շատ-շատ են ցանկացողները։ Առաջ, եթե ընտրում էինք երեխաներին՝ ըստ իրենց կառուցվածքի եւ մարմնի համապատասխանության, փորձում էինք մեզ պիտանի, ճկուն երեխաների ընտրել։ Այսօր, ով գալիս է, բոլորին ընդունում ենք, հետո նոր նրանցից զատում լավագույններին, որոնք կարող են հետագայում շարունակել։ Այս մարզաձեւն արդեն մասսայական է դարձել։ Միայն կցանկանայի, որ այս մարզաձեւով երեխաները սկսեին զբաղվել ոչ թե անհատական հաճախումների արդյունքում, այլ հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի դասընթացներից։ Մեր օրերում հանրակրթական դպրոցներում մարմնամարզության ժամեր կային։ Այդ շրջանում ավելի լայն մասսայականություն ուներ այս մարզաձեւը, սիրված էր։ Շատ կցանկանայի այս հարցը բարձրացնել կրթության նախարարությունում, որպեսզի շաբաթական գոնե 2 ժամ ֆիզկուլտուրայի դասաժամերից աղջիկներին տրամադրեն առաձին գեղարվեստական մարզմնամարզության դասընթացներ։ Նույնսիկ դպրոցական տարիքն արդեն ուշացած է, քանի որ 4-5 տարեկանից երեխան կարող է զբաղվել գեղարվեստական մարմնամարզությամբ։ Ըստ ծրագրի, տարիքը սկսվոմ է 7 տարեկանից, բայց ես որպես մասնագետ խորհուրդ կտամ ավելի վաղ տարիքից երեխային տանել մարզումների։ Կան լավ երեխաներ, որ 4-5 տարեկանից երեւում է նրանց ունակությունները, ճկունությունը։ Փոքր տարիքից կարելի է այդ ճկունությունն օգտագործել։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով