01:51  ,  3 փետրվարի, 2014

«Ռեալը» չօգտվեց «Բարսելոնայի» վրիպումից, Ռոնալդուն չխուսափեց կարմիր քարտից

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր Բիլբաոյի «Աթլետիկին»: Հաղթանակի դեպքում Արքայական ակումբը կշրջանցեր այս տուրում «Վալենսիային» պարտված կատալոնական «Բարսելոնային» եւ կբարձանար երկրորդ տեղ, սակայն Կարլո Անչելոտիի թիմը միավորներ կորցրեց: Բիլբաոյում գրանցվեց 1:1 հաշիվը:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Խաղի հաշիվը 65-րդ րոպեին բացեց «Ռեալի» իսպանացի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը, սակայն հյուրերի ուրախությունը երկար չտեւեց, քանի որ 9 րոպե անց իսպանացի կիսապաշտպան Իբաի Գոմեսը խփեց բասկերի պատասխան գնդակը: Այդ գոլից քիչ անց կարմիր քարտ ստացավ «Ռեալի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղադաշտից հեռացվեց դաշտի տերերի պաշտպան Կարլոս Գուրպեգիին հարվածելու համար: Խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում, սակայն դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Կարլո Անչելոտիի թիմը 54 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային», իսկ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 57 միավոր հավաքած Մադրիդի «Աթլետիկոն»: Բասկերը 42 միավորով չորրորդն են:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր 

«Աթլետիկ» - «Ռեալ»՝ 1:1

Իբաի Գոմես, 74 – Խեսե Ռոդրիգես, 65

Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու, 76 («Ռեալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում