19:03  ,  26 հունվարի, 2014

Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Վեյկ Ան Զեեի մրցաշարը

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess մրցաշարը: Վերջին՝ 11-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված հայ գրոսմայստերը սեւերով պարտվեց հոլանդացի Լյուկ վան Վելիին: ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարն իր պարտությունն ընդունեց 38-րդ քայլում:

Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ Լեւոն Արոնյանը հավաքել էր 8 միավոր՝ չորրորդ անգամ ապահովելով Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթողի տիտղոսը: Նա կրկնեց 2007-ի, 2008-ի եւ 2012-ի արդյունքը: Նախորդ տարի հայ գրոսմայստերը Վեյկ Ան Զեեում գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով ՖԻԴԵ-ի առաջատար Մագնուս Կարլսենին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում