16:34  ,  21 հունվարի, 2014

Սոչի-2014. Հայաստանի չորս օլիմպիականները հայտնի են

Սոչիի Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյան: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

«Այսօր` հունվարի 21-ին կայացավ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ժամանակ որոշվեց միջազգային ֆեդերացիայի տրամադրած երկու սպիտակ քարտերի հասցեատերերը` կանանց մրցաշարում 10 կմ ազատ ոճի Հայաստանի չեմպիոն Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Միջազգային ֆեդերացիան մեզ տրամադրել էր չորս ուղեգիր, որից երկուսը մեր մարզիկներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը նվաճել էին վարկանիշով: Մյուս երկու օլիմպիականները Սոչի կմեկնեն սպիտակ քարտով: Օլիմպիականներին ընտրեցինք հունվարի 13-16-ը Ծաղկաձորում կայացած Հայաստանի առաջնության արդյունքներով: Կատյա Գալստյանը 10 կմ ազատ ոճի Հայաստանի չեմպիոնն է, իսկ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանին ընտրել ենք նրա լավ աշխատանքի եւ ցույց տված լավ արդյունքների համար»,- ասաց Գագիկ Սարսգյանը:

Մինչեւ հունվարի 27-ը Հայաստանը պետք է միջազգային ֆեդերացիային ներկայացնի չորս օլիմպիականների անունները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով