14:16  ,  27 նոյեմբերի, 2013

Սարգիս Գրիգորյան. Հայաստանում հանդբոլը սիրողական մակարդակի վրա է

«Մեր ֆինանսները հազիվ բավականացնում են, որ հանդբոլը երկրում գոյատեւի, զարգացման մասին խոսք լինել չի կարող»:

Այդ մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

«Մեկ տարվա ընդմիջումից հետո վաղը կմեկնարկի ՀՀ վարչապետի  միջազգային մրցաշարը: Այն թվով չորրորդն է: Այս տարի մրցաշարին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի թիմերը: Այսօր մեր մրցակիցները կլինեն Հայաստանում: Կիջեւանեն «Էրեբունի» հյուրանոցում: Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 28-ին «Դինամո» մարզական ակումբում: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մրցաշարին մասնակցում են երիտասարդ թիմեր: Խնդիրն այն է, որ 2014-ի հունվարին սկսվում է երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ընտրանին, մասնակից երկրների ֆեդերացիաները մեզ խնդրեցին, որ այս տարի մրցումներն անցկացնենք այս տարիքային խմբում, որպեսզի սա լինի նրանց համար ստուգատես՝ ընտրական  փուլից  առաջ: Ուրախ ենք, որ մեր մրցաշարը առիթ է հանդիսանում եւս մեկ անգամ ապացուցելու, որ մենք հետեւում ենք եւ զարկ ենք տալիս մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

Ի տարբերություն նախորդ մրցաշարերի, որտեղ Հայաստանանի հավաքականը համալրված էր դրսից հրավիրված մարզիկներով՝ մասնավորապես Ֆրանսիայից, Գերմանիայից, այս տարի չունենք այդպիսի մարզիկներ: Պատճառն այն է, որ նրանք մեծահասակներ են, այսինքն՝ տարիքային խումբը չի համապատասխանում, իսկ երիտասարդ հանդբոլիստները, ովքեր կարող էին մասնակցել այս մրցաշարին մեր տեսադաշտում չկա: Իսկ արդեն հաջորդ տարի այս մրցաշարը կօգնի մեզ նախապատրաստվելու Համահայկական խաղերին: Եթե նայենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմին, կտեսնենք, որ այնտեղ շատ հանդբոլիստներ կան մարզերից՝ հատկապես Լոռու մարզից, Կոտայքի մարզից, նաեւ Արցախից: Լոռու մարզը միշտ ուրախացրել է հանդբոլի հանդեպ մեծ ուշադրությամբ եւ մասսայականությամբ: Մարզպետարանը հատուկ ուշադրություն է դարձնում այս մարզաձեւին: Նրանք անցկացնում են նաեւ մարզային առաջնություն, որը ոչնչով չի զիջում Հայաստանի առաջնությանը: Կարեւոր է նաեւ մարզիչների դերը: Այժմ Հայաստանում կան 2000 հանդբոլիստներ: Այդուհանդերձ Հայաստանում հանդբոլը սիրողական մակարդակի վրա է: Մեր ֆինանսները հազիվ բավականացնում են, որ հանդբոլը երկրում գոյատեւի, զարգացման մասին խոսք լինել չի կարող: Մինչեւ այստեղ չլուծվի պրոֆեսիոնալ ակումբներ ստեղծելու հարցը, հանդբոլը կմնա այս մակարդակի վրա:
Ամեն տարի պետբյուջեից մեզ հատկացվում է 18 միլիոն դրամ , որը գործնականում ծախսվում է միջազգային մրցաշարերին մասնակցելու եւ Հայաստանի առաջնության վրա: Մնացած միջոցները, այսպես ասած, հայթայթում ենք մենք:

Տարբեր տեղեր ենք դիմել, սակայն ես որեւէ անձ չեմ տեսել, որ ցանկանա բացել հանդբոլի մարզական ակումբ: Մեր գործարարները չեն ցանկանում ներդրումներ կատարել, քանի որ արագ շահույթ են ցանկանում ստանալ: Մենք Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխանող դահլիճ անգամ չունենք: Այնինչ մեր հարեւան Վրաստանում կա երեք դահլիճ, եւս չորսը կառուցվում են: Սպորտի նախարարությունը պարտավոր է եւ պետք է ունենա միջազգային ստանդարտներին համապատասխանող գոնե մեկ մարզադահլիճ: Մենք առաջարկում ենք, կոչ ենք անում Հայստանի բոլոր ֆեդերացիաներին պետության տրամադրած ֆինանսավորման կեսից հրաժարվել եւ ուղղել մարզադահլիճ կառուցելուն:

Ինչ վերաբերում է մարզիչներին, Հայաստանում անցկացվում են մարզիչների վերապատրաստման սեմինարներ, սակայն պետք է նաեւ, որ մեր մարզիչները մեկնեն արտասահման: Այստեղ արդեն խնդիրն այլ է: Մեր մարզիչները չգիտեն օտար լեզու: Ֆեդերացիան իր միջոցներով լեզվի անվճար դասընթացներ է կազմակերպում մարզիչների համար, սակայն նրանք չեն ցանկանում սովորել»,- ասաց նա:

Ասուլիսի վերջում հանդբոլի ֆեդերացիայի նախագահը ուշագրավ տեղեկություն հայտնեց:

«Չէի ցանկանա այս մասին խոսել, բայց պետք է ասեմ: Ամիսներ առաջ դիմել էի հանդբոլի Եվրոպայի եւ աշխարհի ֆեդերացիաներին, որպեսզի նրանք մեզ հատկացնեն մարզադահլիճի հատակ: Նրանք իմ խնդրանքը չմերժեցին, ասացին որ հատակը արդեն պատրաստ է եւ կարող եմ այն բերել Հայաստան: Սակայն իրականում չեմ կարող. գիտեք ինչու՞, որովեհտեւ եթե բերեմ այդ հատակը, ապա ո՞ր մարզադահլիճին եմ տալուԵս նրանց ասել էի, որ վերանորոգվում է մեր մարզադահլիճը, եւ նրանք հատակ տրամադրեցին. իրականում ոչ մի դահլիճ էլ չվերանորոգվեց: Հիմա որ այդ հատակը բերենք այստեղ, եւ նրանք էլ գան տեսնեն, որ պահեստավորել ենք եւ սպասում ենք, որ վերանորոգեն մեր դահլիճներից մեկը, ես ստախոս դուրս կգամ: Մինչեւ այս տարվա վերջ եթե այդ հարցը չլուծվի, ապա նրանք կնվիրեն հատակը մեկ այլ երկրի. օրինակ՝ Վրաստանին, չէ՞ որ նրանք 4 մարզադահլիճ էլ կառուցում են»,- ավելացրեց ֆեդերացիայի նախագահը:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում