23:21  ,  23 նոյեմբերի, 2013

«Բավարիան» Դորտմունդում շանս չտվեց «Բորուսիային»

Գերմանական Բունդեսլիգայում Մյունխենի «Բավարիայի» անպարտելիության շարքը հասավ 38 խաղի: Չեմպիոնների լիգայի գավաթակրին չկարողացավ կանգնեցնել նաեւ Դորտմունդի «Բորուսիան», որը Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում 0:3 հաշվով պարտվեց մյունխենցիներին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել Յուրգեն Կլոպի թիմի մեկնարկային կազմում: Դորտմունդյան հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Մեկնարկային 45 րոպեների ամենաիրական գոլային պահն ունեցավ «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ում հարվածն այնքան էլ վտանգավոր չստացվեց:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին դորտմունդցիները, բայց հաշիվը բացեցին հյուրերը: 67-րդ րոպեին աչքի ընկավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով փոխարինման դուրս եկավ «Բավարիայի» կազմում՝ առաջին անգամ խաղալով իր նախկին թիմ «Բորուսիայի» դեմ: Քիչ անց 56-րդ րոպեին դեղին քարտ ստացած Հենրիխ Մխիթարյանը կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց 24-ամյա կիսապաշտպանը հարմար դիրքից չկարողացավ աչքի ընկնել, իսկ մեկ րոպե անց փոխարինվեց: Խաղի վերջնամասում «Բորուսիան» ունեցավ գոլային պահեր, սակայն մյունխենցիներին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը՝ խփելով եւս 2 գոլը: 86-րդ րոպեին հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հակագրոհի արդյունքում կրկնապատկեց Խոսեպ Գվարդիոլայի թիմի առավելությունը, իսկ 2 րոպե անց գերմանացի Տոմաս Մյուլերը վերջակետ դրեց խաղին:

«Բավարիան» թարմացրեց Բունդեսլիգայում անպարտելության շարքի ռեկորդը եւ 35 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: Լեւերկուզենի «Բայերն» ունի 31 միավոր, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 28 միավորով երրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր 

«Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 0:3

Մարիո Գյոտցե, 67, Արյեն Ռոբեն, 86, Տոմաս Մյուլեր, 88

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Կեւին Գրոսկրոյց, Մանուել Ֆրիդրիխ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Էրիկ Դուրմ, Նուրի Շահին, Սվեն Բենդեր (Լուկաշ Պիշչեկ, 79), Յակուբ Բլաշչիկովսկի (Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 71), Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան (Յոնաս Հոֆման, 71), Ռոբերտ Լեւանդովսկի:

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա (Դանիել վան Բույտեն, 79), Դանթե, Ժերոմ Բոատենգ (Տիագո Ալկանտարա, 64), Դավիդ Ալաբա, Ֆիլիպ Լամ, Խավի Մարտինես, Տոնի Կրոս, Տոմաս Մյուլեր, Արյեն Ռոբեն, Մարիո Մանջուկիչ (Մարիո Գյոտցե, 56):  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով