18:24  ,  18 նոյեմբերի, 2013

Bundesliga.com. Հենրիխ Մխիթարյանն առայժմ Մարիո Գյոտցեի ստվերում է

Գերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» հանդիպումից առաջ համեմատել է դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ «Բորուսիայից» մյունխենյան ակումբ տեղափոխված Մարիո Գյոտցեի խաղը։

«Հենրիխ Մխիթարյանն առայժմ չի կարողացել լիովին փոխարինել Մարիո Գյոտցեին։ Երբ Մխիթարյանը տեղափոխվեց «Բորուսիա», շատերը նրան չէին ճանաչում, սակայն հիմա նրա անունը բոլորին է հայտնի։ Մխիթարյանը միշտ տեղ ունի մեկնարկային կազմում, սակայն կարեւորագույն հանդիպումներում նրա խաղը ոչ միշտ է տպավորում։ Հենրիխը լավ դրսեւորվեց «Շալկեի», «Համբուրգի» եւ «Շտուտգարտի» դեմ, իսկ նրա դուբլը օգնեց հաղթել «Այնտրախտին»։ Սակայն «Վոլֆսբուրգի» դեմ եւ «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի պատասխան խաղում Մխիթարյանը համոզիչ չէր։

Մարիո Գյոտցեն գերազանցում է արդյունավետությամբ։ Նա հինգ փորձից գրավում է դարպասը, իսկ Մխիթարյանի հարվածներից ամեն 8-րդն է դառնում արդյունավետ։ Մխիթարյանի իրացման արդյունավետությունը 33,3 տոկոս է. Գյոտցեինը՝ 44,4 տոկոս։

Գերմանացին վառ խաղ է ցուցադրում, սակայն հայ կիսապաշտպանն ավելի արագ է եւ դիմացկուն, ինչը քիչ կարեւոր առավելություն չէ։ Առաջիկա տուրում առաջին անգամ ականատես կլինենք Գյոտցե - Մխիթարյան դիմակայությանը»,- գրում է Bundesliga.com-ը։

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով