02:49  ,  31 հոկտեմբերի, 2013

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 7:3. Ռոնալդու - հեթ-տրիկ, Բեյլ - դուբլ

Մադրիդի «Ռեալն» ու «Սեւիլիան» գոլային հրավառություն կազմակերպեցին իսպանական Պրիմերայի 11-րդ տուրում: Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայացած խաղում գրանցվեց 10 գոլ, իսկ Արքայական ակումբը հաղթեց 7:3 հաշվով:

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Գարեթ Բեյլը, ով իր առաջին գոլը խփեց «Սանտիագո Բերնաբեուում»: 27-րդ րոպեին 24-ամյա ուելսցին նաեւ առաջին դուբլը ձեւակերպեց Արքայական ակումբի կազմում, իսկ 6 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով երրորդ գնդակն ուղարկեց սեւիլիացիների դարպասը: Թվում էր, թե Կարլո Անչելոտիի թիմը հանել է հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն հյուրերը կարճ ժամանակահատվածում խփեցին 2 գոլ: 38-րդ րոպեին 11 մետրանոցն անվրեպ իրացրեց «Սեւիլիայի» ավագ Իվան Ռակիտիչը, իսկ ընդմիջումից րոպեներ առաջ կոլումբացի հարձակվող Կարլոս Բական դարձավ սեւիլիացիների երկրորդ գոլի հեղինակը:

Ընդմիջումի հետո «Ռեալը» շատ արագ վերականգնեց 3 գնդակի առավելությունը: 53-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, իսկ քիչ անց Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ: 63-րդ րոպեին պորտուգալացու օրինակին հետեւեց նաեւ Ռակիտիչը՝ գեղեցիկ հարվածով խփելով «Սեւիլիայի» երրորդ գոլը:

64-րդ րոպեին 5-ամսյա ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկավ վնասվածքից ապաքինված Խաբի Ալոնսոն, իսկ 71-րդ րոպեին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոնալդուն: Քիչ անց իր երրորդ գոլը կարող էր խփել նաեւ Ռակիտիչը, սակայն խորվաթ կիսապաշտպանը վրիպեց 11 մետրանոցից: Խաղի վերջակետը դրեց Բենզեման, ով 80-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ:

Ռոնալդուն իր գոլերի քանակը հասցրեց 11-ի՝ հավասարվելով Պրիմերայի ռմբարկուների ցուցակը գլխավորող Դիեգո Կոստային:

«Ռեալը» 25 միավորով երրորդն է: Առաջատար կատալոնական «Բարսելոնան» ունի 31 միավոր, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Աթլետիկոն»՝ 27:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր  

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 7:3

Գարեթ Բեյլ, 13, 27, Կրիշտիանու Ռոնալդու, 32 (11մ.), 60, Քարիմ Բենզեմա, 52, 80 – Իվան Ռակիտիչ, 38 (11մ.), 64, Կարլոս Բակա, 40

Հեռացում՝ Ստեֆան Մբիա, 76 («Սեւիլիա»)

«Օսասունա» - «Ռայո Վալեկանո»՝ 3:0

Մատե Օյեր, 1, Օրիոլ Ռիերա, 13, Ռոբերտո Մորալես, 58

Հեռացում՝ Միգել դե լա Կուեւաս, 66 («Օսասունա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում