09:40  +04,  8 հոկտեմբերի, 2013

Շավարշ Կարապետյան. «Հայկական ֆուտբոլը» նոր տերմին է

Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանում մեկնարկել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքը, որը կտեւի 123 օր: Ջահակիրներից մեկը ստորջրյա լողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, տասնյակ մարդկանց կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանն է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Շավարշ Կարապետյանը պատմեց փոխանցումավազքի պատրաստման, կրակի մարման, սպորտում իր նախասիրությունների եւ հայկական ֆուտբոլի մասին:

Պարոն Կարապետյան, բոլոր հայերը մեծ ուրախություն ապրեցին, երբ հայտնի դարձավ, որ Դուք Օլիմպիական խաղերի կրակի ջահակիրների փոխանցումավազքի մասնակիցներից մեկն եք: Ե՞րբ իմացաք, որ մասնակցելու եք եւ որքա՞ն ժամանակում պատրաստվեցիք:

Անկեղծ ասած՝ ֆիզիկապես պատրաստվելու ժամանակ չունեի: Ինձ օգնեց ժամանակին ունեցած պատրաստվածությունս: 10 օր առաջ իմացա, որ ջահակիրների ցուցակում եմ եւ միայն երեք օր առաջ ինձ վերջնական հաստատեցին: Այնտեղ ամեն բան շատ խիստ էր: Տարբեր փուլեր պետք էր անցնել: Տարբեր ատյաններում ստուգվել:

Կրակը մարեց Ձեր ձեռքերում: Ինչպե՞ս արձագանքեցիք: Սնահավա՞տ եք:

Բոլորը պատրաստված էին: Դրա համար կան հատուկ մարդիկ, ովքեր պահում են իրենց մոտ հենց նույն Օլիմպիական կրակի ճրագները: Մարելու դեպքում նրանք այն կրկին վառում են: Ոչ մի խնդիր չկար: Այնտեղ սնահավատություն ես չտեսա:

Ինչպե՞ս եք վերաբերվում առաջիկա Օլիմպիական խաղերին: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում ոչ բոլորն էին ցանկանում, որ այս Խաղերը անցկացվեն այնտեղ:

Խաղերի պատրաստությունը շատ լուրջ է ընթանում: Չեմ ցանկանա առաջ ընկնել, դրա համար կան հատուկ մասնագետներ: Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերի հոգին եւ պատրաստությունը մեծ ուրախություն կբերեն: Վստահ եմ, որ Ռուսաստանը շատ ոսկե մեդալներ կհավաքի, իսկ Օլիմպիական խաղերը կանցնեն բարձր մակարդակով:

Դուք ստորջրյա լողի 17-ակի չեմպիոն եք: Երեւի ավելի մեծ հաճույքով հետեւում եք ամառային Օլիմպիական խաղերին: Սոչիում, ո՞ր մարզաձեւերը կգրավեն Ձեր ուշադրությունը:

Չեմ կարծում, որ ձմեռային Օլիմպիական խաղերը պակաս գեղեցիկ են: Օրինակ՝ գեղասահքը, հոկեյը, դահուկային սպորտը, բիատլոնը: Յուրաքանչյուր մարզաձեւ իրենից ներկայացնում է ծաղկեփունջ՝ իր գեղեցկությամբ եւ երանգով: Պետք չէ համեմատել: Կա ֆուտբոլ եւ կա հոկեյ: Կա թեթեւ աթլետիկա եւ կա դահուկային սպորտ:

Ո՞րն մարզաձեւն է Ձեր ամենասիրելին: Ո՞րն եք դիտում մեծ ոգեւորությամբ:

Այնտեղ, որտեղ կանայք են հանդես գալիս: Դա ոգեւորության մասին Ձեր հարցի պատասխանն է: Կարծում եմ՝ ճիշտ պատասխանեցի:

Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:

Վերջին ամսվա ընթացքում երկու անգամ եղել եմ: Այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, եղել եմ Երեւանում:

Հանգստանո՞ւմ էիք, թե՞ գործերով էիք եկել:

Հիշո՞ւմ եք Վիսոցկու երգը. «А просто так, а просто так»։

Հետեւո՞ւմ եք հայկական սպորտին:

Վերջերս հարցազրույց էի տալիս եւ ինձ հարցրին, թե ինչպես եմ վերաբերվում հայկական ֆուտբոլին: Ես ասացի, որ կա այսպիսի մի տերմին՝ «հայկական ֆուտբոլ»: Կա բրազիլական, անգլիական, իսպանական ֆուտբոլի, ինչպես նաեւ հայկական ֆուտբոլի խաղաոճը:

Ի՞նչ խաղաոճ է դա:

Դա երբ փոխանցում ես կատարում եւ գնդակը հայտնվում է դարպասում: Դա նոր տերմին է:

Ի՞նչ կանխատեսում կանեք Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի համար:

Կանխատեսում չունեմ, բայց հայերը պետք է հաղթեն, գոնե Իտալիային:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ