14:52  +04,  21 սեպտեմբերի, 2013

Մոտոկրոսի Հայաստանի առաջնությունը՝ «Վիվառոյի» եւ Red Bull-ի աջակցությամբ (ֆոտոռեպորտաժ)

Ավարտվեց մոտոկրոսի Հայաստանի 2-րդ առաջնությունը` նվիրված Հայաստանի մոտոսպորտի առաջին սպորտի վարպետ, ավտոմոտոսպորտի բազմակի մրցանակակիր Ժիրայր Ասատրյանի հիշատակին:

Առաջնությանն այս տարի մասնակցում էին 14 մարզիկներ` Երեւանից, Արտաշատից: Ինչպես անցած տարի, այս տարի եւս Հայաստանի չեմպիոն դարձավ Հրանտ Սարկիսովը, ով երեք շրջափուլերի արդյունքում անգերազանցելի արդյունք ցույց տվեց:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նորընծա չեմպիոնը պատմեց, թե որտեղից է սերը մոտոկրոսի հանդեպ եւ ինչ հաջողություններ ունի:

«Հայրս ժամանակին զբաղվել է այս սպորտաձեւով: Սերն, այսպես ասած, մանկուց է եղել: Վրաստանում եւ Իրանում մասնակցել եմ միջազգային մրցաշարերի: Վրաստանում հաջողության եմ հասել, իսկ Իրանում` պարտվել: Եթե համեմատենք Հայաստանի մոտոկրոսը եւ այդ երկու երկրների, հավատացեք, որ այստեղ մեծ պոտենցիալ ունեցոզ մարզիկներն ավելի շատ են: Այնտեղ կա լավ տեխնիկա, շատ գումար, սակայն ոչինչ ավելի: Մրցակցության մասին կասեմ այն, որ անցած տարվա համեմատ` այս տարի մրցակցությունն ավելի բարձր է, քանի որ ավելի երիտասարդ մասնակիցներ կան»,-ասաց Սարկիսովը:

Մոտոկրոսի Հայաստանի առաջնությունը հովանավորում է «Վիվառո» ընկերությունը: Առաջնությանն աջակցում էր նաեւ Red Bull ընկերությունը:

«Վիվառո բեթինգ» ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանը պատմեց, թե ինչպես առաջացավ մոտոկրոսի Հայաստանի առաջնությունը հովանավորելու գաղափարը:

«Ամեն ինչ սկսվեց անցած տարի` երեւանյան սովորական երեկոներից մեկի ժամանակ, երբ հանդիպեցի Հրանտ Սարգիսովին: Խոսեցինք, ծանոթացանք, ընկերացանք, եւ ես հասկացա, որ նա հովանավորի խնդիր ունի, բայց, չգիտես ինչու, չէր դիմում ոչ մեկի: Ես, որպես այս սպորտաձեւի սիրահար, առաջարկեցի հովանավորել նրան: Եվ այնպես ստացվեց, որ սկսեցինք հովանավորել մոտոկրոսի Հայաստանի առաջնությունը: Իմ կարծիքով հայ մարզիկները բավական հեռանկարային են, սակայն այս սպորտաձեւը այդքան էլ զարգացած չէ Հայաստանում»,- ասաց Համբարձումյանը:

Մրցաշարի անցկացման գաղափարի եւ կարեւորության մասին խոսեց Հայաստանի մոտոսպորտի առաջին վարպետ, ավտոմոտոսպորտի բազմակի մրցանակակիր Ժիրայր Ասատրյանի դուստրը` Լիլիթ Ասատրյանը: «Քանի որ հայրս իր ամբողջ կյանքը նվիրել է ավտո-մոտո սպորտին, իր հիշատակը վառ պահելու համար որոշեցինք Հայաստանի առաջնությունը նվիրել նրա հիշատակին: Արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է այս մրցաշարը: Ցանկանում ենք, որ այն շարունակական բնույթ կրի: Մարդիկ գալիս են, մասնակցում են, երկրպագում են, որքան էլ, որ մոտոկրոսը Հայաստանում մասսայականություն չի վայելում՝ հուսով եմ շրջանակը աստիճանաբար կընդլայնվի»:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո` NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ