09:55  ,  17 սեպտեմբերի, 2013

Դրոգբա. «Գալաթասարայը» պայքարելու է փլեյ-օֆֆի ուղեգրի համար

Եթե նայենք թիմերի բյուջեին, ապա հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն չունենք, սակայն ֆուտբոլային հանդիպումների ճակատագիրը որոշվում է խաղադաշտում, հայտարարել է թուրքական «Գալաթասարայի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին։

«Ցանկանում ենք մրցակիցներից ավելի լավ խաղալ եւ հայտնվել 1/8 եզրափակիչում։ Չեմպիոնների լիգայում 40 գոլ եմ խփել։ Հույս ունեմ, որ կկարողանամ բարելավել այդ ցուցանիշը, սակայն ամենակարեւորը թիմի հաջողությունն է։

Եթե խփած գոլն օգնի մեզ հաջորդ փուլ դուրս գալ, ապա այն իսկապես կարեւոր կլինի։ Եթե ինձ ասեն, որ թիմս կհաղթի Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն ես գոլ չեմ խփի, կհամաձայնեմ նաեւ այդ պայմանին»,- Դրոգբայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ «Գալաթասարայ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս