11:45  ,  16 սեպտեմբերի, 2013

Լեւանդովսկի. Մխիթարյանին դեռ ժամանակ է հարկավոր

Այժմ արդեն բացահայտ է, որ Մխիթարյանը եւ Օբամեյանգը բարձրակարգ հարձակողական ֆուտբոլիստներ են։ Ավելին, կարծում եմ, որ կարող ենք բարելավել մեր խաղը, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 25-ամյա խաղացողը Գերմանիայի առաջնության հինգերորդ տուրի «Համբուրգի» հետ հանդիպումից հետո (6։2) խոսել է գերմանական ակումբի նորեկներ՝ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին։

«Տպավորիչ խաղ ցուցադրեցինք։ Իհարկե, Մխիթարյանին եւ Օբամեյանգին դեռ մի քիչ ժամանակ է հարկավոր մեր խաղաոճին վերջնականապես հարմարվելու համար, սակայն արդեն ակնհայտ է, թե ինչքան լավն են նրանք եւ որքան են ուժեղացրել մեր թիմը։ Այս տարի Չեմպիոնների լիգայում բարդ կլինի առաջ գնալ, քանի որ մրցակիցներն արդեն չեն թերագնահատում մեզ։ Ցանկանում եմ, որ կրկնենք նախորդ մրցաշրջանի արդյունքն, իսկ հնարավորության դեպքում նաեւ գերազանցենք այն»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի կայքը։

Լեւանդովսկին նաեւ պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա ստիպված էր հարմարեցնել իր խաղը Մխիթարյանի խաղին, ով փոխարինել է Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոտցեին։

«Յուրաքանչյուր խաղացող ունի իր ուժեղ կողմերը եւ թիմ է բերում իր որակները, այդ պատճառով դա բնական է, երբ ֆուտբոլում ստիպված ես հարմարվել ուրիշի խաղին։ Խաղում եմ այնպես, ինչպես խաղում եմ, սակայն կրկնում եմ. Միկին եւ Օբան հիանալի ֆուտբոլիստներ են, եւ մենք կարող ենք բոլորս միասին խաղալ»,- ասել է 25-ամյա հարձակվողը։

Հիշեցնենք, որ «Համբուրգի» հետ հանդիպման ժամանակ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման, իսկ Օբամեյանգը՝ դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով