ՈւԵՖԱ-ն կասեցրել է հուլիսի 11-ին կայացած Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա) - «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) հանդիպման մրցավարներ Անդրանիկ Արսենյանի (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) գործունեությունը՝ հիմնվելով ՀՖՖ-ի որոշման վրա։
ՈւԵՖԱ-ն հաշվի է առել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի որոշումը՝ ցմահ որակազրկել հանդիպման գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանին եւ նրա օգնական Հովհաննես Ավագյանին, ովքեր իրենց միջամտությամբ փորձել են միտումնավոր ազդել հանդիպման ելքի վրա։
ՈւԵՖԱ-ի պայմանավորված հանդիպումների դեմ համակարգը (BFDS), որը վերահսկում է Եվրոպայում տեղի ունեցող 32 000 հանդիպում Եվրոպայի լիգայի «Ինտեր» - «Վիկինգուր» խաղի ժամանակ հայտնաբերել է մրցավարների կասկածելի գործողություններ։ ՀՖՖ-ն աջակցել է հետաքննությանը։
Օգոստոսի 7-ին ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի նախագահը որոշել է կասեցնել մրցավարների գործունեությունը ֆուտբոլում։ Կարգապահական վարույթ է բացվել՝ ՈւԵՖԱ-ի 12-րդ հոդվածի համաձայն։ Գործի քննությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում