15:29  ,  15 ապրիլի, 2012

Շումախերը պարտվում է, նրա թիմը՝ հաղթում

«Մերսեդեսը» ցնծում է, «Մերսեդեսը»՝ ողբում: Նիկո Ռոսբերգը հաղթում է Չինաստանի Գրան Պրին, նրա թիմակիցը՝ Միխայել Շումախերը 14-րդ շրջանին դուրս է մնում խաղից՝ պիտ-կանգառում նրա բոլիդի անվադողը լավ չէր ամրացվել մեքենային: Կադրերում պարզ երեւում է, թե ինչպես է բոլիդի հետեւի աջ մասի անվադողի ամրացման համար պատասխանատու մեխանիկը ձեռքերը թափահարում՝ պետք չէ բաց թողնել մեքենան, ակն ամրակցված չէ: Շումախերը պայքարից դուրս է մնում, որովհետեւ մեխանիկները չհամագործակցեցին: Մինչդեռ նա մեկնարկել էր երկրորդ տեղից եւ կարող էր հավակնել առնվազն երրորդ տեղին: 1955 թվականի Իտալիայի Գրան Պրիից հետո «Մերսեդես» անվանումով բոլիդը չէր հաղթել ոչ մի Գրան Պրիում: Փոխարենը նրա շարժիչներով աշխատող մյուս բոլիդները բազմիցս դարձել են աշխարհի չեմպիոններ:

Չինաստանի Շանհայի մրցուղում Ֆորմուլա 1-ի երկրպագուները տեսան ամեն ինչ, վազանցներ, «ինքնաթիռի թռիչքային մեկնարկ» եւ աշխարհի 6 չեմպիոնների անզորությունը Նիկո Ռոսբերգի արագության նկատմամբ: Իրական վազանցներն սկսվեցին 48-րդ շրջանում, երբ երկրորդ տեղում ընթացող «Լոտուսի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենի բոլիդը չդիմացավ մրցակցությանը, բոլիդ բոլիդի ետեւից զիջեց իր դիրքերը եւ 56-րդ շրջանում մրցապայքարը եզրափակեց 14-րդ տեղում: Մինչդեռ մեկ օր առաջ որակավորման մրցմանը գրավել էր 4-րդ տեղը: Ռայկոնենին վազանցեց աշխարհի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը, այնուհետեւ երկուսին վազանցեց աշխարհի նախկին չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, այնուհետեւ երեքին վազանցեց աշխարհի նախկին չեմպիոն Հեմիլթոնի թիմակից, «Մաքլարենի» մրցարշավորդ Ջենսոն Բատոնը: Վերջին՝ 56-րդ շրջանում աշխարհի կրկնակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելին վազանցեց «Ռեդ Բուլլի» նրա թիմակիցը՝ ավստրալացի Մարկ Վեբերը: Մի խոսքով, ընդամենը 8 շրջանում Ռայկոնենը կորցրեց 10 տեղ, իսկ 11-րդ տեղից մեկնարկած Սեբաստիան Ֆետելը վերջին երկու շրջանում միջին արագության իր բոլիդով կարող էր գրավել երրորդ տեղը:

Փաստն այն է, որ այսօր պայքարի համար իրական ներուժ ունեն «Մաքլարենը», «Մերսեդեսը» եւ «Լոտուսը»: Երեքի ղեկին էլ նստած են աշխարհի չեմպիոններ՝ «Մաքլարենն» ամբողջ կազմով, իսկ «Մերսեդեսը» եւ «Լոտուսը»՝ մեկական: Այնուամենայնիվ Չինաստանի Մեծ մրցանակի լավագույն  դրվագը աշխարհի փոխչեմպիոն, «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Մարկ Վեբերի կատարմամբ 36-րդ շրջանում իրականացված «ինքնաթիռի թռիչքային մեկնարկն» էր, երբ մրցուղու վրա շրջադարձին սխալ մանեւրի պահին ուժեղ արագություն հավաքած բոլիդի քթամասը կտրվեց գետնից եւ մոտ 50 մետր ընթացավ երկու ակերի վրա:

«Ինքնաթիռի թռիչքային մեկնարկը» ծանոթ է Մարկ Վեբերին: 2010-ին Վալենսիայում նրա բոլիդը ուղիղ տարածության վրա մեծ արագությամբ չկարողացավ շրջանցել «Լոտուս-Քոսվորթ»-ի մրցարշավորդ Հեյկի Կովալայնենին եւ քթամասով բախվեց «Լոտուս-Քոսվորթ»-ի հետեւի աջ անվադողին ու բարձրացավ օդ: 

1994-ին այդպիսի թռիչքը կարող էր կյանք արժենալ: 2001-ին Մելբուռնի Մեծ մրցանակում գերմանացի Ռալֆ Շումախերը նույնպես նման «թռիչք» է «վայելել», բախվելով Ժակ Վիլնյովի բոլիդին:

Ուղիղ մեկ շաբաթ հետո տեղի կունենա Բահրեյնի Մեծ մրցանակի խաղարկությունը: Առաջատարի կարգավիճակով Բահրեյն է մեկնում Լյուիս Հեմիլթոնը: Չինաստանում բրիտանացին, երրորդ տեղը գրավելով, ընդհանուր հաշվարկում դարձավ առաջատար` կարգավիճակը խլելով «Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյից: Իսպանացին Չինաստանում գրավեց 9-րդ տեղը, որտեղից, ի դեպ, մեկնարկել էր նախորդ օրվա որակավորման մրցումների արդյունքում: Բահրեյնի միջազգային մրցուղին ռիսկային չէ, այստեղ ազատորեն կարելի է վազանցել, շարժիչները մեծ լարվածություն չեն վերցնում իրենց վրա, սակայն մրցուղու գլխավոր փորձությունը շոգն է: Այս տարի՝ նաեւ քաղաքական լարվածությունը, որ առկա է այդ թագավորությունում: Չնայած Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի հավաստիացումներին, թե Բահրեյնի Գրան Պրին այս տարի կկայանա, այնուամենայնիվ, քաղաքական լարվածությունը որոշ վերապահումներ է թողել մրցարշավորդներին ինքնուրույն որոշելու՝ մեկնել, թե չմեկնել Բահրեյն:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս