14:07  ,  20 հուլիսի, 2013

Բենուր Փաշայան. Չեմ կարող ասել, որ հաջորդ Օլիմպիական խաղերում կունենանք չեմպիոն

«Ես չեմ տեսնում եւ չեմ կարող ասել, որ հաջորդ Օլիմպիական խաղերում մենք կունենանք օլիմպիական չեմպիոն: Արդեն շուրջ 17 տարի է մենք չունենք օլիմպիական չեմպիոն, կարելի է ասել չունենք նաեւ աշխարհի չեմպիոն: Իսկ դրա պատճառը մարզիչների նկատմամբ առկա անուշադրությունն է»։

Այս մասին հուլիսի 20-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նշեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը, որը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, Եվրոպայի կրկնակի (1981, 1982), աշխարհի կրկնակի (1982,1983) չեմպիոն, աշխարհի գավաթակիր (1982), 1986-89-ին՝ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, իսկ 1999-2000-ին՝ նախագահել է ՀԱՕԿ-ը:

Բենուր Փաշայանն անհանգստացած է հայկական սպորտի վիճակով, հունահռոմեական ըմբշամարտում օլիմպիական չեմպիոններ չունենալու փաստով եւ առհասարակ արդեն 17 տարի օլիմպիական չեմպիոն չունենալու փաստով։

«Օլիմպիական չեմպիոն ունենալու համար պետք է ունենանք պրոֆեսիոնալիզմ, պրոֆեսիոնալ մարզչական համակարգ: Դրա համար հարկավոր է մարզչական խնդրին ուշադրություն դարձնել: Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանն ունենում է օլիմպիական չեմպիոն, մենք չենք ունենում: Ի՞նչ է, իրենք մեզանից լավն են… Պետք է առաջինն ուշադրություն դարձնենք մարզիչներին: Եթե չունենք մարզիչներ, պետք է հրավիրենք դրսից, միայն մարզիչը կարող է չեմպիոն պատրաստել: Մարզիկից պետք չէ պահանջել, որ նա դառնա չեմպիոն, պետք է այդ պահանջը դրվի մարզիչների վրա։ Ես գտնում եմ, որ միայն մարզիչը կարող է լավ մարզիկից օլիմպիական, աշխարհի չեմպիոն «ստանալ»։ Օրինակ՝ ինձ շատ են հրավիրում դրսից, 3000-4000 դոլար աշխատավարձով, բայց ինձ նման պրոֆեսիոնալ մարզիչի համար դա շատ ցածր գումար է: Ես արդեն 10 տարի է չեմ աշխատում, ուղղակի կան բիզնեսներ, որոնցով ես կարողանում եմ պահել իմ ընտանիքը։

Մենք ունենք շատ լավ մարզիկներ, նրանց հարգում եւ սիրում եմ, մասնավորապես աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում առաջին երեք տեղերը զբաղեցրած մեր մրցանակակիրներին։ Վերջերս հետեւեցի Ունիվերսիադային։ Այս Ունիվերսիադայում ինձ չափազանց զայրացրեց Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերը։ Շատ դժգոհ եմ նրանից: Ես բազմիցս ասել եմ նրա հայրիկին, որ եթե շարունակեն Արթուրին այստեղ պահել, նրան կկորցնենք: Նա չունի մրցակից, իր մակարդակի մարզիկ, որ կարողանա մարզվել նրա հետ։ Եվ պրոֆեսիոնալիզմի հասնելու համար մեկ մարզիկ չպետք է լինի, այլ մի քանի նրա մակարդակի մարզիկներ, որ Արթուրը կարողանա չափել իր ուժերը յուրաքանչյուր մարզման ընթացքում: Նրա պարտությունը եզրափակչում ինձ շատ զայրացրեց։ Կրկնակի Եվրոպայի չեմպիոնը իրավունք չունի պարտվել Ունիվերսիադայում: Նրա այսօրվա պարտությունը նշանակում է պարտություն առաջիկա աշխարհի առաջնությունում։

Ինչ վերաբերվում է Արսեն Ջուլֆալակյանին։ Այս ըմբիշին սիրում եւ հարգում եմ հորից առավել: Արսենի մոտ շատ բան է պետք փոխել: Նրան գիշեր-ցերեկ աշխատել է պետք: Նա պետք է յուրաքանչյուր մարզումին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի, որպեսզի այնպիսի մարզավիճակ ձեռք բերի, որ Վլասովը հնարավորություն չունենա այլեւս իրեն հաղթել: Յուրաքանչյուր վտանգի դիմաց պետք է մտածված մարզվել գիշեր-ցերեկ: Նա երկու անգամ ավելի պետք է ուշադրություն դարձնի Վլասովի հնարքներին եւ պայքարի այդ հնարնքների դեմ։

Ռոման Ամոյանի հետ այժմ ես եմ զբաղվում. բացեմ գաղտնիքը: Նա շուտով գնալու է Մինսկ՝ հավաքի: Ռոմանը շատ նման է ինձ` իմ ոճի ըմբիշ է: Սիրում եմ նրա գոտեմարտելու ձեւը: Ունի կայուն բնավորություն, ունի աշխարհի չեմպիոն դառնալու մեծ հնարավորություն: Փորձում եմ նրան օլիմպիական չեմպիոն դարձնել, եւ կարծում եմ մեզ մոտ դա կստացվի: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ռոմանը Ամոյանը դառնա նաեւ օլիմպիական չեմպիոն։
Հայաստանում մարզիկին չեմպիոնական տիտղոսին պատրաստելը շատ բարդ է, դա ես հասկանում եմ, բայց նորից եմ կրկնում, մարզիկից չպետք է պահանջել, որ նա դառնա չեմպիոն։ Այդ պահանջը պետք է դնել գլխավոր մարզիչի վրա։

Լեւոն Ջուլֆալակյանին շատ եմ սիրում։ Միասին ենք մեծացել։ Նա հրաշալի մարզիկ է, օլիմպիական չեմպիոն եւ նույնպիսի հրաշալի մարզիչ։ Բայց նրանից ոչ ոք օլիմպիական չեմպիոն չի պահանջում, աշխարհ չեմպիոն չի պահանջում։ Իսկ մեզ չեմպիոններ են պետք։ Ես շատ վիրավորված եմ, որ Թուրքիան, Ադրբեջանը, շատ այլ երկրներ տալիս են չեմպիոններ, իսկ մեզ մոտ դա չի ստացվում։ Ես ուզում եմ, որ նա դառնա բազմաթիվ չեմպիոնների մարզիչ»,- ասաց Բենուր Փաշայանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով