20:45  ,  4 հուլիսի, 2013

Նորաստեղծ ակումբից 800 հազար դոլարի երաշխիք պահանջելը խելամիտ չէ. «Ուրարտուի» նամակն՝ ընդդեմ ՀՖՖ-ի

Նորաստեղծ ակումբից 800 հազար դոլարի երաշխիք պահանջելը խելամիտ չէ։ Այս մասին ասվում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Ոսկանյանի նամակում՝ Սպորտի նախարար Յուրի Վարդանյանին։ Ակումբն աջակցություն է ակնկալում նախարարից՝ ՀՖՖ-ի որոշման դեմ պայքարում։

«2012-թ հոկտեմբերից մոսկվայաբնակ Արթուր Ոսկանյանի կողմից ստեղծվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, որը գրանցված է ՀՀ պետռեգիստրում 2012թ. դեկտեմբերի 10-ից:

2013թ հունվարի 17-ին, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիմել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային` ղեկավարվելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ Կանոնակարգերի հիմնական սկզբունքներով, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբը գրանցել՝ որպես ՀՖՖ ֆուտբոլային ակումբ եւ թույլ տալ մասնակցել Հայաստանի 2013-2014 թթ. Գավաթի խաղարկությանը եւ Առաջին խմբի առաջնությանը:

Ցավոք, «Ուրարտուն» մինչ օրս գրանցված չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ իրավունք չի ստանում մասնակցելու Հայաստանի Առաջին խմբի 2013/14թթ. առաջնությունը:

Պատճառը՝ ըստ ՀՖՖ-ի, հունվարի 16-ին ՀՖՖ գործկոմի կայացրած որոշումն է, ըստ որի՝ նորաբաց ակումբը պարտավոր է 320 միլիոն դրամի երաշխիք ներկայացնել ՀՖՖ-ին, որից 80 միլիոն դրամը պետք է դեպոնացվի ՀՖՖ հաշվեհամարին եւ ենթական է վերադարձման միայն ակումբի՝ 3 խաղաշրջաններում անընդմեջ մասնակցությունից հետո:

Ավելին, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի նամակներից միայն մեկն է արժանացել ՀՖՖ ի պաշտոնական պատասխանին:
Սա այն դեպքում, երբ այսօր Հայաստանի Բարձրագույն խմբին մասնակցում է ընդամենը 8 թիմ, մինչդեռ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են բացառապես Բարձրագույն խմբի դուստր թիմեր: Համաձայնեք, որ նորաստեղծ ակումբից շուրջ 800 հազար ԱՄՆ դոլարի երաշխիք պահանջելը՝ խելամիտ որոշում չէ: Նույնիսկ Բարձրագույն խմբում հանդես եկող շատ ակումբներ՝ իրենց չեն կարող թույլ տալ նման ճոխություն:

Մինչեւ 2013թ-ի հուլիս ամիսը, «Ուրարտուն» 26 ստուգողական հանդիպում է անցկացրել տարբեր ներուժի տեր մրցակիցների հետ: Ակումբի ադմինիստրացիան բաղկացած է 16 աշխատակիցներից, ֆուտբոլիստների անձնակազմը՝ 28 հոգուց:

«Ուրարտուի» նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունքն աստիճանաբար դժգոհության ալիք է բարձրացնում հայ ֆուտբոլասերների շրջանում, քանի որ Հայաստանում ակումբային ֆուտբոլի վարկանիշը զգալիորեն ընկել է, եւ ներդրումներ կատարելու անհրաժեշտություն կա: Փաստ է, որ «Ուրարտուն» հայկական սփյուռքի կողմից հիմնած թիմ է, եւ այն աստիճանաբար կարող է միավորել հատկապես Ռուսաստանում բնակվող հայ մարզասերների ուժերը եւ ժամանակի ընթացքում հանգել նոր մակարդակի:

ՀՖՖ-ի նման անհասկանալի վերաբերմունքը տեսնելով, հետզհետե հասկանում ենք, թե ինչու են աշխարհի տարբեր ծայրամասերում գործունեություն ծավալած հայ գործարարները խուսափում հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարելուց: «Ուրարտուի» դեպքը կարող է լիովին փոխել իրավիճակը, հույս ներշնչել մեր հայրենակիցների շրջանում առ այն, որ Հայաստանում չկան արհեստական խոչընդոտներ` ֆուտբոլում ներդրումներ կատարելու եւ Հայաստանի ֆուտբոլային վարկանիշը բարձրացնելու գործում:

Պարոն նախախար, խնդրում ենք, որպեսզի Դուք՝ որպես լեգենդար մարզիկ, որպես հայկական սպորտի ղեկավար, եւս ուշադրություն դարձնեք Հայաստանում ամենամեծ մասսայականությունը վայելող մարզաձեւում առկա իրավիճակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով