16:08  ,  3 հուլիսի, 2013

Գեղարդ Մուսասի. Շնորհակալ եմ ինձ երկրպագող հայերին

Խառը մենամարտերի կիսածանր (93 կգ) քաշային կարգում աշխարհի լավագույն մարտիկներից է Հոլանդիան ներկայացնող Գեղարդ Մուսասին (Մովսեսյան)։ Ազգությամբ հայ 27-ամյա մարզիկը ծնվել է Իրանում։ Չորս տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո եղբոր օրինակով սկսել է մարզվել եւ մասնակցել խառը մենամարտերի։ UFC-ի վարկանիշային աղյուսակում Մուսասին 10-րդն է աշխարհում։ 186 սմ հասակ ունեցող Մուսասին տարել է 34 հաղթանակ, կրել է երեք պարտություն եւ երկու մենամարտ ավարտել է ոչ ոքի։ Տիրապետում է ձյուդոյի, բռնցքամարտի, քիկբոքսինգի տարրերի։ Եղել է Cage Warriors-ի չեմպիոն միջին քաշային կարգում, DREAM Գրան պրիի եւ DREAM-ի չեմպիոն միջին քաշային կարգում եւ Strikeforce-ի չեմպիոն կիսածանր քաշային կարգում։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Գեղարդ Մուսասիի հետ, որն այժմ վնասվածքի պատճառով մրցումների չի մասնակցում։

Գեղարդ, պատմիր ընտանիքիդ մասին: Հաճա՞խ ես լինում Հայաստանում:

Վերջին անգամ մի քանի տարի առաջ եմ եղել Հայաստանում, բայց նախատեսում եմ առաջիկայում կրկին այցելել: Ես ունեմ Հայաստանում ապրող բարեկամներ, բայց իմ հարազատների մեծ մասն ապրում է Իրանում, որտեղից էլ իմ ընտանիքը տեղափոխվել է Հոլանդիա:

Ինչո՞ւ որոշեցիր ընտրել խառը մենամարտերը:

Եղբայրս էր զբաղվում  այս մարզաձեւով, ես որոշեցի միանալ նրան եւ սկսեցի մասնակցել խառը մենամարտերի (MMA):

Ինչպե՞ս կգնահատես քո հարվածային տեխիկան: Շատերն ասում են, որ խառը մենամարտերում դու ունես լավագույն հարվածը։ Ոմանց կարծիքով էլ քո հարվածային տեխնիկան կորցրել է դիտարժանությունը, բայց ուժեղացել է քո պաշտպանությունը ոտքերի դեմ հարձակումը եւ գցումը կանխելու համար։ Դա փոխկապակցվա՞ծ է:

Ես չունեմ լավագույն կանգը, բայց ես երբեք խնդիր չեմ ունենում դրա հետ, քանի որ զգում եմ, որ ունեմ լավ պաշտպանություն: Երբ մենամարտում ես մրցակցիդ հետ, ով ցանկանում է քեզ վայր գցել, դու չես կարող լինել շատ ագրեսիվ: Ամեն բան կախված է մրցակցից, նրա մարտաոճից:

Ի՞նչ կասես վնասվածքիդ մասին: Ե՞րբ տեղի կունենա հաջորդ մրցամարտդ:

Հույս ունեմ, որ մինչեւ տարեվերջ վնասվածքս կանցնի: Ապաքինման ընքացքը ժամանակ է պահանջում: Ես կցանկանայի մենամարտել  գոտու համար:

Գեղարդ, ե՞րբ ես նախատեսում ավարտել կարիերադ:  Դու այժմ 27 տարեկան ես, շատ մարզիկներ այս մարզաձեւում մնում են մինչ 37 տարեկան: 

Ես ցանկանում էի հեռանալ 30-ում, բայց այս վնասվածքներիս պատճառով կշարունակեմ մինչեւ 33-35: Հետո կկազմեն ընտանիք, կբացեմ իմ մարզասրահը եւ կվայելեմ կյանքը:

Քո մենամարտերին հետեւում են բազմաթիվ հայեր։ Ունե՞ս նրանց ասելու ինչ-որ:

Ես բոլորին շատ շնորհակալ եմ։ Հուսամ՝ իմ հաղթանակներով նրանց կուրախացնեմ,  եւ նրանք իրենց հպարտ կզգան:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով