14:02  ,  22 ապրիլի, 2013

«Ֆերարին» խնդիրներ ունի բախտի հետ

Ֆորմուլա 1-ում թիմեր կան, որոնք խնդիրներով են մտնում մրցուղի, եւ կան թիմեր, որոնց խնդիրները հետապնդում են տվյալ մրցուղում մինչ այդ կասկածի որեւէ տեղ չթողնելով: Ուրբաթ եւ շաբաթ օրերը ոչ ոք չէր ասի, թե Ֆերնանդո Ալոնսոն եւ Ֆելիպե Մասան խնդիրներ կունենան հիմնական մրցման ժամանակ:

Սախիրում մի կերպ 8-րդ տեղը գրավելուց հետո աշխարհի կրկնակի չեմպիոնը կակնարկի. «Լավ մրցումը ենթադրում է նաեւ բախտի տարր»: Մասան ընդհանրապես հաջողացրեց մի քանի շրջանում երկու անգամ ծակել բոլիդի ետեւի ձախ անվադողը: «Դա ընդամենը անհաջողություն էր»,- անվադողերի «թասիբին» կկանգնի Pirelli Motorsport-ի ղեկավար Պոլ Հեմբրին: Բահրեյնում եզրագիծը 15-րդ տեղում հատելուց հետո Մասան կավելացնի. «Իմ բախտը չբերեց: Հաճախ ասում են, որ մեր մարզաձեւում հնարավոր է ամեն ինչ, բայց ինչու է դրանց մեծ մասը այդքան մեր դեմ»:

Ի՞նչ տեղի ունեցավ Ալոնսոյի հետ: Նա հրաշալի մեկնարկեց: Հենց մեկնարկից վազանցեց երկրորդ տեղից մեկնարկած Ֆետելին, սակայն մի քանի շրջադարձ հետո Ֆետելը վերադարձրեց իր քրտինքով վաստակած տեղը: Փոխարենը Ֆետելը մի քանի շրջան հետո վազանցեց առաջին տեղից մեկնարկած հայրենակից, «մերսեդեսցի» Նիկո Ռոսբերգին, որին  իր հերթին երկու անհաջող փորձից հետո շրջանցում է նաեւ Ֆերնանդո Ալոնսոն: Նա երկրորդ տեղում է: Ֆետելը շրջան շրջանի հետեւից ցուցադրում է լավագույն արդյունքը: Եվ հանկարծ 6-րդ շրջանում կանչ պիտ-լեյնից. «Ֆերնանդո, շտապ մտիր պիտ-կանգառ»: Պատահել էր սարսափելին: Շարքից դուրս էր եկել Ալոնսոյի DRS-ը: Այսինքն, Ալոնսոն չի կարող օգտագործել բոլիդի թիկունքի վերին հակաթեւի տուրբուլենտային կարգավորումը: Երբ այն բացում ես, մեքենան կորցնում է սեղմման ուժը եւ մի քանի անգամ ավելացնում է արագությունը: Այն հեշտացնում է վազանցը:

DRS-ը կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ բոլիդը մեկ վայրկյան է զիջում առջեւից ընթացողին: Մեկ վայրկյանից 0,01 վայրկյան ավել տարբերության դեպքում DRS-ը միացնելն արգելվում է: Բառացի այն կոչվում է տուրբուլենտության նվազեցման համակարգ: Այդ համակարգը բոլիդի «հարաբերությունն» է քամու կամ, ավելի ճիշտ, մթնոլորտային հոսանքի հետ: Երբ DRS-ը փակ է, մինիմում 300 կմ/ժ արագությամբ ընթացող բոլիդը իրեն ընդառաջ մթնոլորտային հոսանքի գերին է: Հենց բացում ես, այն, այսպես ասած, անցնում է բոլիդի միջով ու դադարում խանգարել քեզ: Շրջադարձերում DRS-ի կիրառումը վտանգավոր է, քանի որ արագության տակ բոլիդն ուղղակի կարող է դուրս շպրտվել մրցուղուց: DRS-ը թույլատրվում է կիրառել միայն մրցուղու ուղիղ հատվածում, այն էլ FIA-ի նախապես հայտավորած մասում:

Ֆորմուլա 1-ի նախկին արշավորդ Մարտին Բրանդլը, օրինակ, դեմ է այդ համակարգին: Նա ասում է. «Եթե մինչեւ DRS-ի ներմուծումը դժվար էր վազանցելը, դրանից հետո այն դարձել է խաղ ու պար»: Ըստ Բրանդլի, արշավորդի վարպետությունը տուժում է DRS-ի կիրառումից, քանի որ համակարգը արշավորդի փոխարեն «կազմակերպում» է ամեն ինչ: Սախիրում FIA-ն DRS-ի համար նախատեսել էր DRS-ի ակտիվացման երկու զոնա: Եվ 6-րդ շրջանից սկսած Ալոնսոն կորցնում է այդ առավելությունը: Այսինքն, նրա DRS-ը չի փակվում, նա ամբողջ ընթացքում խոցելի է մթնոլորտային հոսանքի համար, հիմա ինքը DRS-ի գերին է, ոչ թե նրա տերը: Բացի դրանից, FIA-ի կանոններով բուն մրցման ընթացքում ամբողջ շրջանի համար բաց DRS-ով աշխատելն արգելվում է: Այն եւ վտանգավոր է, եւ եթե կարողացար բոլիդը կառավարել, հսկայական առավելություն է տալիս:

Պիտ-կանգառում «Ֆերարիի» մեխանիկները ձեռքով փակում են DRS-ը: 7-րդ շրջանում Ալոնսոն կրկին վերադառնում է պիտ-կանգառ DRS-ը կարգի բերելու վերջին ապարդյուն ջանքի համար: Պարզվում է, որ ոչինչ անել հնարավոր չէ: Եվ փաստորեն առանց DRS-ի Ալոնսոն ամբողջ մրցման ընթացքում կատարում է մի քանի վազանց (Սերխիո Պերես, Ջենսոն Բատոն) եւ նույնիսկ 41-րդ շրջանն անցնում է մրցման 3-րդ լավագույն արդյունքով՝ 1 րոպե 37,204 վայրկյան: Չնայած «բախտի» հետ ունեցած «անհաղթահարելի» խնդիրներին, Ալոնսոն գրավում է 8-րդ տեղը՝ վաստակելով 3 միավոր, փոխարենը ամբողջ 30 միավորով ետ մնալով առաջատար Սեբաստյան Ֆետելից:

Դե իսկ նույնիսկ ձանձրալի է նշել, որ Սախիրում հաղթեց աշխարհի եռակի չեմպիոնը: Տպավորություն է, թե հատուկ Ֆետելի համար «Ռեդ Բուլը» սեփականաշնորհել է ճակատագիրը:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում