13:52  ,  12 ապրիլի, 2013

Լեւոն Արոնյանի բժիշկ-հոգեբան. Լեւոնը չի ցանկանում կենտրոնանալ պարտության վրա

«Հավակնորդների մրցաշարի օրերին Լոնդոնում շատ վատ եղանակ էր: Անգամ դուրս գալ զբոսնել չէր լինում՝ քամիներ, անձրեւ: Իսկ  մենք նախատեսել էինք վազել, մարզվել, ինչպես միշտ անում ենք մրցումների ժամանակ: Ի տարբերություն այլ շախտամտիստների, Լեւոնը այդքան էլ չի սիրում մարզվել մարզասարքերի դահլիճում: Նա հաճույք է ստանում բնության հետ շփվելուց: Սիրում է նաեւ պարզապես զբոսնել: Այդ ամենից նա զրկված էր Լոնդոնւմ: Ինչն էլ գուցե իր բացասական դերը խաղաց մրցաշարի ավարտին»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի բժիշկ-հոգեբան Արմեն Աղուզումցյանը:

Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի առաջին շրջանը հիանալի անցկացրեց, իսկ երկորրդում կրեց երեք պարտություն: Ֆիզիկական եւ հոգեբանական հյուծվածությունը կարո՞ղ էր լինել դրա պատճառը:

Դժվար է ասել կոնկրետ պատճառներ, թե ինչու մրցաշարի երկրորդ մասում Լեւոնի խաղը չհաջողվեց: Նման մրցաշարների ժամանակ արդյունքի վրա ազդող գործոնները բազմաթիվ են: Իհարկե, շախմատում հաջողակ լինելու գործոնը շատ ավելի փոքր է, քան այլ մարզաձեւերում, սակայն այն փաստը, որ շախմատիստներից ոչ ոք չկարողացավ ցույց տալ լավագույն խաղը ամբողջ մրցաշարի ընթացքում, այդ գործոնը եւս ազդեց արդյունքի վրա: Անգամ Կարլսենը վերջին վճռորոշ պարտիաներում չկարողացավ  հաղթանակ տանել: Այո, առաջին եւ երկրորդ կեսերը Լեւոնը տարբեր անցկացրեց: Լեւոնը լավ ֆիզիկական մարզավիճակում էր գտնվում:  Մրցաշարի օրերին Լոնդոնում շատ վատ եղանակ էր: Անգամ դուրս գալ զբոսնել չէր լինում՝ քամիներ, անձրեւ: Իսկ  մենք նախատեսել էինք վազել, մարզվել, ինչպես միշտ անում ենք մրցումների ժամանակ: Ի տարբերություն այլ շախտամտիստների, Լեւոնը այդքան էլ չի սիրում մարզվել մարզասարքերի դահլիճում: Նա հաճույք է ստանում բնության հետ շփվելուց: Սիրում է նաեւ պարզապես զբոսնել: Այդ ամենից նա զրկված էր Լոնդոնում: Ինչն էլ գուցե իր բացասական դերը խաղաց մրցաշարի ավարտին: Այն հյուրանոցում, որտեղ մենք մնում էինք, կար շատ փոքր մարզասրահ, իսկ քաղաքի կենտրոնում չկար այնպիսի տեղ, որտեղ հնարավոր կլիներ ակտիվ սպորտով զբաղվել: Հոգեբանորեն միայն Լեւոնը գիտի, թե ինչ տեղի ունեցավ: Ամեն ինչ կարող էր շատ այլ ձեւ լինել: Մեկ հաղթանակ, մեկ պարտություն չլիներ, գուցե ամեն բան այլ լիներ: Բայց եղավ այն, ինչ եղավ: Լեւոնը կպատրաստվի հաջորդ տարվա հավակնորդների մրցաշարին:

Ո՞ր պարտությունը Լեւոնն ավելի ծանր տարավ:

Առաջին պարտությունը եւս ազդող էր, բայց Լեւոնը կարողացավ հավաքվել: Գուցե ինչ-որ հետք թողեց դա իր մոտ: Բայց ամենից կարեւորը երկրորդ պարտությունն էր Սվիդլերից: Դրանից հետո Լեւոնը չկարողացավ ցուցադրել իր խաղը: Կցանկանայի նշել, որ մրցաշարի ընթացքում նա չէր հետեւում մրցակիցների միավորներին, այլ պարզապես խաղում էր շախմատ:

Ի՞նչ կասեք ներքին մթնոլորտի մասին: Ի՞նչ հարաբերություններ էին շախմատիտսների միջեւ: Ինչպիսի՞ն էր շփման մեջ Կարլսենը:

Նրանք բոլորը շատ տարբեր են: Կան մարդիկ, ովքեր սիրում են շփվել, մյուսները հակառակը՝ նախընտրում են մեկուսացված լինել: Կարլսենը փակ մարդ է: Ասում են, որ նա փոքրուց է այդպիսին: Դա բացասական երեւույթ չէ, պարզապես նա այդ տեսակի մարդ է: Բայց իրար հետ բոլորը ջերմ էին: Անգամ պարտվելուց նորմալ զրուցում էին: Լեւոնն այդ հարցում ամենից շփվողներից էր: Սպորտում տարածված է կարծիք, որ մարզիկների առօրյան պտտվում է միայն սպորտի շուրջ եւ յուրաքանչյուր խաղ դա կյանքի եւ մահվան խնդիր է: Ես ուրախ եմ, որ Լեւոնը այդպիսին չէ եւ բացի լավատեսորեն նայելուց առաջ, նաեւ լավ շփում է պահպանում մրցակիցների հետ նույնիսկ պարտությունից հետո: Նա ունի բազմաթիվ հետաքրքրություններ եւ ապրում է ակտիվ կյանքով:

Ի՞նչ հետեւություններ արեցիք այս մրցաշարից, եւ գտա՞ք արդյոք սխալները:

Լեւոնը երկար զրուցեց իր թիմի հետ: Նա գիտակցում էր, որ ինչ-որ տեղ սխալներ է արել: Նա արդեն աշխատում է դրանց շտկման ուղղությամբ եւ չի ցանկանում կենտրոնանալ պարտության վրա, քանի որ նա իր բնույթով մարտնչող է: Լեւոնը առաջ է նայում, պատրաստվում է նոր մրցաշարերին: Մոտ օրերս կմեկնարկի Ալյոխինի հուշամրցաշարը, իսկ հետո էլ Նորվեգիայում կմասնակցի սուպերմրցաշարի: Լեւոնը կպատրաստվի հաջորդ տարի հավակնորդների մրցաշարին:

Կցանկանայի ասել նաեւ, որ հենց սկզբից Հայաստանում Լեւոնին անընդհատ ասում էին, որ մենք ապրիլին տոնելու ենք իր հաղթանակը: Ցավոք այդպես չեղավ, սակայն հավատում եմ, որ այդ տոնը մենք կունենանք: Լեւոնը երիտասարդ է եւ աշխարհի լավագույն շախմատիստներից է: Նրան դեռ սպասում են բազմաթիվ մրցաշարեր եւ հաղթանակներ: Մենք էլ բոլորս պետք է օգնենք նրան, ինչով կարողանանք: Պետք չէ մեկ մրցաշարի արդյունքով հոռետես դառնալ: Ես հավատում եմ, որ Լեւոնը կարող է դառնալ աշխարհի չեմպիոն:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով