01:23  ,  30 մարտի, 2013

Դմիտրի Սելյուկ. «Կուբանը» թույլ չի տալիս Օզբիլիսին տեղափոխվել անգլիական Պրեմյեր լիգա

«Կուբանը» թույլ չի տալիս Արաս Օզբիլիսին տեղափոխվել անգլիական Պրեմյեր լիգա,  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայտնի ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը, ով ներկայացնում է մի մի շարք հայտնի ֆուտբոլիստների շահերը՝ այդ թվում եւ Արաս Օզբիլիսի:

Պարոն Սելյուկ, վերջերս մամուլում հայտնել էիք, որ «Կուբանի» ղեկավարությունը ստիպում է Արաս Օզբիլիսին այլեւս չհամագործակցել Ձեզ հետ: Ի՞նչ է իրականում պատահել:

Արասը շատ լավ ֆուտբոլիստ է: Բացի այդ, նա շատ լավ մարդ է: Ժամանակին ես նրան «Այաքսից» բերեցի «Կուբան»: Նա շատ լավ է խաղում: Երբ Արասը տեղափոխվում էր «Կուբան», մենք ակումբի սեփականատեր Օլեգ Մկրտչյանի հետ պայմանավորվեցինք, որ լավ առաջարկի դեպքում այլ թիմից, «Կուբանը» նրան բաց կթողնի: Բնականաբար, «Կուբանը» Արասի երազանքների գագաթնակետը չէ: Նա եկել է «Այաքսից», ոչ թե «Բանանցից»: Ես ունեմ փաստաթուղթ, որն ապացուցում է, որ «Կուբանը» պատրաստ է բաց թողել Արասին լավ առաջարկի դեպքում: Երբ ես առաջարկեցի Արասին այլ ակումբներին, Մկրտչյանը հանկարծ մտափոխվեց: Բացի այդ, նրանք սկսեցին ճնշում գործադրել Արասի վրա, որ նա այլեւս չհամագործակցի ինձ հետ: Այսօրվա դրությամբ ես աշխատում եմ մի քանի թիմերի հետ, որոնցում Արասը կարող է շարունակել իր կարիերան: Դա կլինի մեկ քայլ առաջ:

Կասե՞ք, թե որ թիմերն են: Ասում էին, թե Մոսկվայի «Դինամոն» է հետաքրքրվում նրանով:

Խնդիրը առաջացավ հենց «Դինամոյից»: Ես զրուցեցի Պետրեսկուի հետ, նա երեւի այդ մասին ասաց «Կուբանին» եւ սկսվեց խնդիրը, թե ինչ իրավունք ունեմ ես: Բացի «Դինամոյից», Օզբիլիսով հետաքրքվում է նաեւ եվրոպական մի ակումբ, որն այս տարի հանդես էր գալիս Չեպիոնների լիգայում: Թիմերից մեկն էլ հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ես լավ հեղինակություն ունեմ Եվրոպայում: Աշխատում եմ տարբեր թիմերի հետ: Արասի հարցում ամեն բան ավելի հեշտ կլինի՝ նա եվրոպական քաղաքացիություն ունի: Ես միշտ աշխատում եմ բարին անել իմ ֆուտբոլիստներին: Ես ոչ մեկի երբեք չեմ խաբել: Պատրաստ եմ տեղավորել հայ ֆուտբոլիստներին լավ ակումբներ:

Օրինակ՝ Մարկոս Պիզելին: Նրան ժամանակին ցանկանում էր գնել «Կրասնոդարը», բայց նրան չվաճառեցին: Այժմ Պիզելին նստած է պահեստայիննների նստարանին: Երբ ֆուտբոլիստը մոտեցավ թիմի մարզական տնօրենին, նրան ուղարկեցի «երեք ուրախ տառի վրա»: Գեւորգ Ղազարյանը այժմ ընդհանրապես չի խաղում «Մետալուրգում»: Փոխանակ նրա համար նոր թիմ գտնեն, Գեւորգը նստում է պահեստայինների նստարանին: Եթե հարցնենք «Շախտյորի» նախագահին, նա ձեզ կասի, որ ես եմ վարել բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի՝  «Շախտյոր» տեղափոխվելու վերաբերյալ: Դրա համար եմ ասում Ձեզ, որ Հայաստանում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան եւ պետք չէ որ նրանք սահմանափակվեն «Մետալուրգով» եւ «Կուբանով»: Ես կարող եմ օգնել նրանց, բայց այնպես չլինի, որ հետո վերեւներից հրահանգ լինի՝ այլեւս ինձ հետ չաշխատել: Խնդիր չկա, ես կարող եմ չաշխատել, բայց դա ձեռնտու չի լինի ոչ մեկի համար:

Ժամանակին Յայա Տուրեն էլ տեղ չէր գտնում «Բարսելոնայի» հիմնական կազմում: Մենք գտանք նրան նոր թիմ՝ «Մանչեսթեր Սիթին»: Բայց Ղազարյանի եւ Պիզելիի համար չեն ցանկանում նոր թիմ գտնել: Ես խոսել եմ Արասի հետ: Նա բնականաբար ապրումների մեջ է: Նրան անհարմար է, քանի որ ես եմ բերել նրան այս թիմ: Այժմ Արասը շատ լավ մարզավիճակում է: Նրա հանդեպ մեծ հետաքրքրություն կա: Ժամանակն է, որ նա գնա: Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը: Կլինի արդյոք այսպիսի հետաքրքրություն : Չէ որ սա քայլ առաջ է: Իսկ Պիզելին այժմ չի խաղում եւ նրան չեն ցանկանում գնել: Այժմ մեր այս վիճաբանության հետեւանքով գուցե նրան սկսեն խաղացնել մի քանի խաղ, իբր ցույց տալով թե սիրում են Հայաստանը: Բայց դա ժամաակավոր է: «Կուբանի» կենտրոնական գոտին զբաղված է: Եթե Պիզելին խաղա, պետք է խաղա Օզբիլիսի տեղը:

Եթե պետք չէ, որ ես աշխատեմ Արասի հետ, ուրեմն դա է ճակատագիրը: Բայց ես միշտ կփորձեմ նրան օգնել: Այսօրվա ֆուտոլում բոլորը փորձում են խաբել: Պայմանագիր են կնքում, հետո պարզվում է՝ այնտեղ կան ինչ-որ կետեր: Դրա համար ֆուտբոլիստին պետք է օգնող: Ինձ հետ աշխատելուց առաջ Արասն ուներ հոլանդացի գործակալ եւ ամսական աշխատավարձը նրա կազմում էր հինգ հազար  եվրո: Ես Արասից մի լումա չեմ վերցրել: Ես ապահովված մարդ եմ:

Ձեր գործակալության միջոցով ցանկանում եմ դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Գիտեմ, որ Ռուբեն Հյարապետյանը շատ է սիրում հայկական ֆուտբոլը: Ես մեծ սիրով կհրավիրեմ նրան դիտելու որեւէ հետաքրքիր հանդիպում: Օրինակ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ մենք կարող ենք քննարկել մեր համագործակցությունը: Ես  շատ եմ ցանկանում աշխատել հայ ֆուտբոլիստների հետ: Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հանդես գալ լավ թիմերում: Ցավոք, հաճախ լինում է հակառակը: Այս պահին նույն Մկրտչյանը խոչընդոտում է դրան: Քիչ են իսկական մասնագետները, ովքեր կօգնեն ֆուտբոլի աճին: Ֆուտբոլիստները պետք է խաղան լավ թիմերում: Մի քանի հաղթանակները դեռ հաջողության գրավական չեն երիտասարդ ֆուտբոլիստների համար: Կան շատ ակումբներ Չեխիայում, Գերմանիայում, որտեղ ֆուտբոլիստներին կսովորեցնեն ճշգրտությանը, ագրեսիային: Այդ ամենը կծառայի հայկական ֆուտբոլի զարգացմանը եւ օգուտ կբերի հավաքականին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս