21:49  +04,  21 մարտի, 2013

Մուսա Մուրթազալիեւ. Փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի պատիվը բարձր պահեմ

«Ըմբշամարտն այնպիսի մարզաձեւ է, որ անկանխատեսելի է եւ շատ սխալ կլինի կանխավ հայտարարություններ անել, թե այո ես մեդալ բերելու եմ: Ցանկությունը շատ մեծ է, դա անխոս»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբիշ Հայաստանի 84 կգ քաշային կարգը ներկայացնող Մուսա Մուրթազալիեւը:

Մուսա Մուրթազալիեւը Հայաստանի վերջին մասնակիցն է Թբիլիսիում ընթացող  ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մուսա, դու, լինելով դաղստանցի, ներկայացնում ես Հայաստանը,: Ի՞նչ է քեզ համար նշանակում Հայաստանի հավաքականում հանդես գալը:

Ես արդեն երկար ժամանակ է Հայաստանի դրոշի ներքո եմ հանդես գալիս եւ ներկայացնում Հայաստանը տարբեր միջազգային մրցաշարերում: Հավաքականում ինձ շատ լավ եմ զգում, իմ հնարավորությունների չափով փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի պատիվը բարձր պահեմ տարբեր մրցասպարեզներում: Նույն ոգով նաեւ տրամադրված եմ այս Եվրոպայի առաջնությանը:

Սա արդեն իմ երրորդ մասնակցությունն է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում: Կարծում եմ` երրորդ փորձի շնորհիվ է, որ առանձնապես չեմ անհանգստանում:

Պատրա՞ստ ես առաջնությանը:

Այո, լիովին պատրաստ եմ: Անցել եմ երկու ուսումնամարզական հավաք: Երկար ու ծանր մարզումներ եմ անցկացրել եւ լիարժեք պատրաստ եմ պայքարի: Վնասվածքներ չունեմ, ինձ խանգարող որեւէ հանգամանք չկա:

Իսկ ո՞ւմ ես համարում մրցակից Եվրոպայի առաջնությունում քեզ:

Մրցակից համարում եմ բելառուսներին, ռուսներին, թուրքերին: Շատ են մրցակիցները: Նույնսիկ կարելի է ասել` բոլորն էլ հավանական մրցակիցներ են: Այնպես որ, չեմ թերագնահատի ոչ ոքին:

Մեդալ բերելո՞ւ ես:

Տեսնենք՝ ինչպես կստացվի: Ըմբշամարտն այնպիսի մարզաձեւ է, որ անկանխատեսելի է եւ շատ սխալ կլինի կանխավ հայտարարություններ անել, թե այո, ես մեդալ բերելու եմ: Ցանկությունը շատ մեծ է, դա անխոս: Տրամադրված եմ լավին: Կարծում եմ կան հաջողության հասնելու հնարավորություններ: Քանի որ բոլոր պայմանները ստեղծվել են, որ ինչպես ես, այնպես էլ հավաքականի մյուս անդամները լավ մարզվեին եւ նախապատրաստվեին այս առաջնությանը: Այնպես որ, եթե ինչ-որ թերացում էլ լինի, ապա դա միայն իմ բացթողումը կլինի:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ