01:02  ,  20 մարտի, 2013

Դավիթ Սաֆարյան. Շատ ուրախ եմ, որ 9 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ ունի ազատ ոճի ըմբշամարտում

«Ես շատ ուրախ եմ, որ ինը տարվա դադարից հետո, Հայաստանը կրկին ոսկե մեդալ ունի ազատ ոճի ըմբշամարտում: Ինձ համար կրկնակի հաղթանակ է սա, քանի որ ես հաղթեցի թուրքին: Մասնավորապես երբ դուրս եկա մրցագորգ եւ հանդիսատեսի շարքերում տեսա թուրք երկրպագուներին, Թուրքիայի դրոշներով: Կողքին հայ երկրպագուներ` Հայաստանի դրոշով:  Դա ինձ ոգեշնչեց եւ պարտավորեցրեց, որ այս հաղթանակը լինի Հայաստանինը»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Թբիլիսիում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց ոսկե մեդալ: 66 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը եզրափակիչում գոտեմարտեց թուրք Յակուպ Գորի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Մեկնարկային գոտեմարտում Սաֆարյանն առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Էրիկ Ֆիկեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Սաֆարյանը 3:1 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Կոնտոեւին, կիսաեզրափակիչում նա 3:1 հաշվով առավելության հասավ ռումինացի Միխայիլ Սավայի նկատմամբ:

Դավիթ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ հաղթանակիդ  կապակցությամբ: Ինչպե՞ս ես քեզ զգում:

Շնորհակալություն: Շատ լավ, հաղթանակով պայմանավորված: Բայց ընդհանուր առմամբ մի փոքր հոգնած եմ:

Չորս գոտեմարտ անցկացրեցիր: Բա՞րդ տրվեց ոսկե մեդալը:

Այո, բարդ էր: Սակայն չգիտես ինչու ինձ հեշտ էր թվում: Մեկնարկային գոտեմարտում հակառակորդս ֆրանսիացի էր: Անմիջապես նրա հետ գոտեմարտի ընթացքում հասկացա, որ այս առաջնությունում հաղթանակները հեշտ չեն տրվի: Ֆրանսիացու հետ գոտեմարտը մասնավորապես բավական բարդ ընթացավ, քանի որ ծնկի եւ ուսի վնասվածք ստացա: Բայց այդքան ծանր վնասվածքներ չէր, որ չկարողանայի շարունակել ելույթս առաջնությունում: Վնասվածք ստանալուց հետո ինքս ինձ այսպես ասած խոստացա, որ միեւնույն է ես ամեն գնով պետք է ավարտեմ գոտեմարտը իմ օգտին:

Երկրորդ մրցակիցս` բելառուսը, էլ ավելի ուժեղ էր, քանի որ Եվրոպայի նախկին չեմպիոն էր: Նրա հետ գոտեմարտն էլ բավական դժվար էր: Նա բավական փորձառու ըմբիշ էր, երկար տարիներ մարզված 30 անց ըմբիշ է: Նրա հետ գոտեմարտում առաջին երկու փորձս անհաջող ստացվեց, բայց արդեն երրորդ փուլից հաջողությունը շրջվեց իմ կողմը եւ իմ հնարքը հասավ նպատակակետին` միավորներով առավելության հասա:

Կիսաեզրափակիչում հանդիպեցի մոլդովացու հետ, ում հետ գոտեմարտելուց առաջ մի քանի խորհուրդներ հասցրեց ինձ տալ Արայիկ Բաղդադյանը: Այս գոտեմարտի ընթացքում ավելի զգոն էի, քանի որ հասկանում էի` չի կարելի ոչ մի գնով պարտվել: Հավաքեցի բոլոր ուժերս եւ արագաշարժության, ակտիվության շնորհիվ միավորներ վաստակեցի` հնարավորություն չտալով մրցակցիս որեւէ հնարք իր նպատակին հասցնել: Այս հաղթանակն էլ իմ օգտին եղավ եւ դուրս եկա եզրափակիչ` թուրք մրցակցի դեմ:

Ի՞նչ զգացողությամբ մրցագորգ դուրս եկար:

Թուրք ըմբիշի հետ գոտեմարտս իսկապես շատ բարդ անցավ: Նախ ես նրան շատ լավ ճանաչում էի, սա մեր երրորդ հանդիպումն էր մրցագորգում: Սակայն ես վստահ էի, որ այս հաղթանակն էլ էր իմը: Ինձ համար կրկնակի հաղթանակ էր, որ թուրքին պետք է հաղթեմ: Ինքս իմ մեջ մտածում էի, միեւնույն է, ես եմ հաղթելու, նրա բախտն ուղղակի բերել է, որ դուրս է եկել եզրափակիչ, բայց ես թույլ չեմ տա այդքանից ավել նա անի: Ակտիվությունս կրկնապատկվեց, ինչի շնորհիվ ես միավորներ վաստակեցի:

Իսկ այն փաստը, որ մրցակիցը թուրք է, դա ինչ-որ բանով քեզ ոգեշնչում էր:

Այո, միանշանակ: Երբ ես դուրս եկա մրցագորգ հանդիսատեսի շարքերում տեսա թուրք երկրպագուների Թուրքիայի դրոշով: Կողքին հայ երկրպագուներ էին Հայաստանի դրոշով: Դա ինձ շատ ոգեւորեց եւ ոգեշնչեց: Ես այդ պահին հասկացա, թե իմ հաղթանակը որքան կարեւոր է իմ ազգի համար, եւ ես որքան իրավունք չունեմ այդ դրոշը պահողներին հուսախաբ անել: Դա ինձ շատ օգնեց գոտեմարտի ընաթցքում:

Ի՞նչ կասես մրցավարության մասին: Արդա՞ր էր ամեն ինչ:

Մրցավարությունից շատ գոհ եմ: Ամեն ինչ իսկապես արդար էր: Որոշ բաներ ըմբշամարտում փոխվել են, ինչն իսկապես զգացվեց նույնիսկ մրցավարությունում: Օրինակ` եթե դու պասիվ ես, քո հակառակորդին կարող են միավորներ տալ: Այդ մասին ես արդեն գիտեի, այդ իսկ պատճառով ամեն գնով ակտիվ էի:

Դավիթ, այս չորս գոտեմարտերից ամենադժվարը ո՞րն էր:

Թուրքի հետ գոտեմարտը: Բայց չեմ ասում դա նրա համար, որ մրցակիցս թուրք էր: Ով էլ լիներ մրցակիցս, ոսկու համար վերջին պայքարը միշտ էլ բարդ է լինում:

Թուրք մրցակիցդ հեշտությա՞մբ ընդունեց պարտությունը:

Կարծում եմ` նա այո, բայց նրա թիմակիցները` ոչ:  Նրանք շատ զայրացած էր: Զայրացած էին նաեւ նրա մարզիչները: Գոտեմարտի ավարտին նրան մոտեցավ ֆեդերացիայի նախագահը եւ զայրացավ թուրք ըմբիշի վրա:

Ի՞նչ զգացիր, երբ ոսկե մեդալը քեզ հանձնեցին:

Սկզբից չէի գիտակցում: Շփոթված էի, երբ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին մոտեցավ եւ շնորհավորեց ինձ: Հետո նոր աստիճանաբար հասկացա, որ ես Հայաստանին ոսկե մեդալ եմ պարգեւել:

Ի՞նչ է այս հաղթանակը քեզ համար:

Հայաստանը 9 տարի ոսկե մեդալ չէր նվաճել ազատ ոճի ըմբշամարտում: Բոլոր գույների մեդալներն ունեցել ենք, բացի ոսկուց: Շատ ուրախ եմ, որ այսպես եղավ եւ ոսկին Հայաստանը նվաճեց:

Այժմ մի փոքր կհանգստանամ եւ կնախապատրաստվեմ աշխարհի առաջնությանը: Երբ նվաճեմ աշխարհի առաջնության ոսկե մեդալը, այդ ժամանակ նոր կմտածեմ Ռիո-2016-ում օլիմպիական ոսկու մասին: Դա իմ երազանքն է:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո` Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով