21:32  ,  18 մարտի, 2013

Էդգար Ենոքյան. Վիրահատությունից հետո սա իմ առաջին լուրջ եւ կարեւորագույն մրցաշարն է

«Գորգ եմ դուրս գալու միայն հաղթելու նպատակով: Վնասվածքից եւ վիրահատությունից հետո սա իմ առաջին լուրջ եւ կարեւորագույն մրցաշարն է»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 96 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Էդգար Ենոքյանը։

Մարտի 19-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները:

Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը գորգ դուրս կգա Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը:

Էդգար, դու բաց թողեցիր 2012-ի Եվրոպայի առաջնությունը, Լոդնոնի Օլիմպիական խաղերին չկարողացար մասնակցել: Ինչպե՞ս ես պատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Այժմ շատ լավ մարզավիճակում եմ: 1.5 տարի առաջ ոտքի վնասվածք ստացա եւ հնարավորություն չունեցա մասնակցել 2012-ի Եվրոպայի առաջնությանը: Բացի այդ չկարողացա նվաճել նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ վիրահատվեցի եւ այժմ սա իմ առաջ կարեւորագույն մրցաշարն է վիրահատությունից հետո:

Արդեն 6-րդ ամիսն է վերադարձել եմ մեծ սպորտ այդ վնասվածքից հետո: Արդեն մասնակցել եմ մի քանի միջազգային մրցաշարերի, բայց որպես առաջին կարեւորագույն ստուգատես, սա առաջինն է: Լավ եմ պատրաստված, լավ մարզավիճակում եմ: Կարծում եմ այս անգամ ինձ ոչինչ չի խանգարի մեդալ նվաճել մեր հավաքականի համար: Հույս ունեմ նաեւ, որ վնասվածքս չի հիշեցնի եւ չի խանգարի ինձ գորգում, չնայած լիովին ապաքինված եմ: Հուսամ, այս Եվրոպայի առաջնությունում հաջողությունը կժպտա ինձ:

Իսկ հոգեբանոեր պատրա՞ստ ես գորգ դուրս գալուն:

Արդեն այո, պատրաստ եմ: Նույնիսկ ավելին, վստահ եմ ուժերիս վրա եւ նույն վստահությամբ էլ դուրս կգամ մրցագորգ. նույնիսկ մի փոքր կարոտած մրցաշարային գորգին: Տրամադրությունս շատ բարձր է: Գորգ եմ դուրս գալու` միայն հաղթելու նպատակով:

Ինչ մեդալի ակնկալիք ունե՞ս:

Թե ինչ մեդալ կբերեմ ինձ հետ Վրաստանից, չեմ կարող ասել, բայց հուսով եմ եւ վստահ, որ մեդալ լինելու է: Իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անելու եմ, որ լավ լինի:

Ո՞ր երկրի ներկայացուցչին ես տեսնում մրցակից:

Ես որեւէ երկրի ներկայացուցչի չեմ թերագնահատում եւ իրավունք էլ չունեմ թերագնահատելու: Ամեն գոտեմարտի ես մոտենում եմ որպես իմ վերջին գոտեմարտի եւ առաջնությանն էլ եմ այդպես վերաբերվում: Կարծում եմ գորգ դուրս եկող յուրաքանչյուր ըմբիշ պետք է այնպես գոտեմարտի, ինչպես ասես դա իր վերջին գոտեմարտն է` բոլոր ուժերով եւ հնարավորություններով:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո` Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս