16:14  ,  8 մարտի, 2013

Հայ կանայք սպորտում

Կնոջ դերը յուրաքանչյուր բնագավառում ոչ միայն հաճելի է, այլ` երբեմն նաեւ պարտադիր: Սպորտը մշտապես համարվել է տղամարդկանց ոլորտ, մի բնագավառ, որտեղ գերիշխել են միայն տղամարդիկ: Իսկ կանանց ներկայությունը սպորտում մշտապես եղել է անընդունելի կամ որոշ հասարակություններում նաեւ անհարգալի:

Մեր օրերում այդ պատնեշը հաղթահարվել է կանանց կողմից եւ սպորտը բնութագրվում է նաեւ կանանց մրցապայքարներով, հաղթանակներով: Այսօր արդեն շատ մարզաձեւերում կանանց մրցումները ոչ պակաս գրավիչ եւ լարված են անցնում, ինչպես տղամարդկանց մրցումները: Նույնիսկ կին մարզուհիների համեստ ձեռքբերումները սպորտում երբեմն ավելի լուրջ դրական արդյունք են տալիս ազգային սպորտին, քան տղամարդկանց ձեռբքերումները: Այսօր կնոջ դերը սպորտում մեծ է եւ նույնիսկ պարտադիր: Տարբեր ազգերի կին մարզուհիներ իրենց հաջողություններով կարողանում են հաղթանակ պարգեւել տվյալ պետությանը, նվաճել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների չեմպիոնի տիտղոսներ, մինչեւ անգամ Օլիմպիական խաղերի բաղձալի ոսկե մեդալներ:

Այս ամենից ետ չեն նաեւ հայ կանայք: Հայ կանայք եւս հրաշալի դրսեւորվում են Օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: Հայ կնոջ դերն ու նշանակությունը սպորտում տարիներ շարունակ բարձր է եղել: Ուրախալի է, որ Հայաստանի սպորտի պատմության մեջ կանանց անուններ շատ են հիշատաակվում, ինչը նշանակում է, որ նրանց ներդրումը հայկական սպորտի զարգացման մեջ շատ է եղել:

Հայ կանայք փայլել են գրեթե բոլոր մարզաձեւերում` տալով Օլիմպիական չեմպիոններ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ եւ ուղղակի լավ մարզուհիներ:

Օլիմպիական մեդալներ Հայաստանին պարգեւել են` աթլետիկայից Ֆաինա Մելնիկը` Մյունխենի 20-րդ օլիմպիական խաղերին` 1972 թվականին, Զինաիդա Սարգսյանը` հրաձգությունից, ծանրամարտից Հռիփսիմե Խուրշուդյանը` Լոնդոն-2012-ում:

Քիչ չեն եղել նաեւ Աշխարհի չեմպիոնները` Հրաձգություն` Զինաիդա Սիմոնյան`  (1974) եւ Երջանիկ Ավետիսյան (1994, 1999, 2001, 2006), ծանրամարտ` Նազիկ Ավդալյան(2006), սամբո`Քրիստինե Նաջարյան (1998, 2004), Արեւիկ Կարապետյան(1999):

Հայ կանայք Հայաստանի դրոշը բարձրացրել են  նաեւ Եվրոպայի առաջնություններում`    ծանրամարտ` Մելինե Դալուզյան (2007, 2008), Նազիկ Ավդալյան(2008), Հռիփսիմե Խուրշուդյան (2007), սեղանի թենիս`Էլմիրա Անտոնյան (1976),  Նարինե Անտոնյան` (1980, 1984),   Անիտա Զախարյան` (1980, 1984), շախմատ` Էլինա Դանիելյան (2003), Լիլիթ Մկրտչյան (2003), Նելլի Աղինյան`(2003), սամբո` Գոհար Գեւորգյան` (1999),  վոլեյբոլ` Նինա Մուրադյանը` (1977):

Բոլոր այս կանայք հայկական սպորտի մեծ նվիրյալներն են: Նրանց մի մասը դաստիարակում է նոր սերունդ, ոմանք  բնակություն են հաստատել օվկիանոսից այն կողմ, ոմանք ուղղակի  դարձել են տնային տնտեսուհիներ, իսկ մի քանիսն էլ, ցավոք, հեռացել են կյանքից:

NEWS.am Sport-ը շնորհավորում է բոլոր հայ մարզուհիներին մարտի 8-ի կապակցությամբ` մաղթելով երջանկություն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով