11:41  +04,  4 փետրվարի, 2013

Գագիկ Ծառուկյանի անվան ամենամյա մրցաշարն նվիրված կլինի Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում փետրվարի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի  բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի  հոգեհանգստյան արարողությունը:

Խնկարկման արարողությանը ներկա էին  նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզական կառույցների ղեկավարներ, բնագավառի վետերաններ:

Արարողությունից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ  ՀԱՕԿ-ի փոխնախագահ, բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի գործկոմի անդամ  Դերենիկ Գաբրիելյանը.  

«Բարեկամներ, հայտնի է, որ Երեւանում անցկացվում է  ՀԱՕԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանի  անվան մրցանակների միջազգային  ավանդական խաղարկությունը բռնցքամարտից: Պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ հայտարարում եմ, որ հետայսու մարզական այդ խոշոր մրցաշարը  նվիրվելու է  Օլիմպիական  խաղերի, ԽՍՀՄ եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին: Այդ միջոցառումը կլինի ավանդական  եւ այն կհովանավորի Գագիկ Ծառուկյանը»,- հայտարարել է Դերենիկ Գաբրիելյանը, փոխանցում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

 Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելեսում 80 տարեկանում մահացել է Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Լեգենդար բռնցքամարտիկը ծնվել էր 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում: 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի եւ վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ