20:54  ,  1 փետրվարի, 2013

Սպորտի նախարարն ու 10 Հ/Կ-ներ քննարկել են հաշմանդամային սպորտի վիճակը Հայաստանում

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ, Հայաստանում հաշմանդամային սպորտի հեռանկարներին նվիրված քննարկմանը մասնակցել են ոլորտը ներկայացնող 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին նախարարը կոչ է արել բոլորին լինել առավելագույնս անկեղծ եւ առաջ քաշել կոնկրետ առաջարկություններ հասարակության այդ խոցելի շերտի ներկայացուցիչների ներգրավվածությունը սպորտում ավելի նպատակային եւ արդյունավետ դարձնելու համար: 

«Լավագույն մարզական արդյունքներ հնարավոր կլինի գրանցել միայն համատեղ եւ համակարգված աշխատելու դեպքում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, արդեն Կառավարություն է ներկայացվել Հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017թթ ծրագիրը, որտեղ ներառված են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ եւ տրված են դրանց լուծման ուղիները:

«Մենք ակնկալում ենք ձեր՝ որպես հաշմանդամ մարզիկների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ունենալ ակտիվ մասնակցություն այդ ծրագրի իրականացման գործընթացում»,- նշել է Հ. Ռոստոմյանը:

Նրա խոսքերով, կարեւորը սպորտի մասսայականացումն է, եւ որքան հնարավոր է մեծ թվով հաշմանդամների մասնակցությունը սպորտային միջոցառումներում: «Եթե պետք լինի կարելի է նախաձեռնել եւ անցկացնել մրցաշարեր նոր մարզաձեւերից՝ նարդի, շախմատ եւ այլն: Անհրաժեշտ է այնպես անել, որ հաշմանդամ մարզիկները հնարավորություն ունենան ավելի հաճախ շփվեն միմյանց հետ: Ավելի կարեւոր է նրանց ինտեգրումը հասարակությանը, քան մարզական նվաճումները եւ մեդալները»,- շեշտել է Հ. Ռոստոմյանը: 

Քննարկման ներկաները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպման համար, եւ նշել, որ նմանատիպ միջոցառում առաջին անգամ է կազմակրեպվում հենց ոլորտի ղեկավարի կողմից: 

Նրանք հույս են հայտնել, որ պետական աջակցության շնորհիվ հնարավոր կլինի լուծել ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ:

Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին սերտ համագործակցել հաշմանդամային սպորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, հավաքագրել նրանց բոլոր առաջարկությունները եւ հաջորդ շաբաթվա ընթացքում կազմակերպել նոր հանդիպում այդ առաջարկությունները քննարկելու եւ միջոցառումների ծրագիրը կազմելու համար, հայտնում է Սպորտի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում