17:32  +04,  25 հունվարի, 2013

Ռոբերտ Էմմիյան. Մի օր կվերադառնամ հայրենիք, որովհետեւ առանց Հայաստանի ինձ համար շատ դժվար է

«Կարող եմ ընտանիքիս հետ տեղափոխվել Հայաստան, բայց ավելի շատ կարեւորություն եմ տալիս դրսի իմ կապերին, աշխատանքին, քանի որ այդ աշխատանքի շնորհիվ եւ իմ կապերն օգտագործելով՝ ես հեռվից ավելի շատ եմ նպաստում Հայաստանում աթլետիկայի զարգացմանը, օգնում մեր հավաքականին, մարզիկներին ուղարկում ուսումնամարզական հավաքների արտերկիր»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, որը բնակվում է Ֆրանսիայում:

Պարոն Էմմիյան, արդեն երկար տարիներ է բնակվում եք Ֆրանսիայում: Իրականում՝ ո՞րն էր Հայաստանից Ձեր հեռանալու պատճառը:

20 տարի է բացակայում եմ Հայաստանից, բայց չեմ ուզում այստեղ չբնակվելս հաստատեմ որպես բացակայություն հայրենիքից, քանի որ ես մինչ օրս Հայաստանի քաղաքացի եմ։

Երբ 1987-ին գրանցեցի ռեկորդ՝ 8 մ 86 սմ, իմ առջեւ մեծ դռներ բացվեցին։ Այդ ընթացքում ես սերտ կապերի մեջ էի դրսում ապրող հայերի հետ։ Բազմաթիվ առաջարկներ ստացա իմ ռեկորդից հետո, սակայն դրանց մեծ կարեւորություն չտվեցի։ Մեկ տարի անց, երբ տեղի ունեցավ երկրաշարժը, այդ ժամանակ ընտանիքով ապրում էինք Գյումրիում, կորցրեցի հորս։ Մեր պայմաններն այնքան սուղ էին, որ երեք տարի ստիպված ապրեցինք հյուրանոցներում։ Հորս կորցնելու պատճառով ընտանիքիս ամբողջ հոգսն ընկել էր իմ ուսերին, եւ ես պետք է ապրուստի միջոց գտնեի ընտանիքիս համար։ Այդ օրերին  Ֆրանսիայից առաջարկ ստացա, ըստ որի պետք է ստորագրեի պայմանագիր ֆրանսիական ակումբի հետ՝ առանց ազգությունս փոխելու։ Ես համաձայնությունս տվեցի եւ տեղափոխվեցի Ֆրանսիա։ Ես գնացի Ֆրանսիա՝ սոցիալական սուղ պայմաններից ելնելով։

Իսկ Հայաստանում որեւէ առաջարկ չեղա՞վ  Ձեզ։

Ոչ։ Հայաստանում դրությունը ծանր էր։ Ես դրանից չեմ նեղանում, որ ինձ հեշտությամբ բաց թողեցին, եւ ես օտար երկրում կեցություն գտա։ Ես պետք է շարունակեի զբաղվել հեռացատկով, իսկ Հայաստանում արդեն հնարավոր չէր։ Մարդկանց ուրիշ հոգսեր էին հուզում։ Ֆրանսիայի առաջարկը միակ ելքն էր, որ ես կկարողանայի շարունակել զբաղվել իմ մարզաձեւով։ Իմ առջեւ այդ պայմանագիրը բացեց բոլոր դռները։ 2000 թվականին աշխատանքի հրավեր ստացա Քաթարից՝ որպես այդ երկրի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ պաշտոնում ես աշխատեցի չորս տարի ։ Ընտանիքով տեղափոխվեցի Քաթար եւ 9 տարի ապրեցի ու աշխատեցի Քաթարում։ Իմ աշակերտը դարձավ Ջամայկայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Դա ինձ համար մեծ պատիվ էր: Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հետո ես Քաթարի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականն էի: Երբ Քաթարում ավարտվեցին պայմանագրերը, ես մեկ օր անց վերադարձա Ֆրանսիա եւ նույն օրը Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայից նամակ ստացա՝ ֆեդերացիայի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկով: Նամակում ինձ խնդրել էին, որպեսզի անմիջապես հաջորդ օրվանից անցնեմ աշխատանքի:

Սա ինձ համար իսկապես լուրջ ձեռքբերում է։ Կցանկանայի, որ նման ուշադրության եւ հարգանքի արժանանայի նաեւ Հայաստանում։ Հույս ունեմ, ու մի օր էլ այստեղ նման ոգեւորությամբ կընդունեն եւ նույնիսկ մեկ օր չեն թողնի առանց աշխատանքի:

Իսկ վիրավորական չէ՞ր, որ այստեղ որեւէ աշխատանք չառաջարկվեց:

Չեմ վիրավորվել, բայց չափից ավելի վատ զգացի, որ ստիպված էի հեռանալ: Այսինքն՝ իմ ինքնազգացողությունը կապված էր միայն Հայաստանից հեռանալու հետ, այլ ոչ թե այն պատճառով, որ ինձ աշխատանք չեն առաջարկում եւ թույլ են տալիս հեռանամ:

Մինչ օրս ինքս իմ մեջ որեւէ վիրավորանք չեմ պահել Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության նկատմամբ։ Ես Հայաստանից հեռու եմ ապրում, բայց հային վայել կյանքով եմ ապրում եւ ամենակարեւորը՝ հայեցի:

Ունեմ երկու դուստր, կինս էլ՝ ֆրանսիահայ է: Ընտանիքումս հայկական արմատները, ամեն հայկական ավանդույթ պահպանվել է, ընկերներս հայեր են, տանը խոսում ենք հայերեն: Կնոջս հանդիպել եմ Ֆրանսիայում, մրցումներից մեկի ժամանակ: Նա պարուհի է: Աավագ աղջիկս կնոջս հետքերով է գնացել՝ եւս պարուհի է, իսկ կրտսեր աղջիկս ընտրեց սպորտը՝ աթլետիկան: Նա արդեն շատ լավ հաջողություններ է գրանցում հեռացատկում, չնայած դեռ բավական երիտասարդ է: Հույս ունեմ, որ մի օր նա կհամալրի աթլետիկայի Հայաստանի հավաքականի կազմը:

Հայաստանում վերաբնակվելու ծրագրեր չկա՞ն:

Դա իմ երազանքն է, որ մի օր ես ապրեմ իմ հայրենիքում՝ ընտանիքիս հետ: Բայց դա գերնպատակ չեմ դարձրել: Կարող եմ ընտանիքիս հետ տեղափոխվել այստեղ ապրել, բայց ավելի շատ կարեւորություն եմ տալիս դրսի իմ կապերին, աշխատանքին, քանի որ այդ աշխատանքի շնորհիվ եւ իմ կապերն օգտագործելով՝ ես հեռվից ավելի շատ եմ նպաստում Հայաստանում աթլետիկայի զարգացմանը, օգնում մեր հավաքականին, մարզիկներին ուղարկում ուսումնամարզական հավաքների արտերկիր, քան եթե լինեի Հայաստանից:

Մի օր կվերադառնամ հայրենիք, որովհետեւ առանց Հայաստանի ինձ համար շատ դժվար է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ