17:56  +04,  24 հունվարի, 2013

ՀԱՖ նախագահ Ռոբերտ Էմմիյան. Միջազգային ֆեդերացիան սպասում է Հայաստանի նախագահի գրավոր համաձայնությանը

«Միջազգային ստանդարտներին համապատասխանող 800 հազար դոլարանոց աթլետիկական վազքուղիների ծածկույթը Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան Հայաստանի համար պատրաստ է պատվիրել 350 հազար դոլարով, որից 160 հազարը վճարում է միջազգային ֆեդերացիան։ Մնում է միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնության մասին գրավոր պատասխանը։ Անհրաժեշտ է 190 հազար դոլար: Մեկ ամսում մենք կունենանք հրաշալի վազքուղի «Հրազդան» ստադիոնում»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, որը բնակվում է Ֆրանսիայում, բայց արդեն երկու ամիս է գտնվում է հայրենիքում։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Էմմիյանի լավագույն արդյունը` 8,86 մետր, 1987 թվականից մնում է Եվրոպայի չգերազանցված ռեկորդ եւ չորրորդ արդյունքը պատմության մեջ:

Պարոն Էմմիյան, ի՞նչ առիթով եք Հայաստանում եւ ի՞նչպես է ստացվել, որ առաջին անգամ այսքան երկար ժամանակ գտնվում եք հայրենիքում։ 

Ես ինձ միշտ զգում եմ ինչպես Հայաստանում։ Ֆրանսիայում ես ապրում եմ այնպես, ասես Հայաստանում եմ՝ հայկական մթնոլորտում, հայկական մտածելակերպով։ Այս անգամ մի փոքր երկարեց Հայաստանում գտնվելս, քանի որ շատ կարեւոր եւ պատասխանատու ծրագիր են նախապատրաստում հայկական աթլետիկայի զարգացման համար։

Վերջին տարիներին, ինչ ես ֆեդերացիայի նախագահ եմ, միջազգային կառույցների ուշադրությունը դեպի մեր ֆեդերացիան եւ մեր մարզիկները մեծացել է: Հոյակապ կապերի մեջ ենք միջազգային ֆեդերացիայի եւ Եվրոպական ասոցիացիայի հետ: Նրանք Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային մեծ ուշադրություն են դարձնում։ Իմ կապերի, ընկերների միջոցով ամեն ինչ արվում է, որպեսզի մեր աթլետները պարբերաբար մասնակցեն մրցաշարերի, բարելավեն իրենց արդյունքները, միջազգային մրցումների մասնակցեն, ուսումնամարզական հավաքների մեկնեն:

Մեկ ավելի ուրախալի լուր հայտնեմ. անցյալ տարի մեր ֆեդերացիան մտավ Բալկանյան ասոցիացիայի կազմի մեջ: Դա իսկապես մեծ նվաճում էր ֆեդերացիայի համար, քանի որ չպատկանելով բալկանյան պետությունների շարքին, մենք այնուամենայնիվ տեղ գտանք նրանց ընտանիքում: Այս տարվա օրացուցային պլանով արդեն գրեթե 39 միջազգային մրցումներ ունենք մասնակցելու:

Այս ամենը իմ ընկերական հարաբերությունների, ջերմ վերաբերմունքի եւ հարգանքի շնորհիվ է։ Այս սերտ կապերի շնորհիվ Միջազգային ֆեդերացիան մեզ օգնում է՝ Հայաստանի համար անհրաժեշտ աթլետիկական պայմանների, այսինքն՝ աթլետիկական վազքուղիների ծածկույթ ձեռք բերելու հարցում, ինչի պակասն այս մարզաձեւում մեր երկրում իսկապես կա։ 

Պարոն Էմմիյան, դրսում ձեր ակտիվ գործունեությունը կարո՞ղ է նպաստել հենց Հայաստանում աթլետիկայի զարգացմանը, կա՞ Հայաստանում միջազգային մրցաշար անցկացնելու ծրագիր:

Դրսի հետ իմ ունեցած լծակներն իսկապես կարող են նպաստել Հայաստանի ներսում աթլետիկայի զարգացմանը, եթե սպորտային ղեկավարները դա ցանկանան։ Հայաստանում աթլետիկայի զարգացմանը խոչընդոտում է մի բան՝ պայմանների, ավելի կոնկրետ աթլետիկական ռետինե ծածկույթների բացակայությունը։ Մենք չունենք միջազգային ստանդարտներին համապատասխանող ստադիոններ ռետինե ծածկույթներով: Իմ երազանքն է, որ Հայաստանն ունենա միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ, որպեսզի մեր ծրագրերը այլեւս կապված չլինեն միայն դրսի հետ: Մենք ունենք հրաշալի ստադիոններ, բայց աթլետիկայի համար դրանք պիտանի չեն։ Մեր ստադիոնների վազքուղիները ասֆալտապատ են։ Իսկ երբ խոտածածկույթը շրջանցող ասֆալտը փոխարինվի ռետինե ծածկույթով` գծագրված վազքուղիներով, ցատկերի համար նախատեսված ուղիներով,  շատ ավելի գեղեցիկ կլինի մեր մարզադաշտը եւ բացի այդ կնպաստի Հայաստանում աթլետիկայի զարգացմանը:

Դա մեզ հնարավորություն կտա արդեն միջոցառումներ, մրցաշարեր կազմակերպել Հայաստանում, միջազգային մրցաշարեր անցկացնել:

Իսկ ի՞նչ է հարկավոր այդ ծածկույթը ձեռք բերելու համար։

Միջազգային ֆեդերացիայի հետ կա արդեն համաձայնություն Հայաստանում նման ռետինե ծածկույթ պատրաստելու համար: Վերջերս ինձ եւ միջազգային ֆեդերացիայի անդամներին ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրան ներկայացրեցի ծրագիրը, եւ նա բանավոր տվեց իր համաձայնությունը։ Իրականում, մեկ մարզադաշտում վաղքուղի պատրաստելը համարժեք է 800 հազարից մինչեւ 1 մլն դոլարի: Սակայն Միջազգային ֆեդերացիան ինձ հետ համաձայնեցրել է Հայաստանի համար այդ վազքուղին պատրաստել ընդամենը 350 հազար դոլարով, որից 160 հազարը վճարում է միջազգային ֆեդերացիան: Այսինքն` Հայաստանին այդ վազքուղին կարժենա 190 հազար դոլար: Ես այժմ անում եմ ամեն ինչ, որպեսզի այս տարի անպայման այդ վազքուղին մենք ունենանք: Արդեն հանդիպում եմ ունեցել նաեւ սպորտային ղեկավարների հետ, ինչպես նաեւ «Հրազդան» մարզադաշտի տնօրեն  Աշոտ Աղաբաբյանի հետ: ՀՀ նախագահին ներկայացնելով վազքուղու ծրագիրը, ստացել եմ նրանից բանավոր համաձայնություն, սակայն հարկավոր է նրա գրավոր համաձայնությունը եւ այժմ րոպե առ րոպե սպասում եմ պատասխանին, որպեսզի ներկայացնեմ միջազգային ֆեդերացիային: Միջազգային ֆեդերացիան եւս սպասում է մեր երկրի նախագահի գրավոր պատասխանին, որը ստանալուն պես անմիջապես կսկսի գործընթացը։ Մեկ ամսում մենք կունենանք հրաշալի վազքուղի «Հրազդան» ստադիոնում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով