09:27  +04,  27 դեկտեմբերի, 2012

Վարդան Մինասյանի ամանորյա անկեղծացումը

«Շատ ուրախալի էր Հենրիխ Մխիթարյանի առաջընթացը: Արաս Օզբիլիսը նույնպես, կարելի է ասել, գտավ իր խաղը եւ դառնում է հավաքականի առաջատարներից մեկը: Շատ ուրախացրեց նաեւ Կամո Հովհաննիսյանի առաջընթացը: Մանավանդ նա այն դիրքի ֆուտբոլիստ է, որ մեզ շատ է անհրաժեշտ: Ամենակարեւորն այն է, որ չնայած շատ դժվարությունների, թիմը մնում է միասնական»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն ամփոփեց 2012 թվականը։

Ինչպիսի՞ն էր 2012 թվականը Ձեզ համար թե անձնական, թե աշխատանքային կյանքում:

Այս տարի ինձ համար ամեն ինչ շատ լավ էր: Ամենակարեւորն այն է, որ իմ բոլոր հարազատներն առողջ են: Այդ առումով դրական էր: Իսկ աշխատանքային առումով ասեմ, որ սպասելիքները չարդարացվեցին, չնայած բազմիցս նշել եմ, որ դրա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները կային: Հաշվի առնելով նախորդ երկու տարիների արդյունքները` սպասելիքներն ավելի մեծ էին:

Տարվա սկզբին հավաքականը հաջողության գագաթնակետին էր: Հայտնվել էինք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 41-րդ հորիզոնականում: Ո՞րն էր հիմնական պատճառը, որ չկարողացանք պահել այդ մակարդակը:

Չեմ կարծում, որ դա գագաթնակետն էր, ավելի մեծ հաջողություններ դեռ  կունենանք: Կոնկրետ պատճառ չկա. կային վնասվածքներ, որակազրկումներ, մեր դեմ թիմերն ավելի լուրջ են պատրաստվում։ Մենք չպետք է ոչ մեկի մեղադրենք, այլ ինքներս մեզնից  պիտի պահանջենք, ամեն ինչ մեզնից է կախված:

Ո՞րն էր այս տարվա հայտնությունը՝ ըստ Ձեզ, լինի դա խաղաոճ, իրադարձություն կամ ֆուտբոլիստ:

Ինձ միշտ շատ հետաքրքիր է եղել Իտալիայի հավաքականը: Այս տարի մենք մեկնել էինք Եվրոպայի առաջնությանը եւ նրանց մասնակցությամբ երեք խաղ դիտել: Ինձ համար դա շատ հետաքրքիր էր, քանի որ նրանց միշտ բոլորից առանձնացրել եմ: Ինձ համար Իտալիայի հավաքականը տակտիկապես ամենաճկուն թիմերից մեկն է: Հետաքրքիր էր նրանց դեմ խաղալը զուտ տակտիկական առումով: Բացասական առումով կառանձնացնեմ Բուլղարիայի հետ Հայաստանի հավաքականի խաղը:

Շատ ուրախալի էր Հենրիխ Մխիթարյանի առաջընթացը: Արաս Օզբիլիսը նույնպես, կարելի է ասել, գտավ իր խաղը եւ դառնում է հավաքականի առաջատարներից մեկը: Շատ ուրախացրեց նաեւ Կամո Հովհաննիսյանի առաջընթացը: Մանավանդ նա այն դիրքի ֆուտբոլիստ է, որ մեզ շատ է անհրաժեշտ: Ամենակարեւորն այն է, որ չնայած շատ դժվարությունների, թիմը մնում է միասնական:

Բազմիցս հնչել է, որ հավաքականի նպատակը աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը չէ, այլ ապագայի թիմ կառուցելը: Ո՞րն է Ձեր առաջնային նպատակը 2013-ին:

Մեր խմբում ընդգրկված բոլոր թիմերը բացի Մալթայից ձգտում են հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Դրա համար մենք պետք է ամեն խաղին դուրս գանք հաղթելու ցանկությամբ: Իսկ մինչեւ հաջորդ պաշտոնական խաղը մենք ունենք երեք ընկերական հանդիպում: Երկու թիմերի անունները պարզ են: Շուտով պարզ կդառնա նաեւ երրորդի անունը: Հույս ունեմ, որ հաջորդ տարին ավելի հաջող կդասավորվի մեզ համար: Ես միշտ ասում եմ, որ լավ ֆուտբոլ խաղալը դեռ չի ապահովում արդյունք: Խաղից բացի կան նաեւ այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել արդյունքի վրա: Այդ առումով այս տարին այդքան էլ հաջող չէր մեզ համար: Համենայն դեպս, ամեն ինչ մեզնից է կախված:

Առաջին խաղը փետրվարի 5-ին անցկացնելու ենք Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ: Շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչո՞ւ հենց Լյուքսեմբուրգը: Չէ՞ր կարելի ավելի ուժեղ թիմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել:

Փորձեմ բացատրել: Լյուքսեմբուրգից բացի, մարտին խաղալու ենք նաեւ Թուրքմենստանի հավաքականի հետ: Ինչո՞ւ հենց նրանց: Այդ խաղն ընկնում է Չեխիայի հետ կարեւոր խաղից չորս օր առաջ: Եվ պարզ է, որ ցանկալի չէր լինի խաղալ ուժեղ թիմի հետ: Ինչ վերաբերում է Լյուքսեմբուրգին, այդ խաղը տեղի է ունենալու փետրվարի 5-ին եւ խաղալու ենք փորձնական կազմով, փորձարկելու ենք նորեկներին: Հաջորդ օրը մենք նույնպես խաղ ենք ունենալու եւ խաղալու ենք մեր հիմնական կազմով: Այս պահին դեռ հայտնի չէ մրցակիցը, բայց ֆեդերացիան ակտիվ աշխատանքներ է կատարում: Իմ առաջին պահանջը, որ այդ թիմն իր վարկանիշով եւ ուժով չզիջի, անգամ գերազանցի Չեխիային:

Իսկ կարո՞ղ եք ասել փետրվարի 6-ին կայանալիք խաղի հնարավոր մրցակիցներին:

Մի քանի թիմ կա, որոնց  հետ բանակցություններ ենք վարում: Կան ուժեղ աֆրիկյան թիմեր: Ընտրություն կա ասիական, եվրոպական եւ անգամ Հարավային Ամերիկայի հավաքականների մեջ: Կփորձենք մինչեւ Ամանոր ավարտել այդ հարցը: Եթե ոչ, ապա հունվարին պարզ կլինի:

Իսկ Գեւգեւոզյանից, Մարկոսովից եւ Խաչատուրովից բացի, ուրիշ ովքե՞ր կմիանան հավաքականին փետրվարի խաղերին:

Չի բացառվում, որ Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների փորձարկենք: Կան նաեւ  դրսում խաղացող ֆուտբոլիստներ, որոնց մենք հետեւում ենք: Բայց եկեք դեռ անուններ չտանք եւ սպասենք:

Նոյեմբերին ասացիք, որ հավաքական են հրավիրվելու Գեւգեւոզյանն ու Մարկոսովը: Մոտ 20 օր առաջ երկուսի հետ էլ փոքրիկ զրույց ունեցա: Մաուրոն ասաց, որ իրեն դեռ չեն դիմել, իսկ Մարկոսովն ասաց, որ եղել է միայն հեռախոսազանգ եւ ոչ մի պաշտոնական առաջարկ:

Ասեմ, թե նման դեպքերում ինչպես է գործում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Քանի որ մենք արդեն ունենք դառը փորձ, երբ հրավիրել ենք ֆուտբոլիստների եւ մերժում ստացել: Այդ երկու ֆուտբոլիստի հետ ֆեդերացիայի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել, եւ նրանք տվել են իրենց համաձայնությունը: Երեւի դա եղել է Ձեր զանգից հետո: Հաջորդ քայլը կլինի նրանց պաշտոնական հրավեր ուղարկելը ընկերական խաղերից առաջ:

Հունվարը արձակուրդային ամիս է: Կհասցնե՞ք: Ինչու եմ ասում: Քանի որ Ռուսաստանի Առաջին լիգայում կա լեգեոնականների քանակի սահմանափակում: Խաղալով Հայաստանի հավաքականում` Մարկոսովը իր թիմում կդառնա լեգեոներ: Չկրկնվի Դենիս Թումասյանի պատմությունը:

Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստից: Ես միշտ օրինակ եմ բերում Սարկիսովի դեպքը: Մենք նրան հրավեր ուղարկեցինք, եւ նա անմիջապես ընդունեց այն: Նրա վարկանիշը բարձրացավ հավաքականում խաղալով, եւ այժմ նա խաղում է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Եթե Մարկոսովը մեզ տվել է դրական պատասխան, ուրեմն ամեն բան ծանրութեթեւ արել է եւ գիտի, որ նա կդառնա լեգեոնական: Ես դիտել եմ Մարկոսովի խաղերը, եւ ինձ վրա նա լավ տպավորություն է թողել: Ինչպես նաեւ Մաուրո Գեւգեւոզյանի բոլոր խաղերը: Միակ խնդիրն այն է, որ նրանք հայերեն չեն խոսում: Իսկ Մաուրոն անգամ անգլերեն չգիտի: Բոլոր նորեկներն էլ դեռ պետք է ապացուցեն, որ կարող են օգնել հավաքականին:

Ունե՞ք սկզբունքներ, որոնք ոչ մի դեպքում չեք խախտի։

Ունեմ սկզբունքներ, բայց ոչ այն ժամանակ, երբ հարցր վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին: Ես միշտ ասում եմ, որ հավաքականում պետք է խաղան հայրենասեր, ուժեղ տղաներ: Եվ ինչի՞ համար ընկնել ավելորդ սկզբունքների հետեւից: Սա իմ անձնական հավաքականը չէ: Այս պարագայում սկզբունքները տեղ չունեն:

Այսինքն ցանկացած ֆուտբոլիստ կարող է մի օր ընդգրկվել հավաքականում: Օրինակ՝ Մելիքսեթյանի մասին ասվել էր, որ նա այլեւս երբեք չի խաղա հավաքականում:

Ես այդպիսի բան ասե՞լ եմ: Խաղո՞ւմ է արդյոք այսօր Մելիքսեթյանը: Որքան գիտեմ, նա այս պահին վնասվածք ունի եւ չի խաղում: Ես միշտ ասել եմ, որ ցանկացած ուժեղ ֆուտբոլիստ, ով կհամապատասխանի իմ երեք պահանջներին, կհրավիրվի հավաքական: Ինձ համար առաջնայինը հավաքականի արդյունքն է եւ թիմում տիրող մթնոլորտը:

Իսկ փետրվարի խաղերին ո՞ր դարպասապահներին եք հրավիրելու:

Եթե երկու խաղ անցկացնենք, կհրավիրենք չորս դարպասապահի: Ընդհանուր առմամբ 28 ֆուտբոլիստ կմասնակցի: Երեք հիմնական դարպասապահներին գիտեք: Նրանց հավանաբար կմիանա Արսեն Բեգլարյանը:

Համեմատելով նախորդ տարիների հետ, կարելի է ասել, որ այսօր Հայաստանում մարզական լրագրությունը քանակական առումով ծաղկում է ապրում: Եթե ժամանակին գործում էին միայն երկու թերթեր, ապա այսօր բազմաթիվ կայքեր, հաղորդումներ, թերթեր կան: Ձեզ գոհացնո՞ւմ է մարզական մամուլի մակարդակը:

Ճիշտ եք ասում, քանակը շատացել է, բայց…: Օրինակ՝ ես շատ եմ ցանկանում, որ մամուլի ասուլիսներին այնպիսի հարցեր տան, որոնք մարզիչներին կստիպեն մտածել: Լինեն տակտիկական, սխեմաներին վերաբերող հետաքրքիր հարցեր, ոչ թե հարցեր, թե ինչու այս կամ այն ֆուտբոլիստը չի հրավիրվում հավաքական: Կան լրագրողներ, ովքեր ինձ միշտ միայն այդ հարցն են ուղղում: Հիմականում ստանդարտ, միանման հարցեր են: Կան մի քանի լրագրողներ, որոնց հարցերը միշտ շատ հետաքրքիր են:

Դուք բա՞ց եք մամուլի հետ շփվելու հարցում:

Եթե հարցը վերաբերում է մարզական հարցերին, ես միշտ բաց եմ պատասխանելու համար: Իհարկե, պետք է պահպանել կանոնակարգը` դիմել ֆեդերացիայի մամլո ծառայություն: Իսկ այլ բաները` հեռուստատեսություն, ամսագրեր, իմը չեն, ինձ չեն հետաքրքրում:

Կա՞ այնպիսի մարզիչ, ում ոճը Ձեզ համար օրինակելի է:

Ես ոչ մեկի չեմ նմանակել: Իմ ոճը կարելի է ասել, ստացվել է ինքն իրեն:  Ես 2003-ից աշխատել եմ մի քանի մարզիչների հետ, բոլորից էլ ինչ-որ բան վերցրել եմ: Շատ բան սովորել եմ Սամվել Դարբինյանից եւ Յան Պորտերֆիլդից:  Նրանց մարզական եւ մարդկային մոտեցումները ինձ համար շատ հոգեհարազատ են:

Եթե զրոյից թիմ կառուցեիք, ֆուտբոլային ո՞ր ուղղությունը կնախընտրեիք:

Հավաքականում ինչ-որ տեղ դա դժվար է, քանի որ ֆուտբոլիստների քանակը սահմանափակ է: Ակումբում ավելի հեշտ է ասել նախագահին, որ ինձ պետք է այս կամ այն ֆուտբոլիստը, ով համապատասխանում է քո ֆուտբոլային փիլիսոփայությանը: Այն խաղաոճը, որը ցուցադրում է այսօր  մեր հավաքականը, ինձ հոգեհարազատ է:

Եթե հնարավորություն լիներ մի որոշ ժամանակ աշխատել  հայտնի մարզիչներից մեկի հետ, ո՞ւմ կնախընտրեիք:

Այժմ կա այդպիսի հնարավորություն, մենք մասնակցում ենք ՊՐՈ լիցենզավորմանը, փետրվարին մեկնելու ենք Իտալիայի Ա սերիայի երկու թիմերի մարզումների պրոցեսները դիտելու: Բայց դա իմ ընտրությամբ չէ: Իսկ եթե ես ընտրեի, ապա միշտ ասել եմ, որ կցանկանայի տեսնել, թե ինչպես է աշխատում Արսեն Վենգերը: Մենք մեկ անգամ դիմել էինք «Բարսելոնային», որպեսզի ես մեկնեի այնտեղ: Այն ժամանակ ինչ-որ խնդիրներ էին առաջացել, եւ ինձ առաջարկեցին հետեւել նրանց դպրոցին: Բայց ես ցանկանում էի հետեւել առաջին թիմին: Կցանկանայի լինել հենց այդ երկու թիմերում՝ «Բարսելոնա» եւ «Արսենալ»։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

Ավելի լավ է լինել ուժեղ թիմի երկրորդ մարզի՞չ, թե՞ ավելի ցածրակարգ թիմի գլխավոր մարզիչ:

Սկզբնական ժամանակաշրջանում ամենակարեւորն է աշխատել ուժեղ մարզչի կողքին եւ նրանից շատ բան սովորել: Ես ճանաչում եմ շատ մարզիչների, ովքեր ցանկություն չունեն աշխատել որպես գլխավոր մարզիչ: Կարիերայի սկզբում ավելի լավ է աշխատել  ոչ այդքան մեծ ամբիցիաներ ունեցող թիմում, որտեղ կարելի կլինի սխալվել:

2009-ին, երբ Դուք գլխավորեցիք Հայաստանի ազգային հավաքականը, մեղմ ասած հավաքականն այդքան էլ լավ օրեր չէր ապրում: Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականից կրած պարտությունից հետո ստադիոնը անգամ վանկարկում էր «Մինասյան, հեռացիր»: Հոգեբանորեն ինչպե՞ս հաղթահարեցիք այդ դժվար պահը եւ ինչպե՞ս ուժ գտաք դիմակայել այդ ամենին:

Դա շատ տհաճ պահ էր: Մարդկային առումով մեծ ճնշում էր ինձ վրա: Չգիտեմ ինչպես դա ստացվեց, բայց ես ինձ շատ հանգիստ պահեցի: Պատճառը երեւի այն էր, որ գիտակցում էի`  ցանկացած մարզիչ կարող է հայտնվել այդ իրավիճակում: Դա մեր աշխատանքի մի մասն է կազմում: Ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Հիմա ավելի հանգիստ եմ նայում այդ ամենին:

Իսկ ինչպե՞ս վերաբերվեցիք երկրպագուների  դժգոհության այդ ալիքին:

Դա բնական էր: Մարդիկ ցանկանում են, որ իրենց սիրած թիմը հաղթի: Բացի այդ, թիմն այն ժամանակ ցուցադրում էր անատամ խաղ, շուտ հանձնվում էր: Բաց էր թողնում մեկ գոլ եւ թեւաթափ լինում: Փառք Աստծո, այժմ այդպիսի բան չկա: Նույնիսկ այն խաղերում, որտեղ մենք պարտվել ենք, մինչեւ վերջ պայքարել ենք: Պայքարող մարդը միշտ կհասնի հաջողության:

Շատ հաճախ, երբ թիմը հասնում է հաջողությունների եւ այնտեղ առանձնանում են մի քանի ուժեղ ֆուտբոլիստներ, թիմում սկսվում են տարաձայնություններ մարզչի եւ նրանց միջեւ: Հիշում ենք ժամանակին Ռայկարդը կանգնեց նման խնդրի առջեւ` Ռոնալդինյոյի ու Էտո՝Օ-ի հետ: Վան Գալին մեղադրում են Ռիվալդոյի կարիերան կործանելու մեջ: Այժմ էլ «Ռեալում» ամեն ինչ հարթ չէ: Վերջերս մեր հավաքականում էլ էին առաջացել նման խոսակցություններ, հատկապես Յուրա Մովսիսյանի եւ Վերհեենի միջադեպը: Կարո՞ղ եք Դուք պատժել ֆուտբոլիստին եւ չխաղացնել նրան՝ իմանալով, որ դրանից թիմի խաղը կտուժի:

«Բարսելոնայում» նրանք ավելի շատ արժեւորում են ֆուտբոլիստի մարդկային որակները նրա խաղային որակներից: Նույն Ձեր թվարկած անուններին ավելացնեմ Իբրահիմովիչինը: Որքան էլ նրանք ուժեղ ֆուտբոլիստներ էին, «Բարսելոնան» ազատվեց նրանցից: Ինչ վերաբերում է մեր հավաքականին, Փառք Աստծո, այսքան ժամանակ, ես չեմ հանդիպել այդպիսի երեւույթի, որ ֆուտբոլիստն իր անձնական ամբիցիաները վեր դասի թիմայինից: Եթե այդպիսի բան պատահի, սկզբից ես կտրուկ գործողությունների չեմ գնա: Կարելի է խոսել, փորձել հասնել կոմպրոմիսի: Իսկ եթե գործը մտնում է փակուղի, ապա հավաքականի շահը պետք է վեր դասել: Ամենից կարեւորը թիմում տիրող մթնոլորտն է:

Ի՞նչն է նպաստում հավաքականում լավ ընկերական մթոլորտ ձեւավորելուն:

Տղաներից շատերը միասին խաղացել են դեռ մանկուց: Նրանցից շատերը համախմբված են մեկ գաղափարի շուրջ: Կարեւորը, որ թիմում ֆուտբոլիստն իրեն անկաշկանդ զգա: Այդ դեպքում նա կարող է դրսեւորել իր ողջ պոտենցիալը:

Վերջերս դարձյալ ստանձնեցիք նաեւ «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը: Առաջիկա մրցաշրջանում Ձեր առջեւ դրված նպատակները:

Մեր երկու ֆուտբոլիստներ ձմռանը կգնան: Կամո Հովհաննիսյանն արդեն հունվարին կմեկնի «Ալանիա», Դավիթ Մանոյանը վնասվածքն է բուժում, բայց դրանից հետո նա կլքի մեզ: Մեր գլխավոր նպատակը ուժեղ թիմ կառուցելն է, այլ ոչ թե մրցաշարային աղյուսակում ինչ-որ տեղ գրավելը: Մեր ֆուտբոլիստները պետք է պատրաստվեն 17, 19, 21 տարեկանների հավաքականների համար: Նոր ֆուտբոլիստներ էլ ենք պատրաստվում ձեռք բերել: Այժմ բանակցությունների մեջ ենք: Մեր փիլիսոփայությունն է` աշխատել միայն հայ ֆուտբոլիստների հետ: Կապ չունի՝ տեղի ակումբների, թե դրսից հրավիրված:

Մարզիչը պետք է ֆուտբոլիստների հետ ընկերակա՞ն լինի, թե՞ ավելի խիստ, կարգադրողի դերում:

Ընկերական լինել չի կարող, քանի որ մարզիչ եւ ֆուտբոլիստ հարաբերություններ են: Ես նախընտրում եմ խոսելու, բացատրելու տարբերակը: Գտնում եմ, որ ցանկացած կոնֆլիկտային դրվագում պետք է նայել նաեւ դիմացի կողմից: Ամեն մեկին անհատական վերաբերմունք է անհրաժեշտ, քանի որ նրանք բոլորը միանման չեն, բոլորն էլ անհատականություններ են:

Շատ մարզիչներ խաղերից առաջ արգելում են ֆուտբոլիստներին տեսնել իրենց կանանց, օգտվել սոցիալական կայքերից: Կա՞ն բաներ, որ արգելում եք Ձեր ֆուտբոլիստներին:

Մեզ մոտ մի քանի տարի առաջ շատ վատ էր դրված մամուլի հետ շփման հարցը: Այն ժամանակ ցանկացած ամսագրի լրագրող կարող էր զանգահարել մեր ֆուտբոլիստներին եւ հարցազրույց անել: Ես կարծում եմ, դա սխալ է: Գոյություն ունի ՀՖՖ մամուլի ծառայություն: Այս պահին դա ինչ-որ չափով կարգավորվել է:

Ասում են` անփոխարինելի մարդ չկա: Մեր հավաքականում կա՞ այնպիսի ֆուտբոլիստ, ով իսկապես անփոխարինելի է:

Ամեն մեկն իր տեղում անփոխարինելի է: Այն, ինչ կատարվում է հիմա հավաքականում`կապված վնասվածքների հետ, մի քիչ չափից շատ է: Հենակետային գոտում խնդիրներ ունեինք, այժմ Դավիթը եւ Մասիսը վնասվածք ստացան:

Բայց անուններ չե՞ք տա:

Դուք ցանկանում եք, որ ես Հենրիխի, Կառլենի, Բերեզովսկու անուննե՞րը տամ (ծիծաղում է):

Սնահավա՞տ եք:

Ոչ, ես աստվածահավատ մարդ եմ: Իհարկե, դու պետք է անես առավելագույնը, որպեսզի հետո ոչ ոքի չմեղադրես:

Մարդիկ բաժանվում են երկու խմբի: Մի մասն ասում է, մարդն է իր երջանկության կերտողն է, մյուսները` որ ամեն բան կանխորոշված է:

Պետք է հավասարակշռություն պահել այս երկու գաղափարների միջեւ: Դու պետք է անես հնարավոր ամեն բան, բայց կա նաեւ բախտի գործոնը: Մանավանդ ֆուտբոլում ամեն բան կախված չէ քեզնից, սա թիմային աշխատանք է: Ինձ հաճախ հարցնում են, ինչի մասին եմ ես երազում: Ես վաղուց չեմ երազում: Անիմաստ է երազել, պետք է աշխատել, չարչարվել, եթե ստացվի, ուրեմն դա էր քոնը:

Սիրո՞ւմ եք Ամանորը:

Այո, բայց իմ ամենասիրելի տոնը Զատիկն է` Հիսուս Քրիստոսի հարության տոնը:

Ձեր ընտանիքում կա՞ն ամանորյա հատուկ ավանդույթներ:

Ոչ, նշում ենք բոլորի պես: Իրար նվերներ ենք տալիս: Մեկ ցանկություն կա, որ միշտ Նոր տարին նշեմ ընտանիքիս հետ:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ