00:18  ,  26 մարտի, 2012

Հաղթաբեր անձրեւ «Ֆերրարիի» համար

«Ֆերրարիի» մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Միխայիլ Շումախերից հետո երկրորդն է, որ երրորդ անգամ հաղթում է Մալայզիայի Գրան Պրիում: Այսօր նա լավագույնն էր միջին հնարավորությունների F2012 բոլիդով: «Ֆերրարիի» նախագահ Լուկա դե Մոնտեձիմելոն «համբուրում» է մալազիական փոքրիկ քաղաքի՝ Սեպանգի երկինքը, որտեղ տարվա ոչ մի եղանակին աղավնիներ չեք տեսնի:

Ինչպե՞ս Սեպանգի շաբաթ օրվա որակավորման մրցումներում մի կերպ 9-րդ տեղը գրաված Ֆերնանդո Ալոնսոն հաղթեց կիրակնօրյա ավտովազքը: «Աջակցության» առյուծի բաժինը եղանակային պայմաններինն էր, Սեպանգն անձրեւում էր: Ավտովազքը բոլիդներն սկսեցին առանց լուրջ փորձությունների: Առաջին գիծն զբաղեցրել էր «Մաքլարենն» ամբողջ կազմով: Սեպանգում Լյուիս Հեմիլթոնը նվաճել էր իր 5-ամյա կարիերայի առաջին պոուլը, ընդհանուր հաշվով՝ 21-րդը: Հենց առաջին շրջադարձին «Լոտուսի» նորաբնակ, Ֆրանսիացի Ռոմեն Գրոժանը բախվեց «Մերսեդեսցի» Միխայիլ Շումախերի մեքենային, որը մեկնարկել էր երրորդ տեղից՝ նրա լավագույն արդյունքը նոր թիմում: Սակայն նրա մեկնարկն այնքան էլ հաջող չէր, ուշ արձագանքեց մեկնարկային ազդանշանին: Հայտնվեց Գրոժանի դիմաց եւ նրա բոլիդից ստացավ հարված: Երկուսն էլ տեղում պտտվեցին եւ իրենցից առաջ բաց թողեցին դյուժին բոլիդների, ներառյալ՝ Ֆերնանդո Ալոնսոյինը: Շումախերը մղվեց 13-րդ տեղը, իսկ Գրոժանը արդեն ուժեղացած անձրեւի պայմաններում 3-րդ շրջապտույտն ավարտելով դուրս եկավ մրցուղուց եւ խրվեց խիճերի մեջ: Նման դեպքերում, եթե բոլիդն ինքնուրույն չի կարողանում վերադառնալ մրցուղի, ստյուարդներին՝ անվտանգության պատասխանատուներին եւ մրցուղու օգնականներին արգելվում է բոլիդին օգնել վերադառնալ:  

Բոլոր բոլիդները մեկնարկել էին միջանկյալ անվադողերով, որոնք նախատեսված են ոչ ուժեղ անձրեւային եղանակի համար: 4-րդ շրջապտույտի ժամանակ բոլիդների մեծ մասը պիտ կանգառ ուղեւորվեցին միջանկյալ ակերը անձրեւայինով փոխելու համար: Զարմանալիորեն ճիշտ կողմնորոշվեց 10-րդ տեղից մեկնարկած «Զաուբերի»  մեքսիկացի մրցարշավորդ Սերխիո Պերեսը, որն առաջինը պիտ կանգառ մտավ: Միայն այն ժամանակ, երբ արդեն անկառավարելի եղանակային պայմանների «պարտադրանքով» ակերը փոխելու համար պիտ կանգառ ուղեւորվեցին մյուս բոլիդները, Պերեսը հայտնվեց 3-րդ տեղում: Եվ դա նրա տրիումֆի միայն սկիզբն էր: Ահա այդ ժամանակ Ֆորմուլա 1-ի Անվտանգության գլխավոր պատասխանատու, ի պաշտոնե՝ ԱՄՖ-ի (Ավտոմոբիլային Միջազգային Ֆեդերացիայի) տեխնիկական տնօրեն Չարլի Ուայտինգը կարմիր դրոշի ազդանշան տվեց: Այսինքն, կանգնեցրեց ավտովազքը: 50 րոպե մրցուղու վրա ոչինչ տեղի չէր ունենում, բոլորն սպասում էին եղանակային պայմանների բարելավմանը:

Ըստ կանոնակարգի, ավտովազքը կարող է տեւել 4 ժամ: Եթե այն կանգնեցվել է, ասենք, սկսելուց կես ժամ հետո, եւ բոլիդներն անցել են նախատեսված 56 շրջապտույտներից 9-ը, 3,5 ժամ հետո այն համարվում է ավարտված, եթե նույնիսկ այդ ընթացքում ավտովազքը չի վերականգնվում: Այդ ժամանակ առաջինից 10-րդ տեղը գրաված մրցարշավորդները եւ բոլիդներն ստանում են նախատեսված միավորների կեսը: Ասենք, առաջին տեղը գրաված մրցարշավորդը եւ նրա բոլիդը վաստակում են 25-ական միավոր, սակայն Սեպանգի դեպքում կանոնակարգով սահմանված 56-շրջապտույտից 43-ը չհաղթահարելու դեպքում նրանց տրվում է 17,5 միավոր: Սեպանգի ամպամած երկինքը ավտովազքը կանգնեցնելուց 50 րոպե հետո արդեն չէր անձրեւում: Ավտովազքը վերականգնվեց:

Մրցուղին տանելի էր միջանկյալ ակերի համար եւ մի քանի պտույտից հետո բոլիդներն, ներառյալ առաջին երկրորդ տեղերում գտնվող «Մաքլարեն»-իստներն ուղեւորվեցին պիտ կանգառ: Սերխիո Պերեսը դարձավ առաջատար: Սակայն ավելի ուշ պիտ կանգառ մտնելու պատճառով ստիպված եղավ առաջատարի տեղը զիջել «Ֆերրարիի» մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյին, որը մինչ այդ արդեն պիտ կանգառում «վազանցել» էր մեկնարկային առաջատար Լյուիս Հեմիլթոնին, քանի որ վերջինս նախատեսվածից երկար մնաց այնտեղ: Իսկ Բատոնին նա վազանցեց հենց մրցուղու վրա: Պերեսը պիտ կանգառից հետո վերադարձավ պատվավոր երկրորդ տեղ: Նրան կանգնեցնելն այլեւս հնարավոր չէր: Պտույտ պտույտի վրա նա ցուցադրում էր լավագույն արդյունքներ: Թիկունքից ոչ ոք նրան չէր սպառնում: Առաջատարին հասնելու համար շատ բան պետք չէր: Պերեսի բոլիդի ակերն ավելի խնամքով էին սանրում մրցուղին, քան՝ Ալոնսոյինը: Եվ երբ 39--րդ շրջանին Ալոնսոն մտավ պիտ կանգառ չոր եղանակի համար նախատեսված փափուկ ակերի ետեւից, Պերեսը նրանից հետ էր մնում 0,6 վայրկյան: Սակայն հաջորդ իսկ շրջանին պիտ կանգառից վերադարձած մեքսիկացի մրցարշավորդին սպասվում էր 7 վայրկյան Ալոնսոյին հասնելու համար: Այդ 7 վայրկյանից միայն 5-ը Պերեսը չեզոքացրեց մնացած 16 շրջանում: Ալոնսոն հաղթեց եւ 35 միավորով դարձավ մրցաշարի առաջատար: 30 միավորով նրան հաջորդում է Լուիս Համիլտոնը, որը 3-րդը տեսավ վանդականախշ դրոշը:

Առջեւում Չինաստանի Գրան Պրին է, որտեղ անցյալ տարի հաղթել է Լյուիս Հեմիլթոնը: Շանհայի մրցուղու «բնավորությունը» շատ բան ասելու առիթ չի տալիս: Մրցուղու խորամանկությունը շրջադարձերն են, քանի որ տարբեր բոլիդներ մրցուղու տարբեր հատվածների վրա են կառուցում իրենց մարտավարությունը: Ոմանք Շանհայի երկար-ուղիղ հատվածն են կարեւորում` շեշտը դնելով այն արագ հաղթահարելու վրա, մյուսները կարեւորում են շրջադարձերի հետ աշխատանքը արագության վրա «խաղադրույք» չանելու հաշվին: Շանհայը արագության մրցուղի է, թեպետ արագությանը չխանգարող  շրջադարձերն այստեղ երկուսն են, մնացածը «ձգձգող շրջադարձերի» համբավ ունեն: Այս տարի իր տեխնիկական փիլիսոփայությամբ Շանհայի մրցուղուն առավել պատրաստ են «Մաքլարենը» եւ «Մերսեդեսը»:

Մհեր Արշակյան

Ֆորմուլա-1. Մալայզիայի Մեծ մրցանակ

1. Ֆերնանդո Ալոնսո (Ֆերարի) - 56 շրջան
2. Սերխիո Պերես (Զաուբեր) +2,2
3. Լյուիս Հեմիլթոն (Մաքլարեն) +14,5
4. Մարկ Ուեբեր (Ռեդ Բուլ) +17,6
5. Քիմի Ռայկոնեն (Լոտուս) +29,4
6. Բրունո Սենա (Ուիլյամս) +37,6
7. Պոլ դի Ռեստա (Ֆորս Ինդիա) +44,4
8. Ժան Էրիկ Վերն (Տորո Ռոսո) +46,9
9. Նիկո Հյուլկենբերգ (Ֆորս Ինդիա) +47,8
10. Միխայել Շումախեր (Մերսեդես) +49,9
11. Սեվաստիան Ֆետել (Ռեդ Բուլ) +75,5
12. Դանիելա Ռիկարդո (Տորո Ռոսո) +76,8
13. Նիկո Ռոսբերգ (Մերսեդես) +78,5
14. Ջենսոն Բատոն (Մաքլարեն) +79,7
15. Ֆելիպե Մասա (Ֆերարի) +97,3
16. Վիտալի Պետրով (Կատերհեմ) +1 շրջան
17. Տիմո Գլոկ (Մարուսյա) +1 շրջան
18. Հեյկի Կովալայնեն (Կատերհեմ) +1 շրջան
19. Պաստոր Մալդոնադո (Ուիլյամս) +2 շրջան
20. Շարլ Պիկ (Մարուսյան) +2 շրջան
21. Նարային Կարտիկեան (HRT) +2 շրջան
22. Պեդրո դե լա Ռոսա (HRT) +2 շրջան

Դուրս մնացին

Կամուի Կոբայասի (Զաուբեր)
Ռոմեն Գրոժան (Լոտուս)

Անհատական առաջնություն

Ալոնսո – 35 միավոր

Հեմիլթոն -30

Բատոն - 25

Թիմային առաջնություն

Մաքլարեն – Մերսեդես – 55

Ռեդ Բուլ – 42

Ֆերարի - 35

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս