Հայ մարզիկներն իրենց նվաճումներով Օլիմպիական խաղերը իսկական տոն դարձրին բոլորիս համար: Շատ ուրախ եւ հպարտ եմ մեր տղաներով, նրանց նվաճումներով: Ինձ ուրախացրեց նաեւ Երվանդ Մկրտչյանն իր լավ արդյունքով եւ Հայաստանի ռեկորդով: Լիահույս եմ, որ հաջորդ Օլիմպիական խաղերում նա արդեն ավելի բարձր արդյունքների համար կպայքարի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։
Եվրոպայի ռեկորդակրի գլխավորած Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում միայն մեկ ներկայացուցիչ ուներ: Վազորդ Երվանդ Մկրտչյանը իր առաջին Օլիմպիական խաղերում մասնակցեց 800 մետր վազք մրցատարածությունում եւ գրանցեց Հայաստանի ռեկորդ:
«Ուրախ եմ, որ մեր առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանն առաջին անգամ մասնակցեց Օլիմպիական խաղերին: Մենք այստեղ շատ լավ ընդունելության արժանացանք: Ֆրանսիայի հայ համայնքը ոչ միայն Երվանդ Մկրտչյանին, այլ նաեւ բոլոր հայ մարզիկներին շատ ջերմ ընդունելության արժանացրեց:
Շնորհավորում եմ Հայաստանի օլիմպիական հավաքականին այս լավ մրցելույթների եւ բարձր արդյունքների համար: 15 մասնակից ունեցանք, որոնցից միայն երեքն էին սպիտակ քարտով, 12-ը նվաճած ուղեգրերով: 4 մեդալ ունեցանք նաեւ Գոռ Մինասյանի բրոնզե մեդալը, ճիշտ է նա Բահրեյնն է ներկայացնում, բայց անչափ ուրախ եմ նաեւ նրա նվաճման համար: Շնորհավորում եմ հայ ազգին այսպիսի մարզիկներ ունենալու համար: Բոլորս սպասում էինք Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալին: Նա իսկապես արժանի էր օլիմպիական չեմպիոնի տիտղոսի: Բոլորս շատ տխրեցինք այս առումով, բայց այժմ հարցը քննարկվում է եւ բողոքարկման փուլում է:
Ինչ վերաբերում է Երվանդ Մկրտչյանի մրցելույթին, ինձ գոհացնում է նրա արդյունքը: Նա ավելի ուժեղ է 1500 մետր վազքում, բայց այստեղ մասնակցեց 800 մետր վազքում եւ մեծ փորձ, վստահություն ձեռք բերեց նաեւ 800 մետրում: Հայաստանի ռեկորդ սահմանեց: Իր առաջին Օլիմպիական խաղերում նա երկու մրցելույթ ունեցավ եւ երկու անգամ բարելավեց իր ցուցանիշը՝ սահմանելով նոր ռեկորդ: Նախորդ ռեկորդը 800 մետրում 1:50.06 վայրկյան էր, Երվանդ Մկրտչյանը գրանցեց 1:49.91 վայրկյան: 35 մասնակցի մեջ 28-րդն է: Սա լավ արդյունք է մեզ համար:
Նա իսկապես մեծ փորձ ձեռք բերեց: Այստեղ մեծ էր լարվածությունը, պատասխանատվությունը: Վազքի մրցաշարին տրիբունաներից հետեւում էր 75 հազար երկրպագու: Սա ուրախալի է եւ հպարտության արժանի, որ աթլետիկային հետեւում էր այդքան մեծ թվով հանդիսատես: Որպես «սպորտի թագուհի» զգացվեց այդ շունչը այդքան հանդիսատեսի ներկայությամբ: Սա մեծ փորձ էր նաեւ Երվանդի համար, որ այս ամենին ականատես եղավ:
Ափսոսում եմ, որ հնարավորություն չունեցանք ավելի շատ մասնակիցներով հանդես գալ Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարին: Ինչպես արդեն ասել էի ավելի վաղ, միջազգային ֆեդերացիան կրճատել էր աթլետների մասնակցությունը բոլոր մրցաձեւերում:
Երվանդ Մկրտչյանն իրեն շատ լավ դրսեւորեց այստեղ պրոֆեսիոնալ մոտեցումով, իր լավագույն արդյունքն անելու ձգտումով եւ մարդկանի տեսակով:
Կփորձենք այս Օլիմպիական խաղերում ձեռք բերած մեծ փորձը օգտագործել, արդյունքներն ավելացնել եւ պայքարել Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը:
15 մասնակցից բաղկացած Հայաստանի Օլիմպիական հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճեց 4 մեդալ՝ երեք արծաթ եւ մեկ բրոնզ: Արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:
Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզից կվերադառնա օգոստոսի 12-ին:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում