19:46  ,  23 նոյեմբերի, 2012

Արմեն Նազարյան. Հաճելի է, որ օտար ժողովուրդը քեզ սիրում է եւ վստահում իր ազգային հավաքականը

Հաճելի է, որ օտար ժողովուրդը քեզ սիրում է, ճանաչում որպես օլիմպիական չեմպիոն եւ քեզ վստահում իր ազգային հավաքականը ու ամենակարեւորը՝ հավատում, որ դու օլիմպիական չեմպիոններ «կտաս»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրկնակի օլիմպիական, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը, որը նշանակվել է հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Նշանակումից հետո Արմեն Նազարյանն առաջին հարցազրույցն է տվել NEWS.am Sport-ին։

Պարոն Նազարյան NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ հունահռմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալու կապակցությամբ։

Շնորհակալություն։ Սա մեծ պատիվ է ինձ համար։ Գուցե շատերը չպատկերացնեն, թե դա ինչ երջանկություն է, երբ օտար երկրի փողոցներում քայլում ես, քեզ ճանաչում են որպես օլիմպիական չեմպիոն, մոտենում են, ինքնագիր են խնդրում, լուսանկարվում են քեզ հետ եւ հույս հայտնում, որ իրենց ազգային հավաքականի անդամներին կդարձնես քեզ պես՝ օլիմպիական չեմպիոն։

Իսկ ինչպե՞ս ստացվեց, ո՞ւմ առաջարկով նշանակվեցիք գլխավոր մարզիչ։

Ես Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը գլխավորելու առաջարկ ստացել էի վաղուց։ Եվ ես սկզբից էլ տվել էի իմ համաձայնությունը։ Լոնդոն-2012-ում Բուլղարիայի հավաքականը լավ արդյունքներ չցուցաբերեց եւ արդեն ավելի հստակ առաջարկ ստացա գլխավորել ազգային հավաքականը։ Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիան եւ Բուլղարիայի սպորտի նախարարության առաջարկով ես նշանակվեցի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրանք նաեւ առաջարկեցին, որպեսզի ես ընտրեմ ինձ երկու օգնանականի։ Ես տվեցի իմ համաձայնությունը եւ ընտրեցի Վալենտին Ռոնչեւին ու Սերաֆիմ Բարզակովին։ Ինձ մեծ շուքով դիմավորեցին հավաքականի տղաները եւ ասացին՝ երազում էին, որ ես լինեի իրենց հետ, մարզեի իրենց։ Բոլոր տղաներին ես ճանաչում եմ, իրենց հետ մարզվել եմ։ Ամենակարեւորն այն է, որ նրանք ինձ հավատում են, վստահում են, ես էլ իմ հերթին մեծ հույսեր ունեմ նրանց հետ կապված։

Այդ պաշտոնում դուք փոխարինեցիք Բրատան Ցենովին, ով Բուլղարիայի հավաքականում չորս տարի աշխատելուց հետո նոյեմբերի 21-ին հրաժարական տվեց: Ո՞րն էր հրաժարականի պատճառը։  Եվ ի՞նչ ժառանգություն է նա Ձեզ թողել այս մարզաձեւում։

Նրա հրաժարականի պատճառը Օլիմպիական խաղերի տապալումն էր։ Նա չգոհացրեց ֆեդերացիայի նախագահին եւ սպորտի նախարարությանը։ Բուլղարիան ինձանից հետո օլիմպիական չեմպիոն մինչեւ այսօր չի ունեցել։ Ես 2000 թվականին եմ եղել օլիմպիական չեմպիոն եւ այդ ժամանակից օլիմպիական չեմպիոն այս մարզաձեւում Բուլղարիան չի ունեցել։ Որոշումը նախարարությանն էր, որ ես այսուհետեւ զբաղվեմ հավաքականի տղաների մարզումներով։

Բրատան Ցենովի հետ ես աշխատել եմ։  14 տարի Բուլղարիայում ես այս ոլորտում եմ։ Երբ Բրատան Ցենովը հրաժարական տվեց, նա հայտարարեց, որ Արմեն Նազարյանը կարող է լավ արդյունք տալ եւ մեր տղաներին մեծ հաջողությունների հասցնել։

Արդեն երկար ժամանակ է բնակվոմ եւ աշխատում եք Բուլղարիայում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելն ի՞նչ է Ձեզ համար։

Մեծ պատասխանատվություն։ Բուլղարիայի հավաքականում կա անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, անցյալ տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն եւ Պեկին 2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Սա լուրջ թիմ է, եւ իմ աշխատանքը բավական լուրջ է եւ կրկնակի բարդ՝ թե ֆիզիկական աշխատանքն է մեծ, թե հոգեբանորեն յուրաքանչյուրին հաղթանակին նախապատրաստելը։ Ես փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ բոլորի հույսերը։ Պետք է այս թիմը մեծ արդյունքներ գրանցի իմ եւ իմ օգնականների աշխատանքի շնորհիվ։ Մենք արդեն կազմել ենք մեր ծրագիրը, որով պետք է առաջնորդվենք։ Այս թիմի միակ խնդիրն այն է, որ բուլղարացի տղաները վստահություն չունեն, վախ ունեն։ Այդ թերությունները ընթացքում ես կկարգավորեմ։

Դուք նաեւ անկախ Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոնն եք։ Իսկ ի՞նչ է Ձեզ համար նշանակում օտար երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ լինելը։

Ես շատ հպարտ եմ, որ Բուլղարիայում հայի անունը այսքան հարազատ է օտար ժողովրդի մեջ։ Հպարտ եմ, որ օտար ժողովորդը քեզ գնահատում է, քեզ վստահում է իր հավաքականը եւ հավատում, որ դու քո փորձով եւ պրոֆեսիոնալիզմով թիմի անդամներին կդարձնես օլիմպիական չեմպիոններ։ Իմ նպատակն այն է, որ Բուլղարիան ունենա օլիմպիական չեմպիոններ եւ այս նպատակով էլ ես կաշխատեմ։  

Իսկ չէի՞ք ցանկանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ լինել։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը լավ արդյունք է տալիս նախկին տարիների համեմատ։ Լեւոն Ջուլֆալակյանն օլիմպիական չեմպիոն է, նա ամեն ինչ անում է, որ հասնի այդ լավ արդյունքին։ Մարզչական պատասխանատվությունը լուրջ հարց է, դրա համար այս մասին չեմ խոսի։ Մարզիչից ոչ ոք գոհ չի մնում։ Կյանքը ցույց կտա։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս