22:00  ,  6 օգոստոսի, 2024

«Նոայի» կամային հաղթանակն ԱԵԿ-ի նկատմամբ, դարպասապահ Չանչարեւիչի գոլը (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» Աբովյան քաղաքում ընդունեց Աթենքի ԱԵԿ-ին եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ԱԵԿ-ի 26-ամյա հարձակվող Լեւի Գարսիան, որը ներկայացնում է Տրինիդադ եւ Տոբագոն։

34-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Նոայի» 28-ամյա ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը։

67-րդ րոպեին պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը, որն օգտվեց ուժեղ համընթաց քամուց եւ սեփական տուգանային հրապարակից ուժեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Ավելացված 8-րդ րոպեին երեւանյան թիմի երրորդ գոլը խփեց 29-ամյա պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն։

Պատասխան հանդիպումը Հունաստանում տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Այս զույգի հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կմրցի «Ռուժոմբերոկ» (Սլովակիա) - «Հայդուկ» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով