22:04  ,  22 հունիսի, 2024

Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ17 չեմպիոն

Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Երկամարտում Մովսիսյանը հավաքեց 301 կգ (140+161): Արժանացավ նաեւ առանձին վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ նվաճելով այս քաշային կարգի երեք ոսկե մեդալները:

Աղջիկների հավաքականից Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նարե Առաքելյանը +81 կգ քաշային երկամարտի 166 կգ արդյունքով 5-րդն է (76+90):

Ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորած պատանեկան հավաքականը Մ17 Եվրոպայի առաջնությունում նվաճել է 2 ոսկե, 5 բրոնզե մեդալներ:

Պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաեւ 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը։ Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքել է 234 (107+127) եւ նվաճել երեք ոսկե մեդալները:

Տղաների հավաքականից երկամարտի բրոնզե մեդալակիրներ են դարձել Նարեկ Գրիգորյանը, Վոլոդյա Սարգսյանը եւ Աշոտ Գասպարյանը: 

67 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը երկամարտում գրանցել է  264 կգ արդյունք (119+145) կգ։  55 կգ քաշային Վոլոդյա Սարգսյանի երակամարտի արդյունքը 217 կգ է (95+122)։

81 կգ քաշային Աշոտ Գասպարյանը երկամարտում հավաքել է  288 կգ (129+159): 

Աղջիկների հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել Քրիստինե Բաբայանը (40 կգ)  եւ Մերի Միսակյանը (64 կգ):

Հայաստանի հավաքականի կազմում կպայքարեն նաեւ Գրիգոր Ղազարյանը (96 կգ) եւ Հարություն Հովհաննիսյանը (102 կգ):

Առաջնությունը կավարտնի հունիսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս