10:50  ,  30 մայիսի, 2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզումները (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 16-30-ը Ծաղկաձորի մարզաբազայում ուսումնամարզական հավաք է անցնկացրել Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Հավաքին մասնակցում էին նաեւ Փարիզ-2024-ի ուղեգրեր նվաճած Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը եւ Մալխաս Ամոյանը: Ծաղկաձորի հավաքով Հայաստանի թիմը սկսում է Փարիզի Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը:

NEWS.am Sport-ի թղթակիցը ներկա է եղել մարզումային օրերից մեկին:

Ծաղկաձորյան հավաքի վերջին մարզումային օրը Հայաստանի հավաքականին այցելել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտում առաջին հայ օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում 1976 թվականի Մոնրեալի Օլիմպիական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն Սուրեն Նալբանդյանը: Օլիմպիական չեմպիոնը հետեւեց Հայաստանի թիմի մարզմանը, ապա Արթուր Ալեքսանյանին իր եւ մի շարք այլ օլիմպիական չեմպիոնների մասին պատմող բրոշյուր նվիրեց:

Ծաղկաձորի հավաքից հետո Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը  կմասնակցի Բենուր Փաշայանի անվան միջազգային մրցաշարին, որը տեղի է ունենալու մայիսի 31-ից հունիսի 1-ը Երեւանի «Դինամ» մարզադահլիճում: Միջազգային մրցաշարին չեն մասնակցի միայն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը: Մալխաս Ամոյանի (77 կգ ) եւ Սլավիկ Գալստյանի (67 կգ) համար Բենուր Փաշայանի անվան միջազգային մրցաշարը Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլերից մեկն է:

Հայաստանի երեք օլիմպիականներն էլ ուղեգրերը նվաճել են 2023 թվականի աշխարհի առաջնությունում:

 Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, որի ուղեգիրը նվաճել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը, աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գլաստյանը կմասնակցեն իրենց առաջին Օլիմպիական խաղերին:

 Մալխաս Ամոյանը 2023 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալով է նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիրը: 

Սլավիկ Գալստյանն օլիմպիական ուղեգիրը նվաճել է աշխարհի առաջնությունում լավագույն երրորդ տեղի, օլիմպիական ուղեգրի համար գոտեմարտում:

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում