18:08  ,  28 մայիսի, 2024

Անչելոտի․ Լունինն էլ, Կուրտուան էլ արժանի են խաղալ ՉԼ-ի եզրափակիչում

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում դարպասապահի ընտրությունը կկատարի հանդիպման օրը։

«Լունինն էլ, Կուրտուան էլ արժանի են խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Լունինը հրաշալի է խաղում, բայց նաեւ բոլորս գիտենք, թե ինչ վարպետություն ունի Կուրտուան։ Կարծում եմ՝ որոշումը կընդունեմ հանդիպումից առաջ։

Լունինը գերազանց մրցաշրջան է անցկացնում։ Նա ջերմություն ուներ, բայց մինչեւ շաբաթ օրը կվերականգնվի։ Իսկ Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է։

Այս շաբաթ շատ գործ չունեմ, կշարունակեմ լսել վեճերը, թե նրանցից ով պետք է խաղա եզրափակիչում։ Հետաքրքիր են այդ քննարկումները։ Եթե հիմա ասեմ, թե ով է մասնակցելու՝ վեճերը կդադարեն»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ «Ռեալի» մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում