21:31  ,  17 մայիսի, 2024

«Ուրարտուն» առաջարկում է իր ստադիոնում անցկացնել «Փյունիկ» - «Նոա» հանդիպումը

Երեւանի «Ուրարտուն» առաջարկել է իր ստադիոնում անցկացնել Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրի «Փյունիկ» - «Նոա» հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 21-ին (երեքշաբթի) 17:00-ին Երեւանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։

Ավելի վաղ «Նոան» հորդորել էր փոխել հանդիպմանը մրցավայրն ու ժամը։

 «Հաշվի առնելով «Նոա» ՖԱ-ի հայտարարությունը, մայիսի 21-ին «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 35-րդ տուրի «Փյունիկ» և «Նոա» ֆուտբոլային ակումբների միջև կայանալիք հանդիպման հնարավոր տեղափոխման վերաբերյալ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն անվճար առաջարկում է իր ստադիոնը դիտարկել որպես հանդիպման անցկացման ավելի հարմար վայր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է դիտարկել այս հարցը և ֆուտբոլը մասսայականացնելու, ինչպես նաև ավելի շատ երկրպագուների և ֆուտբոլասերների համար մրցաշրջանի վճռորոշ հանդիպումը դիտելու հնարավորություն ընձեռելու համար այն տեղափոխել ավելի հարմար վայր։

Նշենք, որ մեր մարզադաշտը տեղավորում է 4825 երկրպագու, և նրա դիրքը գտնվում է երկու թիմերի համար բարենպաստ և մատչելի վայրում»,- նշվում է «Ուրարտուի» հաղորդագրությունում։

«Փյունիկը» եւս արձագանքել էր «Նոայի» առաջարկին․

««Նոա» ՖԱ-ի գրառմանն ի պատասխան՝

Համաձայն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման 2023-2024 մրցաշրջանի կանոնակարգի 11․04-րդ կետի՝ առաջնությունների հաստատված խաղացանկում փոփոխություն կատարելու նպատակով տվյալ խաղի մասնակից ակումբը պետք է տվյալ խաղից նվազագույնը 7 օր առաջ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի քննարկմանը գրավոր ներկայացնի փոփոխության հստակ պատճառները և հիմքերը։ Խաղացանկը ներառում է ոչ միայն խաղի անցկացման ժամանակացույցը, այլ նաև վայրը։

Հաշվի առնելով վերը նշվածը և այն հանգամանքը, որ վերը նշված վերջնաժամկետը լրացել է և հանդիպմանը մնացել է 4 օր, «Փյունիկ» ՖԱ-ն գտնում է, որ տվյալ հարցը դուրս է իր իրավասությունից, ի նկատի առնելով, որ լրացել է իր կողմից նման հարցով դիմելու ժամկետը։

Հարգանքով՝ «Փյունիկ» ՖԱ»»,- նշվում է «Փյունիկի» հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս